Բերնար Վերբեր
Բերնար Վերբեր ֆր.՝ Bernard Werber | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1961[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Թուլուզ |
Մասնագիտություն | լրագրող, գրող, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և կինոռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | École supérieure de journalisme de Paris? |
Ժանրեր | արձակ |
Պարգևներ | |
Կայք | bernardwerber.com |
Բերնար Վերբեր Վիքիքաղվածքում | |
Bernard Werber Վիքիպահեստում |
Բերնար Վերբեր (ֆր.՝ Bernard Werber, սեպտեմբերի 18, 1961[1][2][3], Թուլուզ), գիտաֆանտաստիկ ժանրի ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա։ Գրական գործունեությունն սկսել է 1990-ականներից։
Առաջին քայլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները հրեա են։ Մանկությունը խաղաղ է անցել, արդեն 5 տարեկանում Վերբերը հետաքրքրվում էր նկարչությամբ։ Այս փաստը նկատել էր նրա ուսուցիչներից մեկը, որը տղայի շնորհը տեսնելով, թույլ էր տալիս նկարել դասի ժամանակ, երբ մնացած աշակերտներն ուսանում էին։
Յոթ տարեկանում Վերբերը գրեց իր առաջին ստեղծագործությունը՝ ազատ թեմայով մի շարադրություն՝ «Լվի արկածները»։ Այստեղ առաջին դեմքով հեղինակը պատմում է լվի ճանապարհորդությունը մարդու մարմնի վրայով։ Հենց այս ժամանակ ապագա գրողը դպրոցում ցուցադրում էր ոչ լավ արդյունքներ, բացի ֆրանսիական գրականության դասից։ Նա դժվարանում էր հիշել թվեր, բանաձևեր և անգիր տեքստեր։ Այս խնդիրները շարունակում են առկա լինել գրողի մոտ, որոնք էլ հենց «պատճառ» դարձան Վերբերի՝ «Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան» ստեղծագործության արարմանը, որտեղ գիտական փաստերը բախվում և միախառնվում են մտացածինի հետ, ֆիզիկան մետաֆիզիկայի հետ, մաթեմատիկան՝ միստիկայի և այլն։
Ութ տարեկանում Վերբերը գրում է իր երկրորդ պատմվածքը՝ «Կախարդական դղյակը», որն ունի գաղտնիք. կուլ է տալիս իր այցելուներին։ Երիտասարդ գրողը իր համար նոր ժանր է ստեղծում, ինքնուրույն զարգացնում է հետաքրքիր սյուժե։ Տղան մոր դրդմամբ զուգահեռ սովորում է դաշնամուր նվագել, սակայն հետաքրքրված էր էլեկտրական կիթառով։ Վերբերը շարունակում է գրել, իր համար նոր սահմաններ բացել, իսկ դպրոցում արդյունքները շարունակում են վատանալ։ Դպրոցից դուրս Վերբերը ուսումնասիրում էր այն, ինչ նրան իրականում հետաքրքրում էր. էլեկտրոնիկա, ինքնաթիռի մոդելներ, Մայաների ցեղի քաղաքակրթությունը և Զատկի կղզին։ Գրողը տարված էր աստղագիտությամբ, մասնավորապես արեգակնային բծերի պարբերական ճառագայթմամբ։ Շատ էր կարդում, սիրելի ստեղծագործությունը Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր Կղզին» է։
Կյանք և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարժարանում սովորելու տարիներին Վերբերը միանում է վարժարանի «Բերկրանք» թերթի խմբագրմանը, գրում է կոմիքսների սցենարներ։ 1978-ին, վարժարանն ավարտելուց հետո, սկսում է գրել իր «Մրջյունները»։ Գրքի սկզբնաղբյուրը հանդիսացավ հերթական 7 էջանոց սցենարը (խմբագիր՝ Ֆաբրիցիո Կոժե), գրողը որոշեց այն ընդլայնել և ստեղծել ծավալուն վեպ։ Այս պահից սկսած Վերբերն իր համար օրվա «ծրագիր» մշակեց. ամեն օր առավոտյան 4 ժամ աշխատանք (8։ 00-ից 12։ 00), ինչ էլ որ լինի, անգամ արձակուրդին։ Օրվա այս ծրագիրը լավ գաղափար էր, մանավանդ, երբ երիտասարդն ընդունվեց Թուլուզի համալսարան, որտեղ նա պլանավորել էր իրավագիտություն սովորել։ Սկզբնական շրջանում գրողը այստեղ էլ խնդիրներ ունեցավ, որի արդյունքը քննության ձախողումն էր։
Վերբերը շարունակում էր զբաղվել «Բերկրանքի» խմբագրմամբ։ Սկսում է զարգացնել իր ստեղծագործությունների կառուցվածքը, որը բառի բուն իմաստով էր կառուցվածք՝ բաղկացած էր գծագրերից, դրանց լրացնող և միացնող թվերից և սլաքներից։
1980-ին գրողը մասնակցում է դասընթացի Թուլուզի Կրիմինոլոգիայի ինստիտուտում, հաճախ այցելում է տեղական դատավարությունների, դատական նիստերի, որպեսզի թեմաներ գտներ իր դետեկտիվ պատմությունների համար։
Երկրորդ անգամ առաջին կուրսում սովորելիս միացավ թատերախմբի, որտեղ սակայն այդպես էլ ոչինչ չբեմադրվեց։ Նույն տարում ընկերոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ զբոսաշրջելու, սակայն ճանապարհորդությունը վերածվում է իսկական աղետի. խաղատանը պարտվում են մեծ չափի գումար, և տղաները այս 2 ամիսն անցկացնում են ընդամենը 2000 ֆրանկով։
1982-ին Բերնար Վերբերը թողնում է ուսումը և տեղափոխվում Փարիզ, և սկսում է լրագրությամբ զբաղվել Լրագրության բարձրագույն դպրոցում։ Բացահայտում է Ֆիլիպ Դիկին, ով մեկ կրակոցով փոխում է նրա գրականագիտական պատկերացումները։
Մյուս միակ հեղինակը, որ այդ ժամանակաշրջանում գրավեց Վերբերին ևս, Ֆլոբերն էր, իր «Սալամբո» ստեղծագործությամբ։ Կարծում էր, որ այդ գիրքը շատ կինեմատոգրաֆիկ է։ Գրողը շարունակում է «Մրջյունների» վրա տարվող՝ իր օրական 4-ժամյա աշխատանքը։ Այդ պահի դրությամբ նա արդեն 18 անգամ արտագրել և փոփոխությունների էր ենթարկել վեպը։ 1000 էջից կազմված գիրքը 1982 թվականի սեպտեմբերին նրա ձեռքերում էր։
1983-ին News հիմնադրամի կողմից ստացավ «լավագույն երիտասարդ լրագրող» մրցանակը՝ մրջյունների մի տեսակի մասին իր ռեպորտաժի համար։
Դրանից հետո 7 տարի ամսագրում հրապարակում էր տիեզերքին, բժշկությանը, արհեստական ինտելեկտին, սոցիոլոգիային և այլնին վերաբերող հոդվածներ։ Այնուհետև ընդհարումից հետո հեռացվում է աշխատանքից։
2008 թվականը սկսվեց «Աստղային թիթեռ» վեպի հրատարակումից։ Նույն տարի լուս տեսավ «Աստվածների գաղտնիքը» վեպի ռուսերեն թարգմանությունը։
Վերբերը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլին Բերնար Վերբերը այցելեց Հայաստան․ նա «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի, որն այդ տարի անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, պատվավոր հյուրն էր[4]։ Նրա պատմվածքները ներկայացվել են ընթերցողներին հայերեն լեզվով։ Բերնար Վերբերը նաև այցելեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան Երևանում, որտեղ նա անցկացրեց, իր խոսքերով, «կոնֆերանս» այս բուհի ուսանողների և դասախոսների հետ և պատասխանեց բացմաթիվ հարցերի։ Բերնար Վերբերի հետ հանդիպումը կազմակերպեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը[5]։
Մտքեր Հայաստանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, և իմ այցը Հայաստան ինձ օգնում է հասկանալ ինքս ինձ... Ես տեսնում եմ, որ դուք ունեք շատ հզոր անցյալ և ապագա, որ դուք դեռ մինչև վերջ չեք պատկերացրել։ Սակայն որպեսզի ինչ-որ բան փոխեք ապագայում, պետք է սկսել արդեն այսօր և հենց ինքներդ ձեզանից[6]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Бернар Вербер встретился со студентами РАУ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Վերբեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Վերբեր» հոդվածին։ |
|