Առաքել Սարուխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքել Սարուխան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1863(1863-10-13) կամ 1863
ԾննդավայրԱրտանուջ
Մահացել էփետրվարի 6, 1949(1949-02-06) կամ 1949
Մահվան վայրԲրյուսել
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, գրող և հասարակական գործիչ

Առաքել Զատիկի Սարուխանյան (հոկտեմբերի 13, 1863(1863-10-13) կամ 1863, Արտանուջ - փետրվարի 6, 1949(1949-02-06) կամ 1949, Բրյուսել), հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։

Ավարտել է Կոստանդնուպոլսի Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել Արսեն Այտընյանին։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1894-1911 թվականներին եղել է Ալեքսանդր Մանթաշյանի նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում, իսկ 1911-1917 թվականներին՝ մի շարք օտարերկրյա նավթարդյունաբերական ընկերությունների լիազոր։

Ամսագրերի թղթակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թթ․ սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելգիայում։ 1881 թվականից պարբերաբար թղթակցել է «Մշակ» թերթին, իսկ 1887 թվականից՝ «Հանդէս ամսօրեայ»-ին, ապա նաև Կոստանդնուպոլսի «Արևելք»-ին։ «Հանդէս ամսօրեայ»-ում հրապարակած աշխատությունները մինչև 1925 թվականը գրել է արևմտահայերեն և ստորագրել Կ․ Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վերաբերում են Ռաֆայել Պատկանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Արծրունու, Լեոյի և այլոց գործունեությանը, Կովկասի հայերի մշակութային հաստատություններին, հասարակական շարժումներին և այլն։

Պատմագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «Սեւ ծովու ռուսական եզերքը» (1895), «Կովկասեան լերանց մեջ» (1896) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմագրական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ Բելգիայում և Հոլանդիայում, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդիան եւ հայերը ԺԶ.-ԺԹ. դարերում» (1926), «Բելգիա եւ հայերը» (1937) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարուխանը անդրադարձել է նաև հայ-վրացական տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան եւ հայերը», 1939)։ «Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում» գրքում (1912) Սարուխանը ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, Եվրոպայի պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրության շարժման մեջ և այլն։ «Ալեքսանդր Մանթաշեանց, մեծ վաճառականն ու բարեգործը» (1931) հուշագրությունում Սարուխանը տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի նավթարդյունաբերության զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդաւոր աղջիկն եւ իր գաղտնիքը» (1924) ինքնակենսագրական դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Սարուխան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 245