Ապլղարիբ Արծրունին սերում էր Արծրունիների տոհմից, որի իշխանության տակ էր գտնվում Վասպուրականի թագավորությունը։ Սակայն XI դարում, չդիմանալով սելջուկ-թուրքերի արշավանքներին, թագավորության վերջին արքան` Սենեքերիմ Արծրունին հանձնեց իր տիրույթները Բյուզանդիային փոխարենը ստանալով մանր տարածքներ Փոքր Ասիայում։ Աբլղարիբ Արծրունին 1021 թվականին Մենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել Է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թվականներին նշանակվել Է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ Աբլղարիբը վերանորոգում է Լամբրոնը և ամրացնում Պապեռոնը, վերջինս էլ դարձնում իր աթոռանիստը իր իշխանական տիրույթում։ 1073 թվականին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել Է Գանձակից Կիլիկիա գաղթած Հեթումյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր Է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ-ի հետ, իր մյուս դստերը ամուսնացնելով նրա որդու՝ Դավիթ Բագրատունու հետ, որին հետո թունավորելով սպանեց, կասկածելով դավաճանության մեջ։ 1072 թվականին իր մոտ հյուրընկալել է Գևորգ Գ Լոռեցի հակաթոռ կաթողիկոսին։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել Է տնօրինման լայն իրավունքներ, մագիստրոսի կոչում, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար։ Մանազկերտի ճակատամարտի հետևանքով Ապլղարիբ Արծրունին անկախանում է։ Սակայն նրա պետությունը կարճ կյանք է ունենում։ Աբլղարիբ Արծրունին մահացել է 1080 թվականին և թաղվել Է Պապեռոնում։
Միքայել Չամչյան, «Պատմուիւն Հայոց», հատոր Բ, էջ 925, 995, 1005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։