Դանիա-նորվեգական ռազմագործողություն
Նորվեգական օպերացիա, «Վեզերյուբունգ» գործողություն (գերմ.՝ Unternehmen Weserübung, 1940 թ․ ապրիլի 9-ից հունիսի 10), Երկրորդ համաշխարհային պատերազմի Նորվեգական ռազմագործողության շրջանակում Նացիստական Գերմանիայի հարձակումը Դանիայի և Նորվեգիայի վրա։
Դանիայի ռազմական ուժերը կազմում էին՝ Փոքրաթիվ կազմով 5 դիվիզիա և ոչ մեծ ռազմածովային նավատորմ, Նորվեգիայինը՝ 6 դիվիզիա (15,5 հազար մարդ, հետագայում՝ 50—55 հազար), 4 զրահակիր, 30 ականակիր, 9 սուզանավ և 190 ինքնաթիռ։ Դանիայի դեմ գործում էին գերմանական 2 դիվիզիա և 1 բրիգադ, Նորվեգիայի դեմ՝ 6 դիվիզիա (հետագայում ավելացավ ևս մեկ դիվիզիա), ընդամենը՝ 140 հազար մարդ, 1300 ինքնաթիռ և նավատորմի գլխավոր ուժերը։
1940 թվականի ապրիլի 9-ի առավոտյան գերմանական ցամաքային զորքերը, հանկարծակի ներխուժեցին Դանիա, միաժամանակ իջեցրին ծովային դեսանտներ։ Դանիական զորքերը չդիմադրեցին և հանձնվեցին։ Դրան հետևեց Նորվեգիայի ռազմակալումը, իբր որպես կանխարգելիչ խուսանավում ընդդեմ Նորվեգիայի՝ պլանավորված և բացահայտ քննարկվող ֆրանս-բրիտանական օկուպացիայի («Ռ-4 պլան»)։ Նորվեգիայում գերմանական զորքերը հանդիպեցին դիմադրության, նորվեգական առափնյա ուժերը զգալի կորուստներ պատճառեցին գերմանական նավատորմին։ Ապրիլի 10-ից սկսվեց գերմանական ցամաքային զորքերի հիմնական ուժերի տեղափոխումը ծովով և օդով։ Գերմանական զորքերը գրավեցին Հյուսիսային Նորվեգիայի մեծ մասը։ Անգլիայի ծովային հաղորդակցության ուղիներին սպասվող սպառնալիքը (Նորվեգիայի գրավման դեպքում) ստիպեց ֆրանս-բրիտանական հրամանատարությանը օգնել Նորվեգիային․ ուղարկելով 4 դիվիզիա, սակայն, նրանց հարձակումն ավարտվեց անհաջողությամբ։ Կենտրոնական Նորվեգիայում գործող նորվեգական զորքերը մայիսի 3-ին հանձնվեցին, Հյուսիսային Նորվեգիայում մարտերը փոփոխակի հաջողություններով շարունակվեցին մինչև հունիսի 8-ը։ Հունիսի 8—10-ին հանձնվեցին նորվեգական զորքերի մնացորդները, և Նորվեգիան ամբողջովին օկուպացվեց։ Նորվեգիայի գրավումով Նացիստական Գերմանիան ձեռք բերեց ստրատեգիական ամուր հենակետ Եվրոպայի հյուսիսում։
Գերմանական կողմը Դանիայի և Նորվեգիայի կառավարություններին հայտնեց, որ Վերմախտը եկել է պաշտպանելու երկրների չեզոքությունը ֆրանս-բրիտանական ագրեսիայից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 385)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիա-նորվեգական ռազմագործողություն» հոդվածին։ |