Բառարան
Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում՝ հանդերձ բացառություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածքները, կայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։
Բառարանի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
- Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
- Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները։ Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով[1]։
- Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
- Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
- Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
- Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
- Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։
Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։
Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։
Բառարանների կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յուրաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ Բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։ Բացատրական բառարաններում բառահոդվածը ներկայանում է մի քանի բաժիններով։ Բառարանագրական նշումներից հետո նրանում տրվում են բառիմաստի բացատրությունը՝ հեղինակային կամ տեքստային օրինակների ցուցադրումով, համապատասխան կայուն բառակապակցությունները, դարձվածքները։ Սովորաբար մեկնաբանվում են համեմատաբար կայունացած իմաստները. խոսքի մեջ բառը երբեմն ստանում է տվյալ իրադրությամբ պայմանավորված այլևայլ պատահական, դիպվածային, ոչ բնորոշ իմաստավորումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 123-125։
- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 55։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 299)։ |