Քրիդենս քլիրուոթր ռիվայվլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիդենս քլիրուոթր ռիվայվլ
Creedence Clearwater Revival 1968.jpg
Բնօրինակ անունCreedence Clearwater Revival
ԵրկիրԱՄՆ, Կալիֆոռնիա
Ժանրերհարավային ռոք, բլյուզ-ռոք, քանթրի ռոք, ռոքնռոլ, ռութս ռոք, սուոմփ ռոք, սիխոդելիկ ռոք
Գործունեություն1967-1972
ԼեյբլFantasy Records[1]
ՊարգևներՌոքնռոլի փառքի սրահ
Կայքcreedence-online.net
Նախկին անդամներ
Ջոն Ֆոգերտի
Սթյու Քուք
Դուգ Քլիֆորդ
Թոմ Ֆոգերտի
Creedence Clearwater Revival Վիքիպահեստում

Քրիդենս քլիրուոթր ռիվայվլ (անգլ.՝ Creedence Clearwater Revival, «Մաքուր ջրի վերածննդի հավատք», համառոտ՝ CCR, հաճախ՝ Քրիդենս անգլ.՝ Creedence ), 1967 թվականին ստեղծված ամերիկյան ռոք խումբ, որը գոյության հինգ տարիների ընթացքում արժանացել է համաշխարհային հռչակի և քննադատների բարձր գնահատականի։ Քրիդենսը ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում, և ամենասկզբում եղել է սուոմփ բլյուզ ոճի ազդեցության տակ։ Առաջին երգերում («Born On The Bayou» և այլն.) Քրիդենսը ստեղծել է «բարի հարավի հասարակ տղաների» լեգենդը[2], որին համապատասխանում էին վոկալիստ Ջոն Ֆոգերտիի հատուկ լղոզած առոգանությունը և երաժիշտների կերպարները։ Դասական ռոքի ընդհանուր շարքում խումբը առանձնանում էր արտաքնապես պարզ, բայց վարպետորեն ոճավորված տեքստերով, որոնք հագեցած էին սոցիալական դիտարկումներով և քաղաքական հայտարարություններով, հատկապես Վիետնամական պատերազմի թեմայով՝ («Fortunate Son», «Have You Ever Seen The Rain?»).

Քրիդենսը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ։ Բոլորն էլ դարձել են հիթեր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[3][4]: Խումբը աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 120 մլն ալբոմ, որոնց ձայնասկավառակները տարեկան միջին հաշվով երկու մլն տիրաժի թողարկում ունեն[5]։ Միայն ԱՄՆ-ում խումբը վաճառել է ավելի քան 26 մլն ալբոմ[6]։

Քրիդենսի 14 սինգլ մտել են Billboard Hot 100 աղյուսակ, նրանցից յոթը բարձրացել են երկրորդ հորիզոնական[7]։ Մեծ Բրիտանիայում «Bad Moon Rising» (1969) սինգլը գլխավորել է UK Singles Chart սինգլների աղյուսակը, հինգ այլ սինգլներ մտել են թոփ 20-ի մեջ[4]։ 1993 թվականին Քրիդենսը մտցվել է Ռոքնռոլի փառքի սրահ[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիդենս քլիրուոթր ռիվայվլի պատմությունը սկսել է Կալիֆոռնիայում Սան Ֆրանցիսկոյի Էլ Սերիտո արվարձանում, որտեղ Ջոն Ֆոգերտին՝ ինքնուրույն կիթառ նվագել սովորելուց հետո և Դուտ Կլիֆորդը (հարվածային գործիքներ) 1959 թվականին ստեղծել են The Blue Velvets անունով խումբը, որի կազմում շուտով հայտնվել է Սթյու Քուքը (դաշնամուր)։ Երեքն էլ սովում էին Էլ Սերիտոյում և դպրոցական ընկերներ էին։ Տարեվերջին խումբը սկսել է ելույթ ունենալ տեղական տոնավաճառներում և երեկույթների ժամանակ։ Նաև հայտնվել է տեղական ձայնագրման ստուդիաներում, որտեղ երբեմն նվագակցում էր համեմատաբար ավելի հայտնի երաժիշտներին։

Նույն 1959 թվականինՋոն Սթյուն և Դուգը կատարում են իրենց առաջին պրոֆեսիոնալ ձայնագրությունը նվագակցելով Կալիֆորնիայի Ռիչմոնդ քաղաքից աֆրոամերիկացի երգիչ Ջեյմս Փաուելին (անգլ.՝ James Powell)։ Դու ուոփ ոճի «Beverly Angel» ձայնասկավառակը թողարկեց ոչ այնքան մեծ Christy Records-ը և Ջոն Ֆոգերտիի հիշելով «…հնչում էր տեղական R&B-կայանով, կարծես թե, KWBR, կարծես թե, մոտավորապես երեք շաբաթ»[9]

Այդ օրերին Ջոնի ավագ եղբայր Թոմ Ֆոգերթին արդեն ելույթ էր ունենում տեղական դահլիճներում և բարերում The Playboys խմբի հետ։ Նրա վոկալը տպավորություն էր թողել առավել հայտնի խմբերից՝ Spider Webb and the Insects-ի մասնակիցների վրա, և նրանք առաջարկել էին միանալ իրենց։ Ըստ վկաների հիշողությունների, նրան ամենաշատը հաջողվել էր Բոբի Ֆրիմանի «Do You Wanna Dance» երգի տարբերակը, որը դահլիճին հիստերիայի էր հասցնում։ Ժամանակ առ ժամանակ Թոմը մասնակցում էր կրտսեր եղբոր համերգներին[9]։

Tommy Fogerty and The Blue Velvets[խմբագրել | խմբագրել կոդը]

Spider Webb and The Insects խումբը կազմալուծվեց 1959 թվականին և Թոմը խնդրեց Ջոնին և իր խմբին, որը դրանից ոչ շատ առաջ ձայնագրվում էր Պաուելի հետ, օգնել իրեն ցուցադրական ձայնագրության համար։ Ընկերներին և ծանոթներին ձայնագրությունը դուր եկավ, բայց հայտնի երգիչները, որոնց թվում էր նաև Պետ Բունը, վերադարձնում էին ձայնագրությունը համապատասխան հրաժարականներով։ Թոմը չցանկանալով հրաժարվել իր ռոք նկրտումներից (թեև այդ ժամանակ արդեն ամուսնացած էր և աշխատում էր տեղական աղբահանող ընկերությունում) համոզում է Blue Velvets- անդամներին, որ կարող է նրանց խմբին օգտակար մասնակցություն ցուցաբերել, քանի որ նրանցից չորս տարով մեծ էր, և որոշ ճանաչում ուներ տեղական ակումբներում և ուսումնական հաստատություններում իր ելույթներով։ 1960 թվականի աշնանը Tommy Fogerty and the Blue Velvets խումբը սկսեց համերգներով հանդես գալ հյուսիսային Կալիֆոռնիայի Թոմին լավ ծանոթ «կետերում»[9]։

Համերգներին համընթաց խումբը շարունակում էր ցուցադրական ձայնագրություններ անել և տարածել։ 1961 թվականին ոչ մեծ Orchestra Records ձայնագրային ստուդիան որոշում է թողարկել Ֆոգերտի եղբայրների երկու կոմպոզիցիաներ՝ «Come On Baby»-ն և «Oh! My Love»-ը։ Մեկ ամիս անց սինգլով թողարկում ևս երկու երգ՝ «Have You Ever Been Lonely»-ը և «Bonita»-ն, իսկ 1962 թվականի հունիսին «Yes You Did»-ն ու «Now You’re Not Mine»-ը։ 45-անոցը[Ն 1] վաճառվում էր ավելի վատ քան նախկին երկուսը, և Tommy Fogerty and The Blue Velvets խմբի պատմության մեջ վերջինն էր[9]։

The Golliwogs[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ջազմեն Ուինս Գուրալդին (անգլ.՝ Vince Guaraldi) թողարկում է «Cast Your Fate To The Wind» սինգլը, որը ազգային հիթ է դառնում, ինչը որ ջազային գործիքային կոմպոզիցիաների հետ քիչ էր պատահում։ Իմանալով (PBS «Anatomy of a Hit» հեռուստատեսային հաղորդումից) որ նման հռչակի է հասել տեղական ջազային կողմնորոշումով Fantasy Records անկախ ձայնագրային ընկերությունը, 1964 թվականին Ֆոգերտի եղբայրները ստուդիա են ուղարկում իրենց գործիքային ձայնագրությունները՝ հույսով, որ Գուրալդին դրանք կգնի։ Fantasy-ի հիմնադիրներից մեկը՝ Մաքս Վեյսը (անգլ.՝ Max Weiss) հիացավ երիտասարդ խմբի եռանդով և նրանց հետ պայմանագիր կնքեց (մտցնելով, ոչ թե ջազ, այլ ռոք կատալոգի մեջ), և առաջարկեց փոխել Blue Velvets անունը, որը նրան հնաոճ թվաց, The Visions-ի։ Խումբը այս ցուցանակով թողարկեց «Little Girl (Does Your Mama Know)»/«Don’t Tell Me No Lies» սինգլերը, բայց քանի որ այդ պահին փոթորկում էր բիթլոմանիան, ապա Վայսը մերսիբիթի ոգով, ինգնագլուխ խումբը վերանվանեց The Golliwogs (ի պատիվ մանկական գրական հերոսի)[9]։

Այդ պահին խմբի կազմում դերերը փոխվել էին՝ Սթյու Քուքը դաշնամուրից տեղափոխվել էր բաս կիթառի, Թոմ Ֆոգերթին ռիթմ կիթառիստ էր դառել, իսկ Ջոնը սկսել էր գրել սեփական երգերը և ամենակարևորը իր վրա էր վերցրել խմբի առաջատար վոկալիստի դերը։ Թոմը հիշում է՝ — «Ես վատ չէի երգում, բայց Ջոնը յուրօրինակ տեմբր ուներ»։ Այս բոլոր փոփոխությունները զարգացան հիմնականում խմբի The Monkey Inn (Բերքլի) բարում կայացած համերգների արդյունքում։ Այս հաստատությունը քիչ դեր չի ունեցել խմբի կայացման հարցում։

Թոմ Ֆոգերտին արդեն հինգերորդ տարին էր աշխատում PG&E ընկերությունում, Սթյուն և Դուգը սովորում էին Սան Խոսեի քոլեջում, Ջոնը Fantasy Records ընկերության տրանսպորտային բաժնում գրասենյակային ծառայող էր աշխատում։ Քառյակը փորձում էր երեկոյան ժամերին, իսկ հանգստյան օրերին բեմ էր բարձրանում։ Ջոնի աշխատանքը հնարավորություն էր տալիս կիթառ նվագելու տեխնիկան և հեղինակ-երգահանի վարպետությունը մշակելու համար օգտվել պրոֆեսիոնալ ստուդիայից։ Վերջինիս վրա նա աշխատում է առավելապես ջանասիրաբար և հետագայում Golliwogs-ի շրջանի կոմպոզիցիաները անվանում էր «չափազանց մտածված»։ «Ինչ-որ միտքս էր գալիս, ես խցկում էի երգի մեջ», — հիշում էր Ջոնը[9]։ Դա այն դեպքում, երբ նա Golliwogs-ի ողջ նյութը գրում էր Թոմի հետ մեկտեղ։ Նրանք աշխատում էին ստեղծագործական կեղծանուններով, համապատասխանաբար՝ Ռեն Ուայլդ (անգլ.՝ Rann Wild) և Թոբի Գրին (անգլ.՝ Toby Green1965 թվականի սեպտեմբերի 4-ին Fantasy-ն խումբը տեղափոխեց Scorpio Rec ords լեյբլի տակ, որտեղ թողարկվում էին բացառապես ռոք նյութեր[2]:

1965 թվականի հոկտեմբերին Golliwogs-ը ձայնագրեց «Brown Eyed Girl» երգը (Վան Մորիսոնի կոմպոզիցիայի հետ կապ չունեցող), որը խմբին հարաբերական հաջողություն բերեց, քանի որ ձայնասկավառակների տիրաժը առաջին անգամ գերազանցեց 10000-ի սահմանը։ Բայց դրան հետևած Թոմ Ֆոգերտիի «Walk on the Water» երգը ոչ մի արձագանք չգտավ։ Ավելի ուշ նրա նոր ձայնագրությունը տեղ գտավ Creedence Clearwater Revival առաջին ալբոմում և միայն այդ ժամանակ նկատվեց գրախոսների կողմից։ Ընդհանուր առմամբ Golliwogs-ը յոթ սինգլ է թողարկել, որոնցից և ոչ մեկն էլ հաջողություն չի ունեցել[Ն 2]։ Այնուամենայնիվ խումբը համառում է և երեք տարի շարունակում է իր ելույթները նույն ակումբներում և բարերում։ Այդ ընթացքում Դուգ Քլիֆորդը դուրս է գալիս քոլեջից և աշխատանքի ընդունվում։ Սթյու Քուքի հայրը պնդում է, որ տղան քոլեջն ավարտեուց հետո շարունակի ուսումը համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1966 թվականին Ջոն Ֆոգերտին և Դուգ Քլիֆորդը ծանուցում են ստանում և որպես պահեստայիններ ծառայության անցնում ԱՄՆ բանակում, Ֆոգերտին՝ հետևակում, Քլիֆորդը առափնյա պահակազորում։ Վեց ամսվա ընթացքում, քանի դեռ նրանք ծառայության մեջ էին, խումբը ելույթներ չէր ունենում։ Ջոնը հետագայում խոստովանել է, որ այնպես էր հուսալքված, որ կիթառը ձեռքը չէր առնում և մտածում էր միայն զորացրման մասին[2]։

1967 թվականին խմբի անդամները դժվար որոշում են կայացնում։ Նրանք որոշում են շարունակել երաժշտական գործունեությունը։ Սթյուն վաճառում է իր ավտոմեքենան, որը նվիրել էր հայրը դիպլոմ ստանալու օրը։ Դուգի հետ մեկտեղ նրանք քոթեջ են վարձում, որտեղ խումբը կարողանում է հանգստանալ և փորձեր կատարել։ Թոմը թողնում է իր աշխատանքը էլեկտրաենթակայանում։ Չորսով կիրառում են խնայողության խստագույն ռեժիմ՝ վճարում են միայն այն պարտքերը, որոնց պարտատերերը զենքով էին գալիս։ 1967 թվականի աշնանը քառյակի վիճակը աղետալի է դառնում[2]։

Creedence Clearwater Revival[խմբագրել | խմբագրել կոդը]

Fantasy լեյբլի տերեր Վայս եղբայրները ձայնագրման բիզնեսում քսան տարուց ավելի էին և 1967 թվականին որոշում են նվազագուն կորուստներով լքել այն։ Լսելով դրա մասին Fantasy-ում 1955 թվականից աշխատող Սոլ Զենցը ներդրողների խումբ հավաքելով գնում է լեյբլը։ Ֆոգերթին լինելով տրանսպորտային բաժնի ծառայող, ոչ միայն լավ գիտեր Զենցին, այլևնրանք մտերիմ ընկերներ էին։ Զենցը հայտնում է Golliwogs-ի երաժիշտներին, որ խումբը ընդհանուր առմամբ իրեն դուր է գալիս, բայց նրանք շատ բաներում պետք է փոխվեն։

Առաջին հերթին քառյակը որոշում է փոխել անունը։ Դիտարկելով շատ տարբերակներ («Muddy Rabbit», «Gossamer Wump», «Creedence Nuball and the Ruby»), երաժիշտները կանգնում են բառակապակցության վրա, որտեղ բաղկացուցիչներից և ոչ մեկը մյուսների հետ կապ չուներ, բայց խորհրդանշական բանաձևի մի մասն էր։ «Creedence» բառը (Թոմ Ֆոգերթիի ընկերուհու՝ Քրիդենս Նյուբոլի անունից) երաժիշտների մտահղացմամբ իր մեջ դրական լիցքեր էր պարունակում, և առաջացնում էր հուսալիության և ամբողջականության պատրանք։ «Clearwater» բառը նախապես վերցված էր Olympia Beer գարեջրի գովազդից, բայց միաժամանակ անդրադարձ էր բնության պաշտպանության շարժմանը, որն այդ ժամանակ մեծ թափ էր հավաքում։ «Revival» բառը ձևակերպում էր խմբի հիմնական նպատակը, որը չորսամյա գոյությունից հետո վերածննդի կարիք էր զգում[10]։ «Անվան ամենակարևոր մասը Revival բառն է», — ասում էր Ջոն Ֆոգերտին[9]։ Առաջին անգամ Creedence Clearwater Revival անունով քառյակը ելույթ է ունեցել 1967 թվականի սուրբ ծննդյան համերգին։ Բայց Ջոնը դրանից հետո ևս շարունակում է օգտագործել կեղծանուններ՝ նրա վերաթողարկած «Porterville» երգի հեղինակի անունը նշված էր T. Spicebush Swallowtail-ը[2]։

Խումբը Fantasy-ի հետ յոթամյա պայմանագիր է կնքում, որը այդ ժամանակների համար ստանդարտ ժամանակահատված էր, բայց երաժիշտների համար ստրկական պայմաններ էր պարունակում, իրավաբանորեն երաժիշտները դառնում էին ձայնագրման ստուդիայի աշխատողներ, որն էլ իրավունք էր ստանում ցանկացած վայրկյանի նրանց աշխատանքից ազատել։ Դրա հետ մեկտեղ անհասկանալի էր, թե խումբը որքան նյութ է պարտավորվում տալ գործատուին, և այդ թիվը համաձայն հատուկ բանաձևի անընդհատ աճում էր, կախված խմբի ընթացիկ ներդրումներից[2]։

«Suzie Q»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր անվան տակ խումբը վերաթողարկում է «Porterville» սինգլը և գնում է ստուդիա նոր ալբոմ ձայնագրելու։ Նախապատրաստական տրեկների շարքում էր նաև նրանց համերգային երգացանկից կոմպոզիտոր Դեյլ Հոքինսի (անգլ.՝ Dale Hawkins), 1957 թվականին գրած «Suzie Q» երգի ընդարձակված տարբերակը, որը հետագայում մտավ «Ապոկալիպսիսն այսօր» սաունդքրեքի մեջ[11]։ Երգը՝ ալբոմի վաճառքի դուրս գալուց առաջ, հնչում է տեղական ռադիոյով։ Նոր խմբին առաջինը արձագանքում է KMPX ռադիոկայանը, որը եթեր էր թողնում խմբի անդամների բերած ձայնագրությունները։ Օգնում է նաև այն փաստը, որ Քրիդենսը զորավիգ է լինում ռադիոհաղորդավարների գործադուլին և ելույթ ունենում բարեգործական համերգին[9]։

Աստիճանաբար Քրիդենսին սկսում են ավելի հաճախ հրավիրել համերգների։ Խումբը Նորթ Բիչի Դենո Կարլո (անգլ.՝ Deno-Carlo) ակումբում ռեզիդենտի կարգավիճակ է ստանում։ Հետզհետե նրա համերգներին հավաքվում էր այն հանդիսատեսը, որը հուսախաբ էր եղել տեղական փսիխոդելիկ ուղությունից և այստեղ թարմ այլընտրանքային միտում էր տեսնում։ Սթյու Քուքը պատմում է, որ Սան Ֆրանցիսկոյում նրանք հիմնականում ձրի էին համերգ տալիս, իսկ գումար վաստակելու համար քաղաքից դուրս էին գնում։ Մի անգամ Դենո Կարլոյում Սոլ Դենցը նրանց լսելով առաջարկեց ալբոմ ձայնագրել[2]։

Զենցի թախանձալից խնդրանքով (խումբը դժկամությամբ համաձայնվեց) Քրիդենսը հաջող համերգ է տալիս Լոս Անջելեսի լեփլեցուն The Cheetah ակումբում, ուր եկել էին տեղական փոփ բիզնեսի որոշ ազդեցիկ դեմքեր։ Բիլ Դրեյքը փոփ ռադիոյի ասպարեզում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը լսելով Suzie Q» երգը, հայտնում է Զենցին, որ երգը իրեն դուր է եկել, և առաջարկում է իր ենթականերին «պտտեցնել» այն Չիկագոյի եթերում[2]։

1968 թվականի օգոստոսին թողարկված «Suzie Q» սինգլը, արդեն նույն տարվա արդեն սեպտեմբերի վերջին հիթ շքերթում բարձրանում է 11-րդ տեղ։ Բայց խմբի անդամները դեռ հնարավորություն չունեին հյուրախաղերի մեկնել և անգամ տնից հեռանալ։ Դուգն ու Ջոնը դեռ պարտավոր էին ամսվա մեջ մեկ ուիքենդ անցկացնել պահեստազորի ճամբարում։ Այս արգելքը վերացավ միայն մեկ տարի անց, երբ երկուսն էլ զորացրվեցին։ Համարյա նույն ժամանակ՝ 1968 թվականի ամռանը Սյուն և Թոմը ազատվեցին հիմնական աշխատանքից։ Խումբը սկսեց ողջ կազմով բազմաժամյա փորձեր անել, իսկ երեկոները ելույթ ունենալ տեղական ակումբներում[9]։

Դեբյուտային ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիդենսի դեբյուտային ալբոմի անվանական պրոդյուսերը Սոլ Զենցն է, բայց նա ամենասկզբից լրիվ ազատություն տրամադրեց, որին հավատարիմ մնաց մինչև վերջ՝ «թող ստեղծի ստեղծարարը»։ «Առաջին օրերի Զենցը, ոնց որ մեր հարազատ հայրը լիներ։ Հատկապես նա մոտիկ էր Ջոնի հետ», — հիշում է Սթյու Քուքը։ Առաջին ալբոմը ձայնագրվեց ընդամենը մեկ շաբաթում և 5000 դոլլարով։ Ջոն Ֆոգերտիի հիշելով, խումբը գալիս էր ստուդիա, արագ տաքանում, միացնում ապարատուրան և ձայնագրում երգը 2-3 փորձից[2]։

Creedence Clearwater Revival ալբոմը թողարկվել է 1968 թվականին և միանգամից սկսել է հեռարձակվել Սան Ֆրանցիսկոյի ռադիոկայաններով, որոնք տեղական անդերգրաունդ էին նվագում։ Ձայնասկավառակի կենտրոնական նյութերը 1950-ականների հիթերի փսիխոդելիկ քավըր տարբերակներն էին՝ Սքրիմին Ջեյ Հոքինսի «I Put A Spell On You»-ն և «Susie Q»-ն։ Նրանցից երկրորդը դարձավ Քրիդենսի Բիլբորդի ցուցակում առաջին 11-րդ հորիզոնական բարձրացած հիթը[7]։

Հաջողությունը ամրապնդելու հույսով խումբը ԱՄՆ-ով մեկնում է հյուրախաղերի և 1968 թվականի սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում տալիս է իր առաջին համարգը (առաջին բաժնում Vanilla Fudge-ն էր), և ստանում է տեղական մամուլի դրական արձագանքը։. Suzie Q սինգլի տիրաժը հասնում է կես միլիոնի (դա նշվել է «կիսաոսկի» բանկետով, որը կազմակերպել էր Զենցը), բայց երկրորդ սինգլը՝ «I Put a Spell on You»-ը վաճառվեց շատ ավելի վատ և բարձրացավ միայն 58-րդ հորիզոնական։ Դեբյուտային ալբոմը կամաց-կամաց բարձրանալով կանգնեց 52-րդ հորիզոնականում[2]:50[3]։

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ֆոգերտի (1967–1972)
  • Թոմ Ֆոգերտի (1967–1971)
  • Սթյու Քուք (1967–1972)
  • Դուգ Քլիֆորդ (1967–1972)

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 45-անոց, 45 պտույտ մեկ րոպեում կատարող ձայնասկավառակի կարճ անվանումն է:
  2. Նրանցից վերջինը «Porterville»-ը Fantasy Records ընկերությունը վերաթողարկեց Creedence Clearwater Revival-ի ցուցանակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Hank Bordovitz։ M1 «Bad Moon Rising: The Unauthorized History of Creedence Clearwater Revival (p. 52)»։ books.google.am։ Վերցված է 2010-04-08  Bordovitz, p. 52]
  3. 3,0 3,1 «CCR Billboard 200»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 
  4. 4,0 4,1 «CCR UK Charts»։ www.chartstats.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 
  5. «Doug Clifford interview»։ www.classicbands.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 They sold over 120 million records. In fact, their popularity is so great, they continue to sell 2 million CDs and tapes a year.
  6. «Gold & Platinum - March 01, 2010»։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-03-02 
  7. 7,0 7,1 «CCR Billboard Hot 100»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 
  8. «Creedence Clearwater Revival»։ Rockhall.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-03-02 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 «Биография CCR на официальном сайте»։ www.creedence-online.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 
  10. «CCR biography»։ www.classicbands.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 
  11. Richie Unterberger։ «Creedence Clearwater Revival iography»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2010-04-08 

}