Ալոճենի
Ալոճենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Ալոճենի (Crataegus) L., 1753 |
Ալոճենի (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն[1]։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։
Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն։ Պտուղներից ստացված ջրիկ մզվածքը մտնում է կարդիովալենի բաղադրության մեջ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է, կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Տերևները պարզ են, հերթադիր կտրտված եզրերով։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։ Մեր հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունեն ընդամենը 2-ը՝ փշոտ և կարմրաբոսոր տեսակները։ Այս տեսակները տարածված են մեր Հանրապետության անտառային և մերձանտառային գոտիներում։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կվերցիտրին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են սապոնիններ և ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, կարոտին, դաբաղանյութ, գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուաթթու, ուրսոլաթթու, սորբիտ, ճարպային յուղեր, C վիտամին, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։
Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը[2]։
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Որպեսի ծաղիկները պահպանեն իրենց բնական տեսքը, խորհուդ չի տրվում հավաքել առավոտյան կամ անձրևից հետո։ Միայն չոր, արևոտ եղանակին հավաքված հումքը կարելի է չորացնել ստվերում, քամհարվող սենյակում՝ թղթի վրա բարակ շերտով փռված վիճակում։ Պատրաստի հումքը կարելի է պահել տուփերի մեջ, չոր, կիսամութ պայմաններում՝ 2 տարի ժամկետով։ Ըստ Վ․ Շյոնենբերգերի, դեղաբույսի պատրաստուկներն օգնում են սրտային թուլությանը, հատկապես բորբոքային երևույթներից հետո, գերհոգնածությանը, տարիքային վիճակի հետ կապված սրտային երևույթներին։ Դրանք պայմանավորված են դեղաբույսի մեջ պարունակվող վառ կարմրավուն նյութերով՝ ֆլավոնոիդներով։ Ֆրանսիայում, ծաղիկներին և պտուղներին զուգընթաց, նույն նպատակներով օգտագործում են նաև ալոճենու տերևները և երիտասարդ ճյուղերի կեղևը։ Ալոճենու դեղամիջոցները ուժեղացնում են մատնոցուկի, ստրոֆանթինի և հովտաշուշանի ազդեցությունը սրտի և անոթների վրա։ Ալոճենու դեղամիջոցների 1-2 ամսվա տևողությամբ կանոնավոր օգտագործումը լավ արդյունք է տալիս հիպերտոնիկ և սրտային բնույթի նեյրոցիրկուլյատոր դիստոնիաների ժամանակ՝ տևականորեն նաև ընդմիշտ վերացնելով սրտխփոցները, վերջույթների թմրեցումը, սրտի շրջանի ճնշման և ծանրության զգացումը, գխացավերը։ Կանոնավորվում է հիվանդների քունը, լավացնում է ինքնազգացումը, բարձրացնում տրամադրությունը, նորմալացնում է պուլսը, արյան ճնշումը։
Օգտակար հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Պտուղները և տերևները փոխարինում են թեյին և սուրճին։ Ալոճենին հիանալի դեկորատիվ ծառ է, մեղրատու, ամուր բնափայտով։ Լավ պատվաստակալ է տանձենու, սերկևիլենու և խնձորենու համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Боярышник обыкновенный, или колючий
- ↑ Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան-1983
- ↑ Թորոսյան Ա․ Ա․ Հայաստանի դեղաբույսերը, Երևան, Հայաստան, 1983
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոճենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոճենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 186)։ |
|