Օռլանդո (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլանդո
անգլ.՝ Orlando: A Biography
ՀեղինակՎիրջինիա Վուլֆ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
ԹեմաԼԳԲՏ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդԴեպի փարոսը
ՀաջորդԱլիքներ (վեպ)
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1928
OCLC297407
Թվային տարբերակarchive.org/details/orlandobiography0000virg/mode/2up
 Orlando: A Biography Վիքիպահեստում

«Օռլանդո» (անգլ.՝ Orlando: A Biography), երգիծական մոդեռնիստական վեպ՝ գրված անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆի կողմից։ Առաջին անգամ հրատարակվել է 1928 թվականի հոկտեմբերի 11-ին։

Սա կեղծ-կենսագրական վեպ է, որը մասամբ գրված է Վիրջինիա Վուլֆի ընկերուհու՝ Վիտա Սեկվիլ-Ուեստի կենսագրության հիման վրա, համարվում է Վիրջինիա Վուլֆի ամենահեշտ կարդացվող գրքերից մեկը։

«Կենսագրություն» խաբուսիկ ենթավերնագիրը կրող գիրքը արտաքինից գիտական ակնարկի է նման և հագեցած է անձնական տարրերով, Օռլանդոյի լուսանկարներով (նրա դերում ներկայացել է անգլիացի գրող Վիկտորիա Սեկվիլ-Ուեստը), որտեղ հեղինակը շնորհակալություն է հայտնել «Բլումսբերի» ստեղծագործական ընկերության բոլոր մասնակիցներին՝ օգնության և բարոյական աջակցության համար (ներառյալ նաև իր մանկահասակ զարմիկներին՝ Ջուլիանին և Քվենտինին) և անկեղծ երախտագիտություն է հայտնել Դանիել Դեֆոյին, Լորենս Սթեռնին, Վալտեր Սքոթին, Էմիլի Բրոնտեին, Դե Քվինսիին, Ուոլթեր Փաթերին և իր բոլոր սիրելի գրողներին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն ընդգրկում է 350 տարվա պատմություն։ Այս վեպի առաջին կեսում՝ Օռլանդոն տղամարդ է, երկրորդում՝ կին։

Առաջին մասը և Օռլանդոյի պատմությունը սկսվում է թագուհի Ելիզավետա Iդարաշրջանում, որը սիրահարվում է տասնվեցամյա պատանուն և դարձնում իր սիրելին։

Մահվան մահճում Ելիզավետան մեծ կարողություն է թողնում նրան՝ փոխարենը խնդրելով միշտ մնալ երիտասարդ և երբեք չթառամել։ Երկրորդ մասում նկարագրվում է Օռլանդոյի առաջին խոր զգացմունքի՝ ռուս դեսպանի աղջիկ Սաշայի հանդեպ տածած սերը, որին նա հանդիպել էր 1607 թվականի Մեծ ցրտերի ժամանակ՝ սառցե Թեմզայի վրա սահելիս։ Բայց Սաշան նրա զգացմունքները չի կիսում, և նա, կանանցից հիասթափվելով, մեկուսանում է իր կալվածքում և մի ամբողջ շաբաթ խորը քնում։ Արթնանալով՝ Օռլանդոն իր համար նոր հետաքրքրություն է գտնում՝ պոեզիան. նա Լոնդոնից հրավիրում է հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Փոփին, որպեսզի նրա հետ զրուցի արվեստի մասին, սակայն նա նույնպես չի արդարացնում իր հույսերը։

Հերթական պատրանքերից սթափվելով՝ Օռլանդոն մեկնում է Կոստանդնուպոլսի դեսպանատուն և սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ. այդպես է սկսվում վեպի չորրորդ մասը։ Սակայն, մի առավոտ արթնանում է հակառակ սեռի ներկայացուցչի տեսքով։ Նա վերադառնում է Անգլիա, որտեղ իր բացակայության ընթացքում սկսվել էր Լուսավորության դարաշրջանը։

Նա բարձր հասարակության անդամ է դառնում, այցելում է հավաքույթների, բայց ձանձրանում է նաև այդ զբաղմունքից։ Հասարակության հետ կապերը խզելով՝ Օռլանդոն ծանոթանում է Մարմադյուկ Շելմերդինի հետ և սիրահարվում նրան։ 20-րդ դարի սկզբին Օռլանդոն դառնում է գրող և մայրանում է։ Այսպես ավարտվում է վեպը։

Վեպի բանաստեղծական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանտաստիկ, գրոտեսկային բովանդակության «Օռլանդո» վեպը գրված է մի քանի պատմելաոճերով։

Շատախոս կենսագիր-պատմողի դիդակտիկական խոսելաձևը (Սթեռնյան անկաշկանդությամբ անընդհատ հեռանում է հիմնական թեմայից և վստահորեն դիմում է ընթերցողներին, ինչպես կդիմեր մտերիմ զրուցակիցներին) զուգորդվում է հեղինակի չեզոք ձայնի հետ, որն իր հերթին արտահայտվում է Օռլանդոյի ներքին մենախոսությունների և քնարական մտորումների մեջ։

Պոլիֆոնիայի էֆեկտն ուժեղանում է ստիլիզացիայի լայն կիրառման հետևանքով. 17-րդ դարի նամակային և հուշավիպական գրականությունը (երրորդ՝ «ստամբուլյան» գլխում մեջբերումներ են արված լեյտենանտ Բրիգգեի օրագրից և հուզավառ Պենելոպա Հարթոպի նամակներից, որոնք նկարագրում են Օռլանդոյի՝ Լոգարանի շքանշանով պարգևատրման արարողությունը), ինչպես նաև թերթերի զեկույցները, պատմական տարեգրությունները, ծանրակշիռ իրավական փաստաթղթերը, տնտեսվարական ցուցակագրությունները և այլն։ «Կենսագրության» կարևոր մասն են կազմում բազմաթիվ ակնարկները և մեջբերումները, որոնց շնորհիվ վեպի վեց գլուխներից յուրաքանչյուրի կառուցվածքն արտացոլում է անգլիական գրականության այս կամ այն ժամանակաշրջանի յուրահատկությունները[2]։ Ըստ էության, Օռլանդոյի պատմությունը անգլիական գրականության և պատմության երևակայական ժամանակագրությունն է։ Օրինակ՝ սեռի փոփոխությունը խորհրդանշում է վիկտորիական շրջանում գրականության կանացի բնույթը՝ ի տարբերություն տասնյոթերորդ և տասնութերորդ դարերի գրականության խիստ տղամարդկայնությանը[3]։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ոճական ազդեցություն է թողել 20-րդ դարի այլ վեպերի վրա։ Քննադատներն այն կանանց կողմից գրված գործերի շարքում կարևոր ստեղծագործություն են համարում գենդերային ուսումնասիրությունների համար։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին գրքի մոտիվներով նկարահանվել է «Օռլանդո» ֆիլմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Николай Мельников О Набокове и прочем: Статьи, рецензии, публикации. М.: Новое литературное обозрение, 2014. С. 293. ISBN 978-5-4448-0185-7
  2. Николай Мельников. Указ. изд. С. 292-293.
  3. 50 английских романов. Краткий универсальный справочник. Под ред. Абрахама Г. Ласса. Челябинск "Урал LTD", 1997. С. 425.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլանդո (վեպ)» հոդվածին։