Jump to content

Արոսենի հունական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոսենի հունական
Արոսենի հունական
Արոսենի հունական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի հունական (S. graeca)
Միջազգային անվանում
Sorbus graeca
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արոսենի հունական (լատին․՝ Տorbus graeca), վարդազգիների ընտանիքի արոսենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ կամ թուփ է 4-6 մ բարձրությամբ։ Բողբոջները թույլ թաղիքապատ են կամ գրեթե մերկ։ Տերևները կլորավուն են կամ կլորաէլիպսաձև, կլոր հիմքով, կամ ձվաձև էլիպսաձև, սեպաձև հիմքով, 5-10 սմ երկարությամբ, 4-10 սմ լայնությամբ, բութ գագաթով, կաշվեկերպ, բլթակաեզր (բացի հիմքից) և սուր ատամնաեզր։ Նոր բացված ժամանակ վերևից ադվամազապատ, ավելի ուշ՝ մազմզուկները պահպանվում են միայն գլխավոր ջղի ուղղությամբ, ներքևի կողմից ծածկված խիտ, թաղիքասպիտակ աղվամազով։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 0,3-1,5 սմ-ի, որոնք, ինչպես և բաժակը, ծածկված են սպիտակ թաղիքանման մազմզուկներով։

Բաժակաթերթիկները եռանկյուն են, ատամնաեզր, պահպանվում են հասունացած պտուղների վրա։ Պսակաթերթիկները կլոր-երկարավուն են, սպիտակ, սռնակը վերևի կողմից ազատ է։ Պտուղները կլորավուն են, կարմիր, հետագայում ստանում են կապույտ գունավորում, պտղամիսը զուրկ է քարաբջիջներից։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Լոռիում, Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Արագած-Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Վեղարդ), Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է վերին լեռնային և մերձալպյան գոտում, անտառներում, լեռնալանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրություններում։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, ցրտադիմացկուն, բավական երաշտադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 359)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի հունական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի հունական» հոդվածին։