Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արևշատ Ավագյան
Ծնվել էհուլիսի 24, 1940(1940-07-24) (83 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ և նկարիչ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Արևշատ Ավագյան Վիքիդարանում

Արևշատ Խոսրովի Ավագյան (հուլիսի 24, 1940(1940-07-24), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի նախագահ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940թ.-ի հուլիսի 24-ին, ՀՀ Աշտարակ քաղաքում։ Սովորել է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1957 թվականին ղեկավարել է Աշտարակի պիոներների պալատի նկարչական խմբակը։ Դեռ ուսանողական տարիներից աշխատանքի է անցել «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Հետագայում նրան շնորհվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Պատվավոր շրջանավարտ» տիտղոսը։ 1969 թ․-ին մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդ գրողների համամիութենական հավաքին։ 1973 թ․-ին աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ, իսկ 1971-1973 թվականներին՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում՝ որպես ավագ խմբագիր։ 1973-1975 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես արձակի և պոեզիայի բաժնի վարիչ։ 1976-1983 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1986 թ․-ին հիմնադրել է ազգային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Նավասարդ» մշակութային հանդեսը։ 1986 թ․-ին հրատարակել է «Լույսի արմատներ» ժողովածուն, որի համար արժանել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։ 1984-1986 թվականներին եղել է ՀԳՄ Արարատյան գրական միավորման պատասխանատու քարտուղարը։ 1986 թվականի փետրվարից եղել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիրը[1]։ 1994 թվականից Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն է[2]։ 1996 թ․-ին հիմնադրել է «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը։ 1999 թ. ստեղծել է Մշակութային խորհրդարանը։ 2005 թ․-ին դասավանդել է Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում (Զանգվածային լրատվամիջոցներ և մշակույթ)։ 2007 թ․-ին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրի ամենամյա մրցանակին։ 2010 թ․-ին նրա «Աստղալույսերի ձայնը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ տարվա լավագույն բանաստեղծական գիրք մրցանակին։ Նույն թվականին գրողն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալներին։ 2010 թ․-ին Մշակութաբանություն և Արվեստի պատմություն է դասավանդել Երևանի Մշակույթի համալսարանում։ Սույն թվականին հիմնադրել է «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը։ 2011 թ․-ից ՀՀ Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ Պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի կողմից պարգրատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով՝ գրականության տարածման, հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով՝ հայ մշակույթին մատուցած ծառայությունների, ազգային-հասարակական կյանքում ունեցած ավանդի համար։

Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծական և արձակ ժողովածուներ։ Հրատարակված գրքերից են՝ «Երկնային պատուհաններ» (բանաստեղծություններ, պոեմներ), «Լուսավոր հետագիծ» (պատմվածքներ), «Հոգենյութ», «Հոգեգույներ ծածկագրերով», «Ինքնության գույնն ու իմաստը» և այլն։ Գրողի պոեզիային բնորոշ են պատկերավոր լեզվամտածողությունը, քնարը, շունչը, հայրենասիրական պաթոսը՝ «Ակունքներ», «Օրերի հայտնությունը», «Մաքրվող հեռուներ», «Նավը ուռկանի մեջ», «Աստղի ծնունդը», «Երկնային պատուհաններ», «Հոգենյութ», «Բառերի բանալին», «Հանգրվաններ», «Սերմացու լույս»։ Գրել է նաև պատմվածքներ՝ «Անթառամներ», «Լուսավոր հետագիծ» և այլն։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, թարգմանել է ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի և այլ ազգերի բանաստեղծների ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են աշխարհի շատ լեզուներով։ 1981 թ. «Լույսի արմատներ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։ Կազմել է «Արդի հայ քնարերգություն» (Երևան, 2008) անթոլոգիան։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Ակունքներ»-ն է, որը լույս է ընծայել 1963 թ․-ին[3], իսկ գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը բացել է 1973 թ․-ին՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում։ 1974 թ․-ին լույս է ընծայել «Մաքրվող հեռուներ» ժողովածուն՝ իր իսկ ձևավորմամբ։ Այնուհետև ինքն է ձևավորել Երևանում, Մոսկվայում լույս տեսնող իր բոլոր գրքերը։ 1976թ․ին լույս է ընծայել «Նավը ուռկանի մեջ» ժողովածուն։ 1977 թ․-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1978 թ․-ին գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսներ է բացել Մոսկվայի գրողների կենտրոնական տանը և «Տրուդ» թերթի խմբագրատանը։ 1979 թ․-ին Երևանում հրատարակել է «Ի՞նչ կարող է անել բանաստեղծը» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն։ Նույն թվականին անհատական ցուցահանդես և հեղինակային երեկո է ունեցել Կիևում, պոեզիայի երեկո՝ Լվովում։ 1980 թ․-ին հրատարակել է «Երկնային պատուհաններ» ժողովածուն։ Նույն թվականին տպագրել է գեղանկարչական ստեղծագործությունների և բանաստեղծությունների ալբոմ-ժողովածուն՝ «Աստղի ծնունդը»։ 1981 թ․-ին Մոսկվայում հրատարակել է «Дыхание гор» ՝ (Լեռների շնչառությունը) ժողովածուն՝ հեղինակային պատկերազարդումներով։ 1982 թ․-ին գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսներ և հեղինակային երեկոներ է ունեցել Վիլնյուսում, Կաունասում, Պանևեժիսում։ 1983 թվականին անհատական ցուցահանդես և հեղինակային երեկո է ունեցել Մոսկվայում՝ Գրողների կենտրոնական տանը։ 1984 թ․-ին Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է Հարավսլավիայում կազմակերպված բանաստեղծական փառատոնին։ Նույն թվականին հրատարակվել է պատմվածքների առաջին՝ «Անթառամներ» ժողովածուն։ Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում կայացած պոեզիայի միջազգային սիմպոզիումին։ 1986 թ․-ին հրատարակել է «Լույսի արմատներ» ժողովածուն, որի համար արժանել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։ 1987 թ․-ին տպագրել է «Թափանցիկ լեռներ» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն։ 1988 թ․-ին հրատարակել է «Անվայրեջք թռիչքներ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն։ 1982 թ․-ին Մոսկվայում հրատարակվել է «Երկնային պատուհաններ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն։ 1990 թ․-ին անհատական ցուցահանդես է բացել Լոս-Անջելեսի «Նոր սերունդ» մշակութային սրահում։ Նույն թվականին լույս է ընծայել «Լուսավոր հետագիծ» խորագրով պատմվածքների ժողովածուն։

1992 թ․-ին գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Լոս-Անջելեսում և Բոստոնում։ 1995 թ․-ին կազմակերպել է «Մշակութային գարուն» և «Մշակութային աշուն» փառատոնները։ Նույն թվականին Երևանում բացել է գեղանկարչական աշխատանքների իր հավաքածուի ցուցահանդեսը։ 1997 թ․-ին մասնակցել է Միացյալ Արաբական Էմիրություններում կազմակերպած հայ նկարիչների ցուցահանդեսին։ Նույն թվականին ցուցահանդես է բացել նաև Փարիզում։ 1998 թ․-ին Երևանում կազմակերպել է «Բոլոր մուսաները թատրոնում» փառատոնը։ 2000 թ․-ին լույս է ընծայել բանաստեղծությունների «Հոգենյութ» ժողովածուն և անհատական ցուցահանդես է ունեցել Աշտարակում։ 2001 թ․-ին լույս է ընծայել «Արևշատ» գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների ալբոմը և անհատական ցուցահանդես է բացել Երևանի նկարչի տանը և Վանաձորի գեղագիտական կենտրոնում։ 2002 թ․-ին ցուցահանդես է բացել Էջմիածնում։ 2003 թ․-ին տպագրել է «Բառերի բանալին» բանաստեղծությունների ժողովածուն և «Հանգրվաններ» բանաստեղծությունների ընտրանին։ 2004 թ․-ին լույս է տեսել «Սերմացու լույս» բանաստեղծությունների ժողովածուն։ 2006 թ․-ին հրատարակվել է «Խոսք և գույն» պատկերազարդ ժողովածուն։ 2007 թ․-ին լույս է տեսել «Թիթեռնիկների դպրոցը» մանկական գրքույկը։ 2008 թ․-ին լույս է տեսել «Արդի հայ քնարերգություն» հատորի առաջին ժողովածուն։ 2009 թ․-ին անհատական ցուցահանդես է բացել Երևանի նկարչի տանը։ 2010 թ․-ին լույս է տեսել «Արդի հայ քնարերգություն» ժողովածուի երկրորդ հատորը (Սփյուռք)։ 2010 թ․-ին հրատարակել է «Աստղալույսերի ձայնը» ժողովածուն, որն արժանացել է ՀԳՄ տարվա լավագույն բանաստեղծական գիրք մրցանակին։ Սույն թվականին ցուցահանդեսներ է բացել «Նարեկացի» մշակութային կենտրոնում և «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ 2011 թ․-ին լույս է տեսել «Հոգեգույներ ծածկագրերով» ժողովածուն։ 2013 թ․-ին հրատարակվել է «Ինքնության գույնն ու իմաստը» ալբոմ-ժողովածուն։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խճանկար։ «Գարուն», 1967, № 4, էջ 14-15։
  • Սասունիկ։ «Գարուն», 1967, № 6:

Ա. Ավագյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադեուշ Ռուժևիչ, Սաթե թռչունը, Երևան, «Հայաստան», 1970, 60 էջ։
  • Վահե Գոդել, Հատուկ նշաններ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1975, 62 էջ։
  • Մարիս Չակլայս, Նվագիր, ծղրիդ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 51 էջ։
  • Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 168 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, ՀՍՍՀ Գրքասերների միություն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։
  • Դայանա Տեր-Հովհաննիսյան, Սև աչքեր կանաչ աչքերի խորքում (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1985, 112 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 55-56.
  2. Արդի հայ քնարերգություն. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. 2008. էջ էջ 140.
  3. Ավագյան, Արևշատ (2013). Ինքնության գույնն ու իմաստը. Երևան: «Սպիկա».