Ամալիենբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալիենբորգ
դան․՝ Amalienborg
Սոֆի Ամալիենբորգ նկարիչ` Յոհան Յակոբ Բրուն (1740 կտավ)]]
ՏեսակԴանիայի թագավորական պաշտոնական նստավայր
թանգարան
Երկիր Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
ՀասցեԴանիա, Կոպենհագեն, Ամալիենբորգ հրապարակ 6։
Գտնվում է ափինԲալթիկ ծով
Ճարտարապետական ոճռոկոկո
Կառուցի ձևառանձնատները հավելյալ կառույցների հետ միասին կազմում է ութանկյուն հրապարակ
Կազմված էՔրիստիան VII առանձնատուն
Քրիստիան VIII առանձնատուն
Ֆրեդերիկ VIII առանձնատուն
Քրիստիան IX առանձնատուն
Անվանված էSophie Amalienborg?[1]
ՍեփականատերStyrelsen for Slotte & Kulturejendomme? և Danish royal family?
ԲնակիչՄարգարետ II
Հենրիկ Դանիացի պաշտոնական նստավայր
Առաջին հիշատակում1673
Հիմնադրված է1760
ՃարտարապետՆիկոլայ Էյտվեդ
ՊատվիրողՍոֆի Ամալիա
Ֆրեդերիկ V
Ժառանգության կարգավիճակmonument on Kulturstyrelsen register? և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Տեսարան Կոպենհագենի օպերային թատրոնի կողմից մեջտեղում  Մարմարյա եկեղեցին

Ամալիենբորգ թագավորական պալատ (դան․՝ Amalienborg), պալատ Կոպենհագենում, Դանիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը, որը մայրաքաղաք Կոպենհագենի այցեքարտն է և դարեր շարունակ դանիական թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրը և բնակության վայրն է եղել[2][3][4][5]։ Ներկայումս Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգարետ II-ի և Արքայազն Հենրիի պաշտոնական նստավայրն է[6]։

Անվանումը կապված է Ֆրեդերիկ III-ի կնոջ` թագուհի Սոֆի Ամալիայի անվան հետ, ում համար 1673 թվականին այդ վայրում Սոֆի Ամալիենբորգ անունով պալատ է կառուցվել (դան․՝ Sophie Amalienborg), որն այրվել է 1689 թվականի թագավորական թատրոնում օպերային ներկայացման ժամանակ բռնկված հրդեհից։

Ամալիենբորգ համալիրը ստեղծվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի (1723-1766 թթ.) ցուցումով` Օլդենբուրգյան թագավորական դինաստիայի առաջին թագավորի` Քրիստիան I -ի թագադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ։

1993 թվականին Մշակույթի և պալատների դանիական գործակալությունը Ամալիենբորգը ընդգրկել է «Դանիայի բնության և մշակույթի ստեղծագործությունների նախնական ցանկի» մեջ, որը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ին որպես Համաշխարհային ժառանգություն[7]։

Պալատի բաղկացուցիչ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Նիկոլայ Էյտվեդի ճարտարապետական համալիրը բաղկացած է չորս առանձին կանգնած ռոկոկո ոճի գրեթե նույնանման ֆասադային առանձնատներից, որոնք իրարից տարբերվում են իրենց անուններով և վառարանային խողովակների թվով։ Առանձնատները օժանդակ թևերի (գերմ.՝ Flügel) հետ միասին առաջացնում են ութանկյուն մակերես, ձևավորելով համանուն հրապարակը, որի կենտրոնում կանգնած է Ֆրեդերիկ V - ի ձիով արձանը հռոմեկան կայսրի կերպարով (ֆրանսիացի քանդակագործ Ժակ Սալիի աշխատանքը)։ 

Առանձնատների անունները պայմանավորված են այն թագավորների և արքայազների անուններով, ովքեր այնտեղ են բնակվել իրենց ընտանիքների հետ միասին։ Դրանք համապատասխանաբար կոչվում են.

  1. Քրիստիան VII առանձնատուն , որը ձեռք է բերել Քրիստիան VII-ը (1794)
  2. Քրիստիան VIII առանձնատուն (1839)
  3. Ֆրեդերիկ VIII առանձնատուն (1906)
  4. Քրիստիան IX առանձնատուն (1863)։

Քրիստիան ութ առանձնատանը ներկայուս տեղակայված են գրադարանը և ընդունելությունների դահլիճները։ Քրիստիան ութ և Քրիստիան յոթ առանձնատները բաց են այցելուների համար։ Այնտեղ կարելի է տեսնել թագավորական ննջարաններն իրենց 1863-1947 թվականների վիճակով` սենյակների հարդարանքով, կահույքով, կենցաղային իրերով հանդերձ[8]։

Ֆրեդերիկ ութ և Քրիստիան ինը պալատները զբաղեցնում է թագավորական ընտանիքը, և դրանք փակ են զբոսաշրջիկների համար։

Քրիստիան VII առանձնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1750-1754 թվականներին հոֆմարշալ Գոթլոբ Մոլտկեի (1710-1792 թթ.) համար, որտեղից և երկրորդ անվանումը` Մոլտկեի առանձնատուն։ Քրիստիանսբորգ պալատի հրդեհից հետո` 1794 թվականի փետրվարի 26-ին, երբ թագավորական ընտանիքը մնաց առանց տանիքի, թագավոր Քրիստիան VII-ը ձեռք է բերել առանձնատունը որպես անձնական սեփականություն։

1808 թվականից շենքը օգտագործվում է Ֆրեդերիկ VI-ի արքունիքի համար։ 1852-1885 թվականներին այստեղ եղել է Արտաքին գործերի նախարարությունը։ 1885 թվականից առանձնատունն օգտագործվում է բացառապես թագավորական ընտանիքի հյուրերի ու շնորհանդեսների համար։

Կարճ ժամանակ եղել է թագաժառանգ Ֆրեդերիկ IX և թագադրված արքայադուստր Ինգրիդի նստավայրը, ինչպես նաև Մարգարետ II թագուհու և կոնսորտ արքայազն Հենրիկ Դանիացու նստավայրը, իրենց անձնական նստավայրերի վերականգնման ժամանակահատվածում։

1971-1975 թվականներին առանձնատան սենյակներում Մարգարետի և Հենրիկի որդիներ արքայազներ Ֆրեդերիկի և Իոախիմի համար կահավորվել է մանկական սենյակ, իսկ ավելի ուշ դասասենյակ։ 

1982 թվականին սկսվել է շենքի ճակատային մասի ռեստավրացիան, իսկ 1971-1975 թվականներին կատարվել է ինտերիերի ռեստավրացիան։ Քրիստիան VII-ի առանձնատունը հրապարակային այցելությունների համար բաց է։

Քրիստիան VIII առանձնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան VIII-ի առանձնատունը (դան․՝ Christian VIII Palæ), որը հայտնի է նաև Լևեցաուի առանձնատուն անվամբ, քանի որ կառուցվել է գաղտնի խորհրդական կոմս Ք. Ֆ. Լևեցաուի համար (դան․՝ Christian Frederik Levetzau) 1750-1760 թվականներին։ 1794 թվականին պալատը գանձապետական միջոցներով գնվել է թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկի համար։ Ներքին ինտերիերը արդիականացվել է և կահավորվել ֆրանսիական ամպիրի ոճով` ճարտարապետ Նիկոլայ Աբիլդգարդի կողմից (դան․՝ Nicolai Abildgaard)։ 1805 թվականին Քրիստիան VII-ի ռեգենտի` թագաժառանգ արայազն Ֆրեդերիկի մահից հետո առանձնատունն անցել նրա որդուն ՝ Արքայազն Քրիստիան Ֆրեդերիկին։ 1839 թվականին Քրիստիանի գահ բարձրանալուց հետո առանձնատունը սկսվել է կոչվել Քրիստիան VIII թագավորի անունով։ Պալատի հյուսիսարևմտյան մասը եղել է արքայազն Ֆրեդերիկի տունը մինչև 2004 թվականը։ Դանիայի արքայադուստր Մերիի հետ նրա ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Ֆրեդենսբորգ։

Քրիստիան VIII մահացել է 1848 թվականինի, իսկ նրա այրին` թագուհի Կարոլինա Ամալիա (датск. Caroline Amalie 1796-1881) մահացել է 1881 թվականին։ 1885 թվականից մինչև 1898 թվականը շենքում տեղակայվել է Դանիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի ուշ այստեղ բնակություն է հաստատել թագաժառանգ արքայազն Քրիստիանը (1912 թվականին թագադրվել է ինչպես Քրիստիան X) իր տիկնոջ` Ալեքսանդրինայի հետ։ 1947 թվականին Քրիստիան X-ի մահից մի քանի տարի անց այստեղ բնակություն է հաստատել թագաժառանգ արքայազն Կնուդը (դան․՝ Knud

1980-ական թվականներին Քրիստիան VIII-ի պալատի ինտերիերը կրկին ռեստավրացվել է։ Այսօր այստեղ տեղակայված է թագավորական գրադարանը, ընդունելությունների սրահները և Գլյուքսբուրգների թագավորական ճյուղի թանգարանային հավաքածուն։ Քրիստիան VIII-ի առանձնատունը կամ «Լևեցաուի առանձնատունը» բաց է հանրության առաջ։

Ֆրեդերիկ VIII առանձնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ VIII առանձնատունը, կամ Բրոկդորֆի առանձնատունը (դան․՝ Brockdorffs Palæ), կառուցվել է 1750-1760 թվականներին բարոն Իոախիմ Բրոկդորֆի (դան․՝ Joachim Brockdorff) համար։ 1763 թվականին նրա մահից հետո պալատը դարձել է հոֆմարշալ Մոլտկեի սեփականություն (դանիերեն A. G. Moltke)։ Երկու տարի անց առանձնատունը ձեռք է բերել թագավոր Ֆրեդերիկ V-ը (1723-1766 թթ.)։

1767 թվականից (Քրիստիան VII-ի (1749-1808 թթ.) օրոք) առանձնատունն օգտագործվել է որպես Կադետական Ակադեմիա։

Ֆրեդերիկ VI-ը (1768-1839 թթ.) առանձնատունը փոխանցել է իր դստերը` Արքայադուստր Վիլհելմինեին (դան․՝ Vilhelmine Marie af Danmark), երբ ամուսնացել է թագաժառանգ Ֆրեդերիկ VII-ի հետ։ 1837 թվականին այդ ամուսնության լուծարումից հետո և մինչև 1869 թվականը, երբ այստեղ բնակություն հաստատեց հաջորդ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկը, առանձնատունը ծառայել թագավորական ընտանիքի տարբեր անդամներին։ 1906 թվականին Ֆրեդերիկ VIII-ի թագավոր դառնալուց հետո պալատը ստացել է ներկայիս անվանումը։

Ռեստավրացումից հետո` 1934 թվականին առանձնատունը փոխանցվել է հաջորդ գահաժառանգին` Ֆրեդերիկ IX-ին և թագադիր արքայադուստր Ինգրիդին։ Այրիանալով, Ինգրիդ թագուհին (դան․՝ Dronning Ingrid) առանձնատանն ապրել է ընդհուպ մինչև իր մահը` 2000 թվականի նոյեմբեր։

Քրիստիան IX առանձնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիենսբորգի սյունաշարը, որն իրար է կապում Շակ (Քրիստիան IX) և Մալտկե (Քրիստիան VII) առանձնատները` չխանգարելով երթևեկությանը, ճարտարապետ` Քասպար Ֆրեդերիկ Հարսդորֆ

Հայտնի է Շակի առանձնատուն (Քրիստիան IX) անվան տակ, սկսել է կառուցվել 1750 թվականին։ Չորս տարի անց գաղտնի խորհրդական Սեվերին Լեվենսկիոլդը (դան․՝ Severin Løvenskiold) իր վրայից հանել է շինարարության համար ստանձնած տնտեսական պարտավորությունները և շենքն անցել է կոմսուհի Ա. Ս. Շակին (դան․՝ Anne Sophie Schak), ով այն փոխանցել է իր որդուն Հանս Շակին։ Վերջինս էլ 1757 թվականին դարձել է ֆելդմարշալ Մոլտկեի փեսան։ Մոլտկեն էլ իր հերթին, ոչ միայն գումար է տրամադրել շինարարությունն ավարտի հասցնելու համար, այլև ներգրավել է լավագույն արհեստավորներին ներքին հարդարման աշխատանքների համար։

Քրիստիանսբորգի առանձնատան հրդեհից հետո առանձնատունը ձեռք է բերվել գահաժառանգ Ֆրեդերիկ VI-ի համար։ Շենքն անցումով կապվել է Մոլտկեի առանձնան (Քրիստիան VII առանձնատուն) պատկերասրահոների հետ երկրորդ հարկի մակարդակով, որը հենվում է ութ հոնիական սյուների վրա և չի խոչընդոտում հարակից` Ամալիենգեյդ (դան․՝ Amaliegade - Ամալիայի փողոց) փողոցի տրանսպորտի երթևեկությանը։

1839 թվականից շենքն օգտագործվել է որպես Գերագույն Դատարանի և Արտաքին գործերի Նախարարության համար։

1863 թվականին առանձնատունը դարձել է Քրիստիան IX-ի անձնական առանձնատուն։ Այստեղից էլ առաջացել է առ այսօր գոյություն ունեցող անվանումը։ Քրիստիան IX-ը` այսպես կոչված «Եվրոպայի սկեսրայրը», ապրել է այստեղ մինչև իր մահը` 1906 թվականը[9]։

1967 թվականին Քրիստիան IX առանձնատունը փոխանցվել է Արքայադուստր Մարգարետին և Արքայազն Հենրիկին։ Քրիստիան IX առանձնատունը հանդիսանում է Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգարետ II-ի և Նորին Մեծություն Դանիայի արքայազն Հենրիկի պաշտոնական նստավայրը[6]։

Ֆրեդերիկ V -ի ձիով արձանը Ամալիենբորգի հրապարակի կենտրոնում, որը սկսվել է կառուցվել 1754 թվականին և ավարտվել է 1771 թվականին, քանդակագործ` Ժակ Սալի

Պատմաճարտարապետական համալիրի չափեր և բաղկացուցիչ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիենբորգ ճարտարապետական համալիրը ձգվում է հյուսիսից հարավ 203 մ, իսկ արևելքից արևմուտք 195 մ երկարությամբ։ Ութանկյուն հրապարակը չունի հավասար կողմեր։ Շենքերի կողմերն ունեն 46 մ երկարություն, Ամալիենգեյդ փողոցին հարող կողմը ձգվում է գրեթե 60 մետր երկարությամբ, իսկ Ֆրեդերիկսգեյդ փողոցի կողմից` մոտ 56 մ։ Ամալիենբորգ պատմա-ճարտարապետական համալիրի մեջ մտնում են[10].

  • Քրիստիան VII առանձնատունը կամ Մոլտկեի առանձնատունը
  • Քրիստիան VIII առանձնատունը կամ Լևեցուի առանձնատունը` Թագաժառանգի նստավայրը
  • Ֆրեդերիկ VIII առանձնատուն կամ Բրոկդորֆի առանձնատունը
  • Քրիստիան IX առանձնատունը կամ Շակի առանձնատունը` Թագուհու Նստավայրը
  • Սյունաշարը, որն իրար է կապում Մոլտկեի և Շակի առանձնատները
  • Մոլտկեի առանձնատանը Ֆրեդերիկսգեյդ փողոցի կողմից հարող հրապարակը
  • Բերնսթորֆի առանձնատունը (դան․՝ Bernstorffs Palæ) Բրեդգեյդ փողոցի կողմից. մասնավոր սեփականություն
  • Դեն առանձնատունը (դան․՝ Dehns Palæ) Բրեդգեյդ փողոցի կողմից. մասնավոր սեփականություն
  • Ֆրեդերիկի եկեղեցին, որը հայտնի է Մարմարյա Եկեղեցի անվամբ
  • Ֆրեդերիկ V-ի ձիով արձանը
  • Նավահանգստի կողմից ընդհատվող Ամալիայի զբոսայգին (դան․՝ Amaliehaven)

Ամալիենբորգի չորս պալատների հարևանությամբ` Քրիստիան IX և Քրիստոսի VII թագավորական պալատները միացնող սյունաշարերի հետևում` Ամալիեգեյդ փողոցի վրա գտնվում է Դեղին պալատը։

Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե այստեղ տեղակայված Սոֆի Ամալիենբորգի պալատն այրվել է հրդեհի հետևանքով, որը բռնկվել էր պալատական թատրոնում օպերային ներկայացման ժամանակ։ Փաստաթղթերում նշվում է, որ զոհվել է 171 մարդ։ Շենքը չի չի վերականգնվել։

Քրիստիան VII առանձնատան կամ Մոլտկեի առանձնատան ճակատը շենքի կառուցման ժամանակ զարդարված է եղել Թագավորական Փղի շքանշանով (դան․՝ Elefantordenen (R. E.)), քանի որ սեփականատերը հոֆմարշալ Ադամ Գոթլիբ Մոլտկեն եղել է Շքանշանի Ասպետ։ Ժամանակի ընթացքում այս դետալը կորել էր և միայն 2003 թվականին առանձնատան ռեստավրացումից հետո այն վերականգնվել է։

Դանիայի Մշակույթի նախարարությունը 2014 թվականի հոկտեմբերի 8-ին դիմել է Ֆինանսների նախարարությանը Ամալիենբորգի վերանորոգման աշխատանքեր սկսելու համար 34,2 միլիոն կրոն տրամադրել[11]։


Ամալիենբորգ ճարտարապետական համալիրի համայնապատկեր, կենտրոնում Մարմարյա եկեղեցին
Ամալիենբորգ ճարտարապետական համալիրի համայնապատկեր, կենտրոնում Մարմարյա եկեղեցին


Ամալիենբորգ հրապարակի համայնապատկեր, կենտրոնում Ֆրեդերիկ V-ի ձիով արձանը
Ամալիենբորգ հրապարակի համայնապատկեր, կենտրոնում Ֆրեդերիկ V-ի ձիով արձանը


Ճարտարապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական համալիրի հեղինակն է Նիկոլայ Էյտվեդը (դան․՝ Nicolai Eigtved; 1701-1754), ով իր գործունեությունը սկսել է Զելանդիա կղզու Ֆրեդերիկսբորգ պալատի պալատական այգեպանից և աճել է մինչև ռոկոկո ճարտարապետական ոճի խոշորագույն ճարտարապետ։ Նա Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (1754), Ազգային թանգարանի, Ֆրեդերիկի եկեղեցու և Կոպենհագենի այլ տեսարժան շինությունների հեղինակներից է[8][12]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիա, Կոպենհագեն, Ամալիենբորգ հրապարակ 6։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիական Թագավորությունը չկարողացավ պահպանել իր ի սկզբանե չեզոք դիրքը[13][14][15]։ Դանիայի դեմ Երրորդ Ռայխի ռազմական գործողությունները, որոնք սկսվեցին 1940 թվականի ապրիլի 9-ին տևեցին ընդամենը 6 ժամ. Դանիայի թագավոր Քրիստիան X-ը զենքը վայր դնելու հրաման արձակեց, Գերմանիայի հետ կնքվեց չհարձակվելու պայմանագիր[16]։

Ամալիենբուրգում երկու շենքերի միջև ստորգետնյա թունել կա փորված, որը հորատվել է 1945 թվականի հունվարին։ 31 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը հորատվել է Քրիստիան X- ի բնակելի պալատի և Քրիստիան VII առանձնատան միջև` Ֆրեդերկսգեյդ փողոցի հակառակ կողմում։ Այս միջոցառումը թելադրված է եղել թագավորական ընտանիքի անդամներին որպես պատանդ վերցնելու հնարավորություններից խուսափելու անհրաժեշտությունից[17]։ Այն ոչ մի անգամ չի օգտագործվել, բայց պահպանվում է առ այսօր[18]։

Հանդիսավոր արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն օր կեսօրին Ամալիենբորգ պալատական հրապարակում տեղի է ունենում Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգարետ II-ի պահակախմբի հերթափոխության հանդիսավոր արարողություն։ Սա հետաքրքիր երևույթ է, որը իրականացվում է երկու սցենարով։ Եթե թագուհին տվյալ պահին պալատում է, ապա տանիքի վրա դրոշ է բարձրացվում և արաողությունը մի փոքր ավելի երկար և հանդիսավոր բնույթ է կրում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան VII-ից մինչև Մարգարետ II տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jørgensen B. Storbyens Stednavne (դան.)København: Gyldendal, 1999. — P. 15. — 352 p. — ISBN 87-00-35610-7
  2. «Arksite Værkleksikon: Amalienborg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  3. "Amalienborg" i Den Store Danske
  4. «1001 fortællinger om Danmark». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  5. «Amalienborgmuseet - Amalienborgs historie». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Amalienborg er den kongelige families residens i København og består af fire identiske palæer. Ամալիենբորգը արքայական ընտանիքի նստավայրն է Կոպենհագենում, որը բաղկացած է չորս միանման առանձնատներից (դան.)
  7. «Forslag til Verdensarvslisten – Kulturarvsstyrelsen». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  8. 8,0 8,1 «Дворец Амалиенборг».
  9. Christian iX´s Palæ På amalienborg. Bygningshistorisk gennemgang af tag og balustrader(չաշխատող հղում) December 2013 Պատմական ակնարկ շինարարության մասին (դան.)
  10. «360° VR panorama av Amalienborg».
  11. Kulturministeriet. København, den 8. oktober 2014. (դան.)
  12. «Artist: Niels Eigtved». Պաշտոնական կայք.
  13. Вальтер Хубач (2006). «Захват Дании и Норвегии. Операция «Учение Везер». 1940-1941».
  14. «Телеграмма немецкого посланника в Дании фон Ренте-Финка, государственному секретарю фон Вайцзеккеру. 8 апреля 1940 г.». Беретнинг XII, Билаг. № 87. С. 172 f.
  15. «Королевство Дания». РУНИВЕРС.
  16. История Дании. ХХ век. / отв. ред. Ю. В. Кудрина, В. В. Рогинский. М.,. «Наука». 1998. стр.119, 120.
  17. «Amalienborgs hemmelige gange».
  18. Larsen, Jørgen. «Amalienborgs hemmelige gange». Berlinske. MANDAG D. 14. SEPTEMBER 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալիենբորգ» հոդվածին։