Ադոլֆ Արվիդսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Արվիդսսոն
շվեդ.՝ Adolf Ivar Arwidsson
Ծնվել էօգոստոսի 7, 1791(1791-08-07)[1][2]
ԾննդավայրPadasjoki, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա[1][3]
Վախճանվել էհունիսի 21, 1858(1858-06-21)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՎիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունլրագրող, գրադարանավար, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, բանաստեղծ, պատմաբան և գրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունՖինլանդիա և  Շվեդիա
ԿրթությունRoyal Academy of Turku?
ԱշխատավայրRoyal Academy of Turku?
Պարգևներ
ԶավակներThorsten A Arwidsson?[5]
 Adolf Ivar Arwidsson Վիքիպահեստում

Ադոլֆ Իվար Արվիդսսոն (շվեդ.՝ Adolf Ivar (Iwar) Arwidsson, օգոստոսի 7, 1791(1791-08-07)[1][2], Padasjoki, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա[1][3] - հունիսի 21, 1858(1858-06-21)[1], Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]), ֆին շվեդալեզու բանաստեղծ, գրող, լրագրող, պատմաբան[6]։ Հայտնի է որպես ֆիննական ազգային շարժման ոգեշնչողներից մեկը՝ «Ֆինլանդիայի անկախության գաղափարի առաջամարտիկ»։ Քաղաքական պատճառներով ստիպված է եղել տեղափոխվել Ֆինլանդիայից Շվեդիա։ Վտարանդիության մեջ Արվիդսսոնը զբաղվում էր պատմական հետազոտություններով, ինչպես նաև տպագրում էր հոդվածներ, որոնք վերլուծում էին Ֆինլանդիայում տիրող իրավիճակը և արտացոլում հայրենիքի զարգացման հնարավոր ուղիները։ Եղել է Ստոկհոլմի թագավորական գրադարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Իվար Արվիդսսոնը ծնվել է 1791 թվականի օգոստոսի 7-ին, Պադասյոկիում (Ֆինլանդիայի Պյայատ-Հյամե գավառ)։ Նրա մայրը՝ Աննա Կատարինա Մոլինը (1768-1843), քահանայի օգնականի դուստրն էր, իսկ հայրը՝ Արվիդ Ադոլֆ Արվիդսսոնը (1762-1832), կոշկակարի ընտանիքից էր և Պադասյոկիում ծառայում էր որպես քահանայի օգնական։ Ավելի ուշ, երբ Արվիդ Ադոլֆը ստացավ ծխական համայնքի ավագ քահանայի պաշտոնը, ընտանիքը տեղափոխվեց Լաուկաա (Կեսկի-Սուոմի գավառ (Կենտրոնական Ֆինլանդիա))։

Ադոլֆը սովորել է Պորվոոյի գիմնազիայում, այնուհետև` Աբո թագավորական ակադեմիայում, որտեղ 1814 թվականին ստացել է փիլիսոփայության թեկնածուի աստիճան[7]։ Ակադեմիայում սովորելիս նա սկսեց գրել քնարական և ռոմանտիկ բանաստեղծություններ՝ շվեդ բանաստեղծ Ֆրանս Միքայել Ֆրանսենի և գերմանացի բանաստեղծ Նովալիսի ստեղծագործություններով ոգեշնչված։

1815 թվականին նրան հաջողվեց հրատարակել իր առաջին բանաստեղծությունը։ 1817 թվականին «Միջնադարում սկիզբ առած ռոմանտիզմի ոգու պատմական տեսակետը» վերնագրով դիսերտացիան գրելուց հետո նա ստանում է դոցենտի կոչում, այնուհետև Արվիդսսոնը մեկ տարով մեկնում է Շվեդիա, որտեղ ծանոթանում է բազմաթիվ գրողների և հասարակական գործիչների, ինչպես նաև թագաժառանգ արքայազն Կառլ Յոհանի վստահված անձանցից մեկի հետ։

1820 թվականից սկսած Արվիդսսոնը սկսեց զբաղվել ակտիվ լրագրությամբ։ Նա գրել է մեծ թվով քաղաքական հոդվածներ, որոնք հրատարակել է ինչպես ֆիննական, այնպես էլ շվեդական թերթերում, իսկ 1821 թվականից սկսեց հրատարակել իր սեփական թերթը՝ Åbo Morgonblad («Աբոյի առավոտյան տերև»)։ Արվիդսսոնը գրել է այն վտանգների մասին, որում գտնվում է ֆիննական ժողովուրդը, ֆիններեն զարգացնելու, ազգային քաղաքացիական գիտակցության ձևավորման և Ֆինլանդական պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս գործունեության արդյունքում Արվիդսսոնը 1822 թվականին հեռացվեց Ակադեմիայից և հաջորդ տարի ստիպված եղավ արտագաղթել Շվեդիա։

Քանի որ Շվեդիան այդ տարիներին վարում էր զգուշավոր արտաքին քաղաքականություն և չէր ցանկանում ընդհարվել Ռուսաստանի հետ, Արվիդսսոնը չկարողացավ որևէ աշխատանք գտնել։ Միայն 1825 թվականին նա կարողացավ կրտսեր գրադարանավարի պաշտոնը ստանալ Ստոկհոլմի թագավորական գրադարանում։ Հաջորդ տարիների ընթացքում նա մասնակցեց տարբեր քննարկումների՝ Ֆինլանդիայի ճակատագրի մասին քիչ թե շատ ակտիվությամբ, որը դրսևորվում էր ինչպես թերթային հոդվածների, այնպես էլ անհատական բրոշյուրների հրապարակման միջոցով։

1843 թվականին Արվիդսսոնը նշանակվում է Ստոկհոլմի թագավորական գրադարանի տնօրեն, և նրան հանում են Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան «սև ցուցակից», որը նրան հնարավորություն էր տալիս ազատ ուղևորվելու Ֆինլանդիա։

Արվիդսսոնը հանկարծամահ է եղել 1858 թվականին, Ֆինլանդիա կատարած ուղևորության ժամանակ։ Արվիդսսոնը թաղված է Լաուկա քաղաքում, որտեղ նա ապրել է իր պատանեկության տարիներին։

Արվիդսսոնի գործունեության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվիդսսոնին առավել հայտնի է հաճախ իրեն վերագրվող «Մենք շվեդ չենք, չենք ուզում ռուս դառնալ, մենք ֆիններ ենք լինելու» կարգախոսով։ Իրականում սրանք նրա խոսքերը չեն, այլ նրա քաղաքական մտածողության էության գնահատականն է, որը 1861 թվականին տվել էր պրոֆեսոր Յոհան Սնելլմանը։ Արվիդսսոնի գաղափարների ավանդական տեսակետն այն է, որ նա ազգային ինքնության քարոզիչ էր, և համարվում էր անկախության գաղափարի առաջամարտիկ։ Նրա հայացքների նկատմամբ ավելի ժամանակակից, ավելի հավասարակշռված մոտեցումը ցույց է տալիս, որ դրանք բավականին հակասական են, և որ Արվիդսսոնը ոչ միանշանակ մոտեցում էր ցուցաբերում ֆիննական պետություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lärobok i Finlands historia och geografi för gymnasier och skolor / A. I. Arwidsson. Turku 1832 թվականին Ֆինլանդիայի պատմության և աշխարհագրության դասագիրքը հրատարակվել է առանց հեղինակի ցուցումների։ Արվիդսսոնի կողմից նախագծեր իրականացվեցին «Շվեդական հնություններ» եռահատորյակի հրատարակության և «Ֆինլանդիայի անցյալը լուսաբանող փաստաթղթեր»-ի տասն հատորանոց շարքի հրապարակման ուղղությամբ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1824 թվականին Արվիդսսոնը ամուսնացավ հանգուցյալ Բարոն Ֆրեդրիկ Արմֆելտի դստեր` Յոհան Կարոլինա Արմֆելտի (1795–1878) հետ։ Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում տարբեր դասերի ներկայացուցիչների միջև ամուսնությունը չափազանց հազվադեպ էր։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցան չորս երեխաներ`

  • Հուգո Իվար (1825-1886)
  • Տորստեն Ադոլֆ (1827-?)
  • Ալֆիլդ Յոհաննա (1829-1887)
  • Սիգրիդ Աուրա (1833-?)
    • Ադոլֆ Արվիդսսոնի թոռը՝ Իվար Արվիդսսոնը (1873-1936), կենդանաբան էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liisa Castrén: Adolf Ivar Arwidsson – Nuori Arwidsson ja hänen ympäristönsä. Otava, Helsinki 1944.
  • Liisa Castrén: Adolf Ivar Arwidsson isänmaallisena herättäjänä. Suomen Historiallinen Seura, Helsinki 1951.
  • Olavi Junnila: Ruotsiin muuttanut Adolf Iwar Arwidsson ja Suomi. Suomen Historiallinen Seura, Helsinki 1972.
  • Kari Tarkiainen: Adolf Ivar Arwidsson, in Matti Klinge (Hrsg.): Suomen kansallisbiografia 1. SKS, Helsinki 2003, 951-746-442-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Արվիդսսոն» հոդվածին։