Քրիստոսն անդունդից (արձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
Քրիստոսն անդունդից
տեսակstatue of Jesus?
քանդակագործԳուիդո Գալետտի
տարի1954
նյութբրոնզ
գտնվում էPortofino marine protected area?
քաղաքԿամոլի
 Christ of the Abyss Վիքիպահեստում

«Քրիստոսն անդունդից» (իտալ.՝ Il Cristo degli Abissi), Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան, որը տեղադրված է Միջերկրական ծովի հատակին։ Քրիստոսի 2.5 մետրանոց արձանը տեղադրված է 17 մետր խորության վրա՝ Սան Ֆրուտուոզո ծովախորշում (իտալ.՝ San Fruttuoso, Ջենովայից ոչ հեռու, Լիգուրիա պատմական շրջանում), Իտալական ռիվիերայում։ Արձանը տեղադրվել է 1954 թվականի օգոստոսի 22-ին։ Բացի այդ աշխարհում կան նաև այս արձանի բազմաթիվ կրկնօրինակներ և նույն թեմայով այլ ստեղծագործություններ, որոնք կրկին կոչվում են «Քրիստոսն անդունդից»[1]։

Բնօրինակ արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկչի ստորջրյա արձանի ստեղծման գաղափարը առաջացել է իտալացի ջրասուզակ Դուիլիո Մարկանտեի գլխում (իտալ.՝ Duilio Marcante): Այդ միտքը ծագեց այն ժամանակ, երբ զբաղվում էր խորջրյա մեդիտացիայով։ Բացի այդ, զուտ կրոնական նկրտումներից ելնելով, նա ուզում էր կանգուն պահել մեկ այլ իտալացի ջրասուզակ Դարիո Գոնզատիի (ֆր.՝ Dario Gonzatti) հիշատակը, ով առաջին իտալացի ջրասուզակն էր, որը զոհվեց այդ ջրերում 1947 թվականին[1]։

Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը ստեղծել է քանդակագործ Գուիդո Գալետտին (ֆր.՝ Guido Galletti): Արձանի բարձրությունը կազմում է 2,5 մետր[1]։ Փրկչի դեմքը հեղինակը քանդակել է վեր պարզած՝ դեպի ծովի մակերևույթն ու նրա վրա տարածվող երկնակամարը։ Քրիստոսի երկու ձեռքերն էլ վեր են պարզած։

Սան Ֆրուտուոզո ծովախորշը

Այս արձանը մեծ հայտնիություն է վայելում հատկապես ջրասուզակների շրջանում։ Դրան նպաստում են նաև Սան Ֆրուտուոզու ծովախորշի ջրերի թափանցիկությունը։ 2003 թվականին, երբ լրացավ արձանի ջրում տեղադրելու հիսնամյակը, որոշվեց այն դուրս բերել ծովի հատակից, որովհետև այդքան տարիների ընթացքում այն պատվել էր ջրիմուռներով։ Բացի այդ, վնասվել էր նաև ձեռքի մի հատվածը անհաջող նետված խարիսխի պատճառով։ Այսպիսով, դուրս բերվեց ջրից արձանը, մաքրվեց, ենթարկվեց ռեստավրացիայի։ Իսկ ծովի հատակին տեղադրվեց լրիվ նոր պատվանդան։ 2004 թվականի հուլիսի 17-ին կրկին արձանը իջեցվեց և տեղադրվեց հին տեղում[1]։

Կրկնօրինակներ և տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն «Քրիստոսն անդունդից» բնօրինակ արձանի երկու կրկնօրինակներ՝ ձուլված նույն կաղապարով։ Առաջինը գտնվում է Կարիբյան ավազանի կղզային պետություններից Գրենադայի մայրաքաղաք Սենտ Ջորջեսի ծովափին։ Արձանը քաղաքին որպես ընծա նվիրել է ջենովական ծավային «Costa Line» ընկերությունը։ Այն նվիրվել է որպես երախտագիտության նշան, քանի որ 1961 թվականի հոկտեմբերի 24-ին Սեն Ջորջես նավահանգստում Գրենադայի բնակիչները իտալական «Բիանկա C» նավի հրդեհի ժամանակ օգնություն են ցուցաբերել ու փրկել ուղևորներին և բեռները։ Սկզբնական շրջանում քանդակը տեղադրվեց ջրի հատակին, սակայն, հետո այն դուրս բերվեց ջրից ու տեղադրվեց քաղաքային ծովափին[1]։

«Քրիստոսն անդունդից» երկրորդ կրկնօրինակը իտալական դայվինգի ներկայացուցիչները 1962 թվականին նվիրեցին «Ամերիկյան ստորջրյա ընկերությանը»։ 1965 թվականի օգոստոսի 25-ին Քրիստոսի արձանը տեղադրվեց ութ մետր խորության մեջ Ֆլորիդա նահանգի Կի Լարգո տեղանքում՝ Dry Rocks[1] կորալային խութերում:

Դուիլիո Մարկանտեին նվիրված հուշատախտակ

1993 թվականին այն ձուլարանում, որտեղ պատրաստվել էին Քրիստոսի արձանները, հայտնաբերվեց նախնական գլխավոր կավե քանդակը, սակայն, բացակայում էին ձեռքերը։ Հետագայում այդ արձանը, ռեստավրացիայի ենթարկվեց, ավելացվեցին ձեռքերը և այն տեղ զբաղեցրեց իտալական Ռավեննայի Ազգային ստորջրյա լողի թանգարանում[2]։

Քրիստոսի արձանին նման, բետոնե 13 տոննայանոց արձան տեղադրվել է Մալթայան կղզեխմբի Սուրբ Պողոս կղզում, ծովի հատակին։ Արձանը կրկին նույնն անվանումն ունի (մալթ.՝ Kristu L-Bahhar): Այդ արձանը տեղադրվել է 1990 թվականին ի հիշատակ նույն թվականին այստեղ այցելած Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի։ Սկզբնական շրջանում արձանը տեղադրվել է 38 մետր խորության մեջ, սակայն 2000 թվականին տեղափոխվել է և բերվել 10 մետր խորության վրա։ Դա արվել է այն պատճառով, որ ջրի որակը վատթարացել է և բնական լուսավորությունը կտրուկ նվազել[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Jerry Wilkinson. «Christ of the Deep». Keyshistory.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  2. «National Museum of Underwater Activities, Ravenna». Официальный сайт (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  3. George Cini (2000 թ․ մայիսի 18). «Underwater statue of Christ moved to new site out at sea» (PDF). The Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]