Ալբերտ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազարյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Ազարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 11, 1929(1929-02-11)[1][2][3]
Ծննդավայր՝Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[3]
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 5, 2023(2023-09-05)[4] (94 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան
Ակումբ՝Սպարտակ (Երևան)
175 սմ
Քաշ՝53 կգ

Ալբերտ Վաղարշակի Ազարյան (փետրվարի 11, 1929, Կիրովաբադ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 5, 2023, Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Ազարյան (1977)

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում` արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։

Նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է, օլիմպիական չեմպիոն (1980)[5][6][7]։

Ալբերտ Ազարյանը մահացել է կյանքի 94-րդ տարում` 2023 թվականի սեպտեմբերի 5ին[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. SportTopOlympic Champion Albert Azaryan dies aged 94
  5. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 9։
  6. Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1990, էջ 55։
  7. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր., Երևան, 2005, էջ 34։
  8. Մահացել է «Օղակների արքան»՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը
  9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. «Երևանում տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին». A1Plus. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 101