1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը։ Աշխատել է Լենինգրադի Բանվոր երիտասարդության, Լենինյան կոմերիտմիության անվան թատրոններում, միաժամանակ ելույթներ ունեցել էստրադայում (էստրադայի արտիստների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1939 թվական)։ Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի (հիմնադիր 1939 թվականին) արտիստ, ապա գեղարվեստական ղեկավար Ռայկինը ընդլայնել է իր արվեստի արտահայտչամիջոցները, խորացրել սոցիալական սրությունը, երգիծանքը, կրքոտ մերկացնելով այն, ինչ խանգարում է նոր կյանքին։ Ներքին և արտաքին ակնթարթային վերամարմնավորման վարպետ Ռայկինը մեկ ներկայացման, բեմական մեկ մանրապատումի մեջ, որպես կանոն, կատարում է մի քանի դեր։ Նա հավասարապես տիրապետում է կոնֆերանսիեի, քնարական մենախոսության, մնջախաղի արվեստին։ Ռայկինի թատրոնի ներկայացումներից են՝ «Երկրի շուրջը 80 օրում» (1951), «Ծիծաղելը հանցանք չէ» (1953), «Տարվա եղանակները» (1956), «Սեր և երեք նարինջ» (1959), «Երկուսից մինչև հիսուն» (1961), «Լուսացույց» (1969), «Հատընտիր 73» (1973)։ 1957 թվականից հաճախ հանդես է գալիս արտասահմանում։ 1968 թվականին հյուրախաղերով եղել է Երևանում։ Ստացել է Լենինյան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։