Jump to content

Աշոտ Օսիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Օսիպով
Ծնվել է1916
ԾննդավայրԿուսապատ
Մահացել է1979
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Աշոտ Ավանեսի Օսիպով (1916, Կուսապատ - 1979), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Օսիպովը ծնվել է 1916 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Ութ տարեկանում կորցրել է հորը և ընտանիքին օգնելու համար յոթերորդ դասարանն ավարտելուց հետո կիսատ թողնելով ուսումը, անցել է աշխատանքի հայրենի գյուղի տարրական դպրոցում։ Հետագա երկու տարիներին էքստեռն քննություններ է հանձնել և ստացել միջնակարգ կրթություն։ 1936 թվականին Օսիպովն ընդունվել է Երևանի պետական համալսարանը, որն ավարտել է պատերազմի նախօրյակին։ Ուսանողական տարիներին ուսմանը զուգահեռ Երևանի տարբեր դպրոցներում դասավանդել է աշխարհագրություն և պատմություն[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) առաջին օրերին Օսիպյանը զորակոչվել է կարմիր բանակի շարքերը և զինվորական դասընթացներն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով մասնակցել պատերազմին։ Անցել է մարտական երկար ուղի՝ Կովկասյան լեռներից մինչև Ավստրիա։ Նրա գլխավորած ստորաբաժանումները մասնակցել են Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդավիայի ազատագրման թեժ մարտերին, գրոհել են թշնամու պաշտպանական դիրքերը Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում։ Առանձնապես աչքի է ընկել Հունգարիայում, Բալատոն լճի, Սեկիրեխերվարի ամրացված դիրքերի գրավման համար մղված մարտերում։ Արիության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար» և մի շարք այլ մեդալներով[1]։

Պատերազմի ավարտից հետո Օսիպովը վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել Պետական անվտանգության օրգաններում՝ սկզբից կենտրոնական ապարատում, այնուհետև շուրջ 25 տարի անընդմեջ գլխավորել է ՊԱԿ Հոկտեմբերյանի շրջանի բաժինը։

Պարգևատրվել է պատվավոր չեկիստի և այլ կրծքանշաններով։

Օսիպյանը մասնակցել է շրջանի կուսակցական, հասարակական աշխատանքներին, բազմիցս ընտրվել է ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Հոհտեմբերյանի շրջանային կոմիտեի բյուրոյի անդամ[1]։

Գնդապետ Օսիպովը 1979 թվականին հանկարծամահ է եղել մարտական պոստում, պաշտոնական պարտականությունները կատարելիս[1]։

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Պատվավոր չեկիստի կրծքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]