Jump to content

Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Բուլղարիա[1]
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
Ղեկավարության նստավայրՍոֆիա, Բուլղարիա
Հիմնադրվել է1985
Կայքnationalartgallerybg.org
Քարտեզ
Քարտեզ

Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ (բուլղար․՝ Национална галерия за чуждестранно изкуство), արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Գտնվում է Ալեքսանդր Նևսկու անվան հրապարակում, տեղավորված է XIX դարի նեոդասական ոճի կառույցում, որը նախկինում ծառայել է որպես փոստային ծառայության շենք։ Համարվում է ոչ-բուլղարական արվեստի ազգային ինստիտուտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի շենքը կառուցվել է 1882-1884 թվականներին իշխան Ալեքսանդր Բատենբերգի օրոք։ Շենքը նախագծել է ավստրիացի ճարտարապետ Ֆրիդրիխ Շվանբերգը[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շինությունը վերակառուցվել է[3]։

Պատկերասրահը հիմնադրվել է 1985 թվականի նոյեմբերի 5-ին որպես Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի հիմնադրամ, որի ֆոնդերը հետագայում համալրվել են նվիրատվությունների և Բուլղարիայի ազգային պատկերասրահի արտասահմանյան արվեստի հավաքածուի հաշվին[4]։ Մեծ նվիրատվություն է կատարել նաև 1980 թվականին Լյուդմիլա Ժիվկովայի հիմնադրած «Բուլղարիայի պետականության 13 դարերը» հիմնադրամը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի մշտական հավաքածուն ներկայացնում է եվրոպական, ասիական (բուդդիստական, ճապոնական, հնդկական) և աֆրիկյան արվեստի նմուշներ, ինչպես նաև ունի առանձին ժամանակակից արվեստի և փորագրության բաժիններ։ Նմուշների մի մասը գտնվում է վերականգնման գործընթացում, մյուս մասը ֆոնդերում է ցուցադրության տարածքի սղության պատճառով։

Հնդկական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական արվեստը ներկայացված է 1-ին, 2-րդ, 3-րդ սրահներում։ 1-ին սրահում ցուցադրված է հնդկական մանրանկարչությունը, հավաքածուն ներառում է ավանդական մոտիվներով աշխատանքներ, մոնղոլական, Դելիի սուլթանության շրջանների և Ռաջաստան և Պահարա դպրոցների կտավներ։ 2-րդ սրահում ներկայացված է 320-550 թթ. կրոնական քանդակներ, որոնք ներկայացնում են հնդկական աստվածների կերպարներ՝ Վիշնու, Գանեշա, Բրահմա, Շիվա, Կրիշնա։ 3-րդ սրահում ցուցադրված է XVI դարի քրիստոնեական հազվադեպ քանդակներ, որոնք իրենց վրա կրում են հնդկական ավանդույթի ազդեցություն։

Ճապոնական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ սրահում ներկայացված է XVIII դարի ճապոնական «ուկիյո-է» տպագրությունը, «ուկիյո-է»-ի զարգացումը, ճապոնական և եվրոպական արվեստների առաջին շփումները։ Ներկայացված են նաև արվեստագետներ Կացուշիքա Հոքուսայի, Հիրոսիգե Ուտագավայի, Այզն Կիկուկավայի և Կիտագավա Ուտամարոյի աշխատանքները։

Աֆրիկական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական արվեստի հավաքածուն ներկայացված է 5-րդ սրահում և կազմված է կրոնական պաշտամունքի քանդակներից, դիմակներից, որոնք ներկայացնում են Բենինի և Գանայի տեղական մշակույթը, կան նաև դոգոն քանդակներ։

Բուդդիստական արվեստ հարավարևելյան Ասիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ սրահում ներկայացված է Հարավարևելյան Ասիա տարածաշրջանի բուդդիստական արվեստը. բուդդայի տարբեր դիրքերով և տարբեր նյութերից ստեղծված արձաններ, ձեռագրեր, XI դարի կիրառական արվեստի այլ նմուշներ։ Հավաքածուն պատկերասրահին է նվիրաբերվել 1987 թվականին։

Եվրոպական կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

7, 8, 9-րդ սրահներում ցուցադրվում է XV-XX-րդ դարերի եվրոպական կերպարվեստը։ VII սրահում ներկայացված է Վերածննդի կերպարվեստը, ինչպես նաև հոլանդական ոսկե դարաշրջանի նկարչությունը։ Ամենահին նմուշներից է Անդրեա դել Վերոկկիոյի «Քրիստոսի մկրտությունը», 15-րդ դարի։ Իտալական նկարիչներից ներկայացված են Պիետրո Պերուջինոյի, Կորեջիոյի, Ռոսո Ֆորենտինոյի, Ջովանի Մորոնինի, Ալեսանդրո Մանյասկոյի աշխատանքները։ Հոլանդական կերպարվեստից ներկայացված են Յան վան Գոյենի, Նիկոլաս Բերխեմի, Իսահակ վան Օստադեի, Ֆրանս Ֆրանկենի, Ալբրեխտ Դյուրերի և Ռեմբրանդի աշխատանքներից։

8-րդ սրահում ներկայացված են XVIII դարի և XIX դարի սկզբի ֆրանսիական, ֆլամանդական կերպարվեստը՝ Ժան Գրյոզ, Ֆրանցիսկո Գոյա և Յան Ֆրանս վան Բրեդալ։ 9-րդ սրահում XIX դարի երկրորդ կեսի և XX դարի քանդակներ ու գեղանկարներ են Օգյուստ Ռոդենից, Իվան Մեշտրովիչից, Պիեռ-Օգյուստ Ռենուարից, Մարկ Շագալից, Պաբլո Պիկասոից, Խոան Միրոից և Սալվադոր Դալիից։ 10-րդ սրահում ներկայացված են Les Nabis պոստ-իմպրեսիոնիստ ավանգարդ նկարիչների աշխատանքներ։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

11-19-րդ սրահներում ներկայացված են տարբեր ցուցադրություններ, այդ թվում «Աշնանային սալոն» (սրահ 18), XX դարի սկզբի փարիզյան թեմաներով և հեղինակների գործեր, ժամանակակից իսպանական արվեստ, Նիկոլայ Ռերիխին նվիրված ցուցադրություն, ինչպես նաև Նոր սրահ, որտեղ ներկայացվում են ժամանակավոր ցուցադրությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություններ
Բուդդայի արձանիկ Պագանյան թագավորությունից
Բուդդայի արձանիկ Պագանյան թագավորությունից  
«Տոտոմիի լեռներում», Կացուշիքա Հոքուսայ
«Տոտոմիի լեռներում», Կացուշիքա Հոքուսայ  
«Մադոնան մանկան հետ», Կորեջիո
«Մադոնան մանկան հետ», Կորեջիո  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «The municipal buildings from the Liberation until 1920» (Bulgarian). Sofia Municipality website. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «За нас» (Bulgarian). Национална галерия за чуждестранно изкуство. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Bulgarian National Gallery for Foreign Art website» (Bulgarian and English). Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ (Սոֆիա)» հոդվածին։