Ricchi e Poveri

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ricchi e Poveri» (արտասանվում է «ռի՛կի է պո՛վերի» իտալ.՝ հարուստներ և աղքատներ), 1980-ականների սկզբի հայտնի իտալական փոփ-խումբ։ Սկզբնապես կվարտետ էր, 1981 թվականին դարձավ տրիո, իսկ 2016 թվականի մայիսին վերածվեց դուետի։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմ
Նախկին մասնակիցներ
  • Մարինա Օկկիենա, ծնվել է 1950 թվականի մարտի 19-ին Ջենովայում
  • Ֆրանկո Գատտի, ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Ջենովայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ricchi e Poveri խումբը ծնվել է Ջենովայում 1967 թվականին՝ երկու խմբերի բաժանման հետևանքով․ «I Jets» և «I Preistorici»։ «I Jets» խմբի կազմում էին Անժելո Սոտջուն, Ֆրանկո Գատտին և նրանց ընկերները։ Անժելա Բրամբատին «I Preistorici» տրիոյի կազմում էր։ Նա ծանոթ էր Անժելոյի և Ֆրանկոյի, շատ էր լսում «I Jets» և, երբ խումբը բաժանվեց, նա դուրս եկավ «I Preistorici» խմբից՝ եռյակ ստեղծելու նպատակով։ Այնուհետև Անժելան Ֆրանկոյին և Անժելոյին ծանոթացրեց Մարինա Օկկիենայի հետ, ով նույնպես վոկալով էր զբաղվում, և այդ կերպ, եռյակը վերածվեց պոլիֆոնային քառյակի՝ Fama Medium անվամբ, որը ստացվել էր անունների առաջին տառերի միացումից։ Fama Medium-ը իր սկզբնական ելույթները սկսել էր լողափերում՝ այն ժամանակվա հայտնի The Mamas & the Papas, The Manhattan Transfer և այլ խմբերի երգերը կատարելով, և կիթառով նվագակցելով։ Միլանում կայացած լսումներից հետո նրանց առաջին պրոդյուսերը դարձավ Ֆրանկո Կալիֆանոն, ով փոխեց խմբի անունը «Ricchi e Poveri», ինչպես նաև առաջարկեց մասնակիցների նոր ոճ։ Մարինան դարձավ շիկահեր, Անժելոյի բաց գույն ունեցող մազերը ավելի բաց երանգ ստացան, Անժելայի մազերը կարճ կտրեցին, իսկ Ֆրանկոն դարձավ երկարամազ։ Նոր անվան բացատրությունը Կալիֆանոն բացատրում էր նրանով, որ չորս մասնակիցներն էլ ֆինանսապես աղքատ էին, բայց հարուստ էին իրենց տաղանդով։

Խմբի երաժշտական կարիերան սկսվել է Ջենովայում 1968 թվականին, երբ այն մասնակցեց «Cantagiro» փառատոնին՝ «L’Ultimo Amore» («Վերջին սեր») երգով, որը «Everlasting Love» երգի իտալական քովեր-տարբերակն էր։ 1970 թվականին խումբը առաջին անգամ մասնակցեց Սան-Ռեմո փառատոնին՝ «La prima cosa bella» («Առաջին գեղեցիկ իրը») անվամբ: Այդ երգը գրել էր Նիկոլա Դի Բարին, և այն փառատոնում գրավել էր երկրորդ հորիզոնականը։ Նույն տարում նրանք ելույթ են ունենում «Festivalbar» փառատոնում՝ «In questa città» («Այս քաղաքում») երգով։

1971 թվականին «Ricchi e Poveri» նորից գրավեց երկրորդ տեղը Սան-Ռեմոյի փառատոնում՝ «Che sarà» («Ինչ կլինի») երգով, որը երաժիշտները կատարեցին Խոսե Ֆելիսիանոյի հետ։ «Che sarà»-ն դարձավ իրենց հայրենիքը լքող երիտասարդների հիմնը, ինչպես նաև դասական իտալական երգի համաշխարհային օրինակ։ Նույն տարում թիմը մասնակցել է RAI հեռուստաալիքի «Un trapezio per Lisistrata» երաժշտական կատակերգությունում։

1972 թվականին «Ricchi e Poveri»-ն նորից մասնակցեց Սան-Ռեմոյի փառատոնին «Un diadema di ciliege» («Բալով ապարոշ») երգով, ինչից հետո դարձան Ferrero ընկերության «Fiesta Snack» շոկոլադե սալիկի գովազդային դեմքը, մինչև 1977 թվականը։ 1973 թվականին նրանք Սան-Ռեմոյի փառատոնին մասնակցեցին «Dolce frutto» («Քաղցր միրգ»), որը նույն տարում ներկայացվել է «Un disco per l’estate» ռադիո-մրցույթում՝ նրանց «Piccolo amore mio» («Իմ փոքրիկ սեր») երգի հետ։ Այնուհետև նրանք նոր ձևով կատարեցին «Una musica» երգը «Rischiatutto» հեռուստահաղորդման ժամանակ, իսկ 1973 թվականին մասնակցել են «Canzonissima» ծրագրին «Ti penso sorrido e canto» երգով («Մտածում եմ քո մասին, ժպտում եմ ու երգում»): Նույն տարում «Ricchi e Poveri»-ն Կյարի Վալտերի հետ իրականացնում է թատերական շրջագայություն: 1974 թվականին նրանք նորից երգեցին «Un disco per l’estate»-ում` կատարելով «Povera bimba» («Խեղճ») երգը: Նույն տարում Ռայմոնդո Վյանելլոյի և Սանդրո Մոնդայնի հետ մասնակցեցին «Di Nuovo Tante Scuse» հեռուստահաղորդմանը, երգեցին նրանց ռեպերտուարից, սրամտեցին հաղորդավարների հետ, և իրենց ելույթն ամփոփեցին «Non pensarci più» («Ես այլևս չեմ մտածում քո մասին») երգով: Հեռուստահաղորդումն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հաջորդ տարի այն նորից կատարվեց, որի վերջում «Ricchi e Poveri»-ն կատարեց «Coriandoli su di noi» երգը:

1976 թվականին խումբը նորից մասնակցեց Սան-Ռեմոյի փառատոնին` իրենց «I Musicanti» ալբոմի «Due storie dei musicanti» («Երաժիշտների երկու պատմությունները») երգով: 1978 թվականին Ricchi e Poveri-ն ներկայացրեց Իտալիան Եվրատեսիլում` Դարիո Ֆարինի «Questo amore» («Սա սեր է») երգով` գրավելով 12-րդ տեղը: 1979 թվականին խումբը ձայնագրեց Մարինայի, Անջելոյի և Ֆրանկոյի կողմից գրված «Mama» երգը, որը դարձավ «Jet Quiz» հեռուստահաղորդման եզրափակիչ երգը: 1980 թվականին նրանք վերջին անգամ որպես կվարտետ թողարկեցին «La stagione dell’amore» երգը, և մի քանի ամիս անց այդ սկավառակի թողարկումից հետո ամառային շրջագայություն սկսեցին Իտալիայի բոլոր հարթակներով: Այդ շրջագայությունը կազմակերպել էր «Ռադիո Մոնտե Կարլո» կազմակերպությունը:

1981 թվականին խումբը եկավ Սան-Ռեմո` հանդես գալով փորձնական ներկայացումներին (իտալական հեռուստատեսությունը պահպանել է փորձերի վիդեոները): Սակայն, մրցութային ելույթին նախորդող օրը սկանդալ տեղի ունեցավ. խմբի անդամ Մարինա Օկկիենան հրաժարվեց ելույթ ունենալ և անձնական պատճառներով ու միայնակ կարիերա սկսելու համար լքեց խումբը: Չնայած վիճաբանություններին` «Ricchi e Poveri»-ն երեք հոգով ելույթ ունեցավ ռիթմիկ և հեշտ հիշվող «Sarà perché ti amo» երգով, ինչի շնորհիվ 10 շաբաթ շարունակ այն Իտալիայի հիթ-շքերթի առաջին տեղում էր, տարվա տվյալներով զբաղեցրեց 6-րդ տեղը[1]: Երգը հիթ դարձավ նաև Եվրոպայում, Ֆրանսիայում` 1981 թվականին գրավեց 8-րդ հորիզոնականը[2], Շվեյցարիայում բարձրացել է մինչև 2-րդ հորիզոնականը, Ավստրիայում` մինչև 7-րդը, Գերմանիայում` մինչև 11-րդ տեղը[3]: Արդյունքում այդ երգը ներառվեց Իտալիայի երաժշտության դասագրքերում: 1983 թվականին գերմանական հեռուստատեսությունում «Թոմի փոփ-շոու»-ում այդ երգով ունեցած ելույթը ներառվեց «Արտասահմանյան էստրադայի երաժշտություններն ու ռիթմերը» հաղորդման ամանորյա թողարկման մեջ,[4] որը դարձավ «Ricchi e Poveri» խմբի առաջին ելույթը սովետական հեռուստատեսությունում:

1981 թվականին թողարկված «E penso a te» ալբոմում ներառվեց նաև «Come vorrei» («Ինչպես կուզեի») երգը, որն իտալական հիթ-շքերթում բարձրացավ մինչև 3-րդ հորիզոնականը`[5] դառնալով «Portobello» հեռուստահաղորդման գրադրվագը: Այս շրջանում խումբը ստացավ բազմաթիվ մրցանակներ և պարգևներ. 1981 թվականին «Տարվա խումբ» անվանակարգ, 1982 թվականին «Premiatissima» հեռուստահաղորդման ժամանակ հաղթած «Sarà perché ti amo» երգի համար նրանց շնորհվեց ոսկե սկավառակ, ինչպես նաև ոսկե աղյուսակ RAI 5` այդ հեռուստաալիքում 2 եթերաշրջան հաղթելու համար: 1982 թվականին թողարկվեց «Մամա Մարիա» երգը, որը բարձր դիրք գրավեց եվրոպական հիթ-շքերթներում, 19 շաբաթ շարունակ եղավ Գերմանիայի հիթերի ցանկում[6], իսկ Իտալիայում թողարկված համանուն ալբոմը 1983 թվականի հիթ-շքերթում գրավեց 4-րդ հորիզոնականը[7]: Հաջորդ տարի Եվրոպայում թողարկվեց հանրահայտ «Voulez-vous danser?» («Կուզե՞ք պարել») ալբոմը: Նույն տարում խումբը դարձավ Չիլիի «Viña del Mar» երաժշտական փառատոնի պատվավոր հյուրը:

1985 թվականին «Ricchi e Poveri»-ն «Se m’innamoro» («Եթե ես սիրահարվեմ») երգով հաղթեց Սան-Ռեմոյի փառատոնում` արժանանալով հանդիսատեսի 1506812 ձայներին, բարձրանալով Իտալիայի հիթ-շքերթի 6-րդ հորիզոնականին[8] ինչպես նաև իրականացրեց շրջագայություններ Ավստրալիայում: Փառատոնի հաղթանակին ավելանում է նաև Ֆրանսիայում վաճառված սկավառակների հսկայական քանակի համար շնորհված Medien պարգևը: 1986 թվականի ամռանը եղան առաջին շրջագայությունները Սովետական Միությունում, որոնք ներառում էին 44 համերգներ` 780 հազար հանդիսատեսով: 1986 թվականի նոյեմբերի 21-ին Կենտրոնական հեռուստատեսությունը ցույց տվեց համերգի հեռուստատարբերակը:

1987 թվականին խումբը Սան-Ռեմոյի փառատոնում գրավեց 7-րդ հորիզոնականը` Տոտո Կուտունյոյի «Canzone d’amore» («Երգ սիրո մասին») երգով, և թողարկում է վերջին նոր երգերով ալբոմը՝ «Pubblicità»-ն: Դրանից հետո թողարկված ալբոմներն արդեն վերամշակումներ են` փոքրաթիվ նոր երգերով («Baciamoci» («Համբուրվենք»), 1994, հեղինակ` Ումբերտո Նապոլիտանո, «Parla col cuore» («Խոսի՛ր մաքուր սրտից»), 1998):

1988 թվականին երաժիշտները բավականին բարդ երգով` «Nascerà Gesu» գրավում են 9-րդ հորիզոնականը Սան-Ռեմոյի փառատոնում: Երգը նվիրված էր գենային ճարտարապետության խնդիրներին, այդ իսկ պատճառով այն հանրության և քննադատների կողմից բազմանշանակորեն ընդունվեց: Սակայն 1989 թվականի փառատոնի ժամանակ կատարած նախկին պրոդյուսեր Էրոսա Ռամացոտտի Պյերո Կասսանոյի գրած «Chi voglio sei tu» («Նա ով ինձ պետք է, դու ես») երգը ավելի հետաքրքրեց ունկնդիրներին, և երգը գրավեց 8-րդ հորիզոնականը: 1990 թվականի փառատոնային «Buona giornata» երգը դարձավ իտալական հեռուստատեսային հաղորդումներից մեկի գրադրվագը: 1991 թվականին խմբի անդամները պայմանագիր են կնքում RAI հեռուստատեսության հետ, և դառնալով հայտնի Domenica in հեռուստահաղորդման հաղորդավարներ` թողարկում են «Una domenica con te» ալբոմը: 1992 թվականին Ricchi e Poveri-ն Սան-Ռեմոյի փառատոնին ներկայացան Տոտո Կուտունյոյի «Così lontani» («Այնքան հեռու») երգով, իսկ հաջորդ տարի պայմանագիր կնքեցին իտալական Mediaset հեռուստաալիքի հետ: Նույն տարում նրանք ձայնագրում են «Allegro italiano»  տրիբյուտ-ալբոմը` իտալական հայտնի երգերի սեփական տարբերակները.«Caruso» («Կարուսո»), «L’italiano» («Իտալացին»), «Ti amo» («Ես սիրում եմ քեզ») և այլն: Այս տարիներին RIcchi e Poveri-ն համագործակցեց Rete 4 հեռուստաալիքի հետ, և նկարահանվելով «La donna del mistero» («Խորհրդավոր կինը») հայտնի հեռուստասերիալի նոր տարբերակում` «La vera storia della donna del mistero» («Խորհրդավոր կնոջ մասին մեկ այլ պատմություն») սերիալում, մեծ հաջողություն գրանցեց: Հաջորդ տարիներին բազմիցս հյուրընկալվեցին Պատրիցիա Ռոզետտիի վարած A casa nostra հեռուստահաղորդմանը: 1998 թվականին եռյակը թողարկեց իրենց լավագույն երգերը և Ֆաբրիցիո Բերլինչյոնի հետ համահեղինակած 6 նոր երգեր («Mai dire mai» («Երբեք մի ասա երբեք»), «La stella che vuoi» («Աստղը, որ դու կցանկանաս») և այլն) ներառող «Parla col cuore» ալբոմը: 2004 թվականին Ricchi e Poveri-ն մասնակցեց Music Farm ռեալիտի-շոուին` հաղթելով Լորեդանա Բերտեյի մարտահրավերը և եզրափակչում գրավելով 3-րդ հորիզոնականը: 1994-2008 թվականներին խումբը բազմաթիվ հյուրախաղեր անցկացրեց Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Մոլդովայում, Հունաստանում, Լիտվայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Սլովենիայում, Հունգարիայում, Կանադայում և ԱՄՆ-ում: Ինչպես նաև մասնակցություն ունեցավ տարբեր հեռուստատեսային ներկայացումներում: Այսօրվա դրությամբ խմբի սկավառակները վաճառված են ավելի քան 20 միլիոն օրինակով: 2012 թվականին խումբը` 14-ամյա դադարից հետո, թողարկեց մի քանի նոր երգով «Perdutamente Amore» ալբոմը: 2008 թվականին թողարկվում է «Mamma Maria (The Hits Reloaded)» սկավառակը` ժամանակակից պարային ռիթմերով:

2013 թվականին չեղարկվում է նրանց ելույթը Սան-Ռեմոյի փառատոնում, Ֆրանկո Գատտին հայտնում է իր 23-ամյա որդի Ալեսսիոյի մահվան մասին, բայց միևնույն է մնում է բեմի վրա: 2016 թվականի մայիսի 4-ին Ֆրանկո Գատտին լքում է խումբը` իր ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու նպատակով[9]: Անժելան ու Անժելոն հարգեցին նրա որոշումը` հայտնելով երկրպագուներին, որ կշարունակեն իրենց գործունեությունը առանց Ֆրանկոյի: Այժմ խումբը մասնակցում է ռուսական և արտասահմանյան բազմաթիվ հաղորդումներին, և շարունակում է շրջագայել աշխարհով:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ТВ Центр հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ Անժելան ու Անժելոն խոստովանում են, որ մի ժամանակ սիրահարված են եղել, և նույնիսկ որոշել էին ամուսնանալ: Չնայած չկայացած հարսանիքին` նրանք լավ ընկերներ դարձան[10]: Երբ նրանք սկսեցին հանդիպել, Անժելան ընդամենը 16 տարեկան էր:
  • Ռուսաստանում շրջագայելու ժամանակ երգիչները հարցրել էին, թե որն է Ռուսաստանում կնոջը հարգանքով դիմելու ձևը, և նրանց պատասխանել էին տատիկ (бабушка): Այդժամ նրանք բեմից սկսել էին կանչել. «Ողջու՜յն, տատիկնե՜ր»[11]:
  • 1980-ական թվականներին Չեխոսլովակիայում մի նմանակող խումբ կար Triky a pověry, որի անվանումը, երաժշտության ու հագուստի ոճն ու կազմը (երկու տղամարդ և մի կին) պարզ հղվում էր Ricchi e Poveri խմբին: Այդ տրիոյի կազմում էին տեքստերի հեղինակ, երաժիշտ և շոումեն Կարել Շիպը, կոմպոզիտոր և դերասան Յարոսլավ Ուգլիրժը և երգչուհի Պետրա Յանուն: Խումբը կատարել է ինչպես հայտնի իտալական հիթերի չեխերեն տարբերակները, այնպես էլ չեխական երգեր, որոնց մեղեդիները նման էին իտալական դիսկոյին[12]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարային ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 — Ricchi e Poveri
  • 1971 — Amici Miei
  • 1971 — L’Altra Faccia Dei Ricchi e Poveri
  • 1974 — Penso Sorrido E Canto
  • 1975 — RP2
  • 1976 — I Musicanti
  • 1976 — Ricchi e Poveri
  • 1978 — Questo Amore
  • 1980 — La Stagione Dell’Amore
  • 1980 — Come Eravamo
  • 1981 — ...E Penso A Te
  • 1982 — Mamma Maria
  • 1983 — Made In Italy
  • 1983 — Voulez-Vous Danser
  • 1985 — Dimmi Quando
  • 1987 — Pubblicita
  • 1990 — Una Domenica Con Te
  • 1992 — Allegro Italiano
  • 1998 — Parla Col Cuore
  • 2012 — Perdutamente Amore

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 — Profili Musicali
  • 1983 — Made In Italy
  • 1983 — Ieri E Oggi
  • 1990 — Canzoni D’Amore
  • 1990 — Buona Giornata E
  • 1993 — Anche Tu
  • 1996 — I Nostri Successi
  • 1997 — Un Diadema Di Canzoni
  • 1997 — Piccolo Amore
  • 1998 — The Collection
  • 2000 — I Successi
  • 2001 — Made In Italy
  • 2015 — Super Hits Collection
  • 2016 — My Star

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]