Գևորգ Մադոյան (ուսուցիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մադոյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գևորգ Մադոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1911 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 7, 1990 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1940) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Երեխաներ | Արշակ Մադոյան |
Գևորգ Արշակի Մադոյան (Ավագ, ապրիլի 1, 1911, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ ու հրապարակախոս, 19-րդ դարի ազատագրական շարժումների ակտիվ մասնակից Սեյլանի (Արշակ Մադոյան) ընտանիքում։ Ազգային հոգևոր իրողությունների պաշտամունքը նրա տոհմիկ նախնիների համար յուրատեսակ կենսաբանական տրվածք էր, որի սերմերը Գ. Մադոյանի ներաշխարհը նետվեցին վաղ մանկությունից և հետագայում պտղավորվեցին մի շարք բնագավառներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին ավարտելով ծննդավայրի մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը՝ Գ. Մադոյանը ուսուցչական աշխատանքի է անցել նախ նույն դպրոցում, ապա հայրենի քաղաքի տարբեր դպրոցներում և հայկական մանկավարժական ուսումնարանում՝ դասավանդելով մայրենի լեզու և գրականություն։ 1946-1951 թվականներին եղել է հիշյալ ուսումնարանի տնօրենը և զգալի ավանդ ներդրել շրջակա հայկական դպրոցները մանկավարժական կադրերով ապահովելու գործում։
Աշխատանքին զուգահեռ Մադոյանը սովորելև 1940 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Թբիլիսիի պետհամալսարանին կից հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1954 թվականին «Հակոբ Պարոնյանի քաղաքական երգիծանքը» դիսերտացիայի պաշտպանության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1954 թվականին Գ. Մադոյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, և սկսվել է նրա կյանքի նոր, առավել բեղմնավոր շրջանը։ Մի շարք պատասխանատու աշխատանքներով զբաղվելուց հետո (թարգմանիչ՝ «Արմենպրեսում», ուսմասվար՝ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցում, բաժնի վարիչ՝ «Խորհրդային մանկավարժ» ամսագրի խմբագրությունում, ավագ գիտաշխատող՝ հանրապետության լուսավորության մինիստրության դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում և այլն) Գ. Մադոյանը 1960 թ. աշխատանքի է անցնել Հայաստանի գրականության և արվեստի պետական թանգարանում, որտեղ էլ ի հայտ են եկել թանգարանային աշխատողի ու բանասեր-գրականագետի նրա ձիրքերը։ Շուրջ քառորդ դար եղել է թանգարանի գիտական քարտուղար, այնուհետև ընտրվել է թանգարանների միջազգային կազմակերպության անդամ։
Գրական հասարակայնության գնահատությանն են արժանացել Գ. Մադոյանի «Հակոբ Պարոնյան»[1] Archived 2019-06-04 at the Wayback Machine. (1960), «Գևորգ Ախվերդյան» (1965), «Դանիել Վարուժան» (1976), «Դերենիկ Դեմիրճյան» (1981) մենագրությունները։ Նրա ակտիվ մասնակցությամբ են իրագործվել «Գրական ժառանգություն» մատենաշարի մի քանի հատորները։ Մասնավոր արժեք են ներկայացնում Միքայել Նալբանդյանի, Մ. Մսերյանի, Մուրացանի և հայ մշակույթի այլ գործիչների անտիպ նամակների նրա հրապարակումները։ Գ. Մադոյանի «Մուսաների եղբայրություն» գրքույկը (1985), նվիրված հայ-վրացական գրական-մշակութային առնչություններին, արժանացել է համամիութենական «Գիտելիք» ընկերության հատուկ մրցանակին։ Գ. Մադոյանը նաև հեղինակ է հայ գրականության դասավանդման մեթոդիկայի և հայ դպրոցի պատմության վերաբերյալ մի շարք ուսումնասիրությունների։ 1959 թվականին և 1963 թվականին հրատարակվել է նրա «Հայոց լեզու» ընթերցարանը մեծահասակների համար (Կ. Չերքեզյանի աշխատակցությամբ), իսկ նրա կազմած 9-րդ դասարանի հայ գրականության քրեստոմատիան (Պ. Խաչատրյանի աշխատակցությամբ) ունեցել է մի քանի հրատարակություն։