Jump to content

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Շենգավիթ վարչական շրջան
ՀասցեԿաշեգործների 233
Հիմնադրվել էմայիսի 5, 2006
Կայքzoravar-andranik.mus.am
Քարտեզ
Քարտեզ

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, բացվել է 1995 թվականին, Անդրանիկ Օզանյանի 130-ամյակի կապակցությամբ, այնուհետև 2 տարի անց փակվել և կրկին վերաբացվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ[1]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի թանգարանի երկու ընդարձակ դահլիճներում ներկայացվում են ֆիդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում։ Առանձին ցուցատախտակներով ներկայացվում է ֆիդայական շարժման պատմությունը, ֆիդայիների, հայդուկների (Անդրանիկ, Աղբյուր Սերոբ, Մախլուտո, Սևքարեցի Սաքո, Գարեգին Նժդեհ և այլք) մասին նյութեր, նկարներ, փաստաթղթեր, անձնական բազմաթիվ իրեր, որոնք 30 տարիների ընթացքում հավաքվել են թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանի կողմից։

Առանձին ներկայացվում են նշանավոր զորավար Անդրանիկի անձնական իրերը՝ բերված Բուլղարիայի նրա տնից՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ, թերթեր, գրքեր, շքանշաններ և այլն։ Թանգարանում ներկայացվում են բազմաթիվ գրքեր և ալբոմներ հայդուկների, Հայկական հարցի, Արցախյան պատերազմի մասին։

Թանգարանի հետաքրքիր և արժեքավոր իրերից են Անդրանիկի՝ Բալկանյան պատերազմին մասնակցած թուրը[2], Առաջին կամավորական գնդի, որի հրամանատարն էր Անդրանիկը, շեփորը, Անդրանիկի՝ Բուլղարիայի տան մանրակերտը, ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի մակետը, Մշո Սուրբ Առաքելոց վանքի մակետն ու զանգը, Արա Շիրազի կերտած Անդրանիկի քանդակը, Անդրանիկին Դսեղում նվիրած դաշույնը, Թումանյանի և Անդրանիկի՝ Թիֆլիսում 1917-1918 թվականներին հրատարակած «Հայաստան» օրաթերթի բոլոր համարները, թերթի խմբագրատան գրիչը, գրասենյակային իրերը, Մախլուտոյի (Սմբատ զորավար) անձնական իրերը՝ հին պատի ֆոնը, ժամացույցը, Սերոբի դաշույնը և այլն։

Թանգարանի մասն է կազմում նաև շինության կից փոքրիկ պուրակը, որտեղ տեղադրված են մի քանի ֆիդայիների քանդակները։

Թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան զբոսայգում, հայոց մեծերի պանթեոնի հարևանությամբ՝ Կաշեգործների 233 հասցեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Զորավար Անդրանիկ» Ֆիդայական Շարժման Թանգարան. Թանգարան ք․ Երևան». zoravar-andranik.mus.am. Վերցված է 2025 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան». IZI Travel (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]