Jump to content

Արշակ Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Մադոյան
Ծնվել էհուլիսի 1, 1938(1938-07-01) կամ 1938[1]
Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 22, 2021(2021-02-22)[2]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Բանբեր Երևանի համալսարանի, Գրականության ինստիտուտ և Էջմիածին
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերՂազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց (1955) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1985)
Տիրապետում է լեզուներինհայերեն և գրաբար
Պարգևներ
Երեխա(ներ)Գևորգ Մադոյան
ՀայրԳևորգ Արշակի Մադոյան

Արշակ Գևորգի Մադոյան (հուլիսի 1, 1938(1938-07-01) կամ 1938[1], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 22, 2021(2021-02-22)[2], Երևան, Հայաստան), հայ հայագետ, թարգմանիչ, խմբագիր, բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1994)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին Ախալքալաք քաղաքում, մտավորականի ընտանիքում (գրող Սեյլանի թոռն է, ուսուցիչ Գևորգ Մադոյանի որդին)։ 1945-1953 թթ. սովորել է ծննդավայրի՝ Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա շարունակել է Երևանում՝ 1954-1955 ուսումնական տարում ավարտելով Ղազարոս Աղայանի անվան դպրոցը։

Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1961 թվականին։ Այնուհետև աշխատանքի է անցել նույն համալսարանում, պաշտոնավարել իբրև ԵՊՀ հրատարակչության խմբագիր, բանասիրական ֆակուլտետի մեթոդիստ, «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականի խմբագրության գրական աշխատող, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1971 թվականից տեղափոխվել է Համալսարանի հայագիտական կենտրոն, նախ աշխատելով որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից առաջատար գիտաշխատող։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 2009-2015 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝«Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել։

1970 թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985 թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994 թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1962 թվականից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։

Հայաստանի գրողների միության անդամ է։

2009 թ. Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»[3] շքանշանով։

  1. Միջնադարյան հայկական պոեմը, Եր., 1985
  2. Հայ-ռուսական գրական փոխառնչություններ, Եր., 1985
  3. Առաքել Սյունեցի բանաստեղծը, Եր., 1987
  4. Խորհուրդ մեծ և սքանչելի. Ներածութիւն հայ մատենագրութեան, Երուսաղէմ, 1995
  5. Հայ միջնադարյան քնարերգություն (Լ. Մկրտչյանի աշխատակցությամբ), Եր., 1996
  6. Ոսկեփորիկ (Վ. Ներսիսյանի աշխատակցությամբ), Եր., 1997
  7. Երուսաղեմ, Երուսաղեմ..., Եր., 1999
  8. Ուղեգրություններ (հայերեն - իսպաներեն), Եր., 2001
  9. Զավակներ լույսի, առաքինության, Եր., 2001
  10. Գրիգոր Լուսավորիչը ներբողներում (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2002
  11. Խորհուրդ մեծ և սքանչելի (ռուսերեն), Եր., 2004

Թարգմանություններ (գրաբարից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Եր., 1988
  2. Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցոց, Եր., 1992
  3. Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Եր., 1997
  4. Հայկական վարքեր և վկայաբանություններ, Եր., 1998,
  5. Կարդալով Նարեկացուն, Եր., 1999
  6. Շարական (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2001
  7. Թովմա Մեծոփեցի, Պատմագրական երկեր, Եր., 2003

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Մադոյան» հոդվածին։