Jump to content

Քենեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեմա
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Սիերա Լեոնե
ՎարչատարածքEastern Province? և Kenema District?
ԲԾՄ26 մետր
Քարտեզ
Քարտեզ

Քենեմա (անգլ.՝ Kenema), Սիերա-Լեոնեի մեծությամբ երրորդ քաղաք (Ֆրիթաուն և Բո քաղաքներից հետո)։ Արևելյան նահանգի մայրաքաղաք ն է և ամենամեծ քաղաքը։ Քաղաքը Քենեմա շրջանի վարչական կենտրոնն է[1]։

Այս վայրերում ժամանակակից քաղաքակրթության նշանների հայտնվելուց շատ առաջ, ներկայիս Քենեմայի տեղում գոյություն են ունեցել մենդե ցեղի մի քանի գյուղեր։ 1898 թվականին բրիտանական կայսրությունը սկսել է կառուցել Ֆրիթաուն-Պենդեմբու երկաթուղին՝ փորձելով հեշտացնել փայտանյութի և օգտակար հանածոների հասանելիությունը Սիեռա-Լեոնեի արևելյան մասում։ 1904 թվականին շինարարները հասել են այն վայրը, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, այստեղ հիմնել են մի փոքրիկ գյուղ, որի բնակիչները հիմնականում զբաղվել են վառելափայտի և երկաթուղու փայտակոճի պատրաստմամբ։ Գյուղում իշխող այդ սովորույթների մասին կարելի է կռահել Քենեմա անունից, որը մենդել լեզվից թարգմանաբար նշանակում է «բողոքելու տեղ չկա»։

Բնակավայրի գոյության առաջին տասնամյակներում կյանքն ամբողջությամբ կապված է եղել երկաթուղու հետ, բայց 1931 թվականին քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են առաջին ալմաստները՝ ուժեղ խթան հանդիսանալով քաղաքի զարգացման համար։ 1974 թվականին երկաթգիծը բարձիթողի վիճակում է հայտնվել, քանի որ անկախ Սիերա Լեոնեի իշխանությունները ի վիճակի չեն եղել ապահովել դրա գործունեությունը։ Քաղաքը մեծ վնասներ է կրել քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Ապստամբներն ավերել են քաղաքացիների տները՝ փորձելով ալմաստներ գտնել կավե պատերի մեջ (ինչը երբեմն իրականում նրանց հաջողվել է)։ Վերջին տարիներին Քենեման բավական արագորեն զարգացում է ապրում՝ դառնալով երկրում ադամանդի առևտրի հիմնական կենտրոնը։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաքից մոտ 330 կիլոմետր հեռավորության վրա, նախալեռներում `ծովի մակարդակից 238 մետր բարձրության վրա։ Քաղաքի շրջակայքում կան ադամանդի հանքավայրեր։

Քենեման գտնվում է մերձհասարակածային կլիմայական գոտում` լավ արտահայատված չոր (նոյեմբեր - ապրիլ) և անձրևոտ (մայիս - հոկտեմբեր) եղանակներով։ Չոր սեզոնի ընթացքում Սահարայից փչող չոր և փոշոտ հարմաթան քամին մեծացնում է գիշերային և ցերեկային ջերմաստիճանների տարբերությունը անձրևային սեզոնի համեմատ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեման էթնիկորեն ամենաբազմազան քաղաքներից մեկն է երկրում։ Բնակչության ամենամեծ խումբը կազմավորվել է մենդե ցեղից (ավելի քան 1/3-ը)։ Լիբանանցիների փոքր, բայց ազդեցիկ սփյուռք կա։ Քաղաքում հաղորդակցության հիմնական լեզուն կրիո լեզուն է, անգլերենին (երկրի պաշտոնական լեզուն) տիրապետում է բնակչության աննշան մասը։

Բնակչության մոտ 3/4-ը սուննի մուսուլման է, մնացածը տարբեր եկեղեցիների քրիստոնյաներ են։ Ոգեպաշտական համոզմունքներն ու ավանդույթները ուժեղ են։ Լիբանանցիների մեջ կան շիաներ[2]։

Քաղաքականորեն Քենեման նեցուկ է ընդդիմադիր Սիերա Լեոնե ժողովրդական կուսակցության (SLPP) համար[3], որն ավանդաբար ներկայացնում է հիմնականում մենդե ցեղի շահերը։

Ինչպես Սիեռա Լեոնեյի մնացած շրջանները՝ Քենեման ունի կրթության համակարգ, որը գալիս է բրիտանական պրոտեկտորատի ժամանակներից՝ վեց տարեկանից տարրական դպրոց (1-6 դասարան) և վեց տարի միջին դպրոց (1-6 դասարան), միջնակարգ դպրոցը լրացուցիչ բաժանվում է տարրական, միջին (1-3) և ավագ դպրոցի (4-6) դասարաններ։ Տարրական դպրոց սովորաբար ընդունվում են 6-ից 12 տարեկան, իսկ միջնակարգ դպրոց՝ սովորաբար 13-ից 18 տարեկան երեխաները։ Սկզբնական կրթությունը պաշտոնապես անվճար է և պարտադիր, բայց գործնականում շատ երեխաներ դպրոց չեն հաճախում և աշակերտների ծնողները ստիպված են վճարել դպրոցի բոլոր ծախսերը, բացի ուսուցիչների աշխատավարձից։

Տնտեսություն և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեման հանդիսանում է ադամանդի առևտրի խոշոր կենտրոն և ծառայում է որպես Արևելյան նահանգի տնտեսական և ֆինանսական կենտրոն։ Կան նաև ծառահատման և փայտամշակման ձեռնարկություններ (անտառների անհետացման պատճառով աստիճանաբար դրանք քայքայվում են) և գյուղմթերքների առաջնային վերամշակման գործարաններ։

Քաղաքի շրջակայքում կա փոքր օդանավակայան (IATA, KEN, ICAO, GFKE), որտեղից գվիեանական Eagle Air ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ դեպի Ֆրիթաուն, Բո և Կոնո քաղաքներ։

Քենեման ասֆալտապատ ճանապարհով, որը կառուցվել է քաղաքացիական պատերազմից հետո, միացված է Ֆրիթաուն մայրաքաղաքին (Բո-ի միջոցով)։ Քաղաքի շրջակայքում մնացած ճանապարհներում բացակայում է պինդ ծածկույթը, որի պատճառով անձրևային սեզոնի ընթացքում գործնականում դրանք դժվարանցանելի են դառնում։

Քաղաքի հիմնախնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմը զգալի վնաս է հասցրել Քենեմային՝ ոչնչացնելով ենթակառուցվածքները, որոնք արդեն անկում էին ապրում բրիտանացիների հեռանալուց հետո։ Պատերազմից հետո բնակչության արագ աճը սրել է հիմնախնդիրները։ Ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման համակարգերը գործնականում չեն գործում, հարուստ քաղաքացիներն օգտագործում են դիզելային գեներատորներ և ներմուծվող ջուր։ Աղբի հավաքումն ու հեռացումը վատ է կազմակերպված, ինչը տեղական բնակչության ամենօրյա ցածր մշակույթի հետ մեկտեղ բերում է կենցաղային և սննդի թափոնների մարդու գլխից բարձր կույտերի առաջացմանը քաղաքի փողոցներում։ Հաշվի առնելով շոգ և խոնավ կլիման՝ դա նպաստում է խոլերայի, որովայնային տիֆի և աղեստամոքսային հիվանդությունների տարածմանը։ Քաղաքում և նրա շրջակայքում հաճախակի են նաև մալարիայի և Լասսայի տենդի դեպքերը (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բացված կլինիկա կա դրա բուժման համար)։ Նախքան քաղաք այցելելը խորհուրդ է տրվում պատվաստվել դեղին տենդի պատվաստանյութով։

Քաղաքում կա երկու հիմնական ռադիոկայան՝ Eastern Radio 101,9 և Radio Nongowa 101,3։

Ինչպես երկրի մնացած մասերում, այնպես էլ Քենեմայում, ֆուտբոլը ամենատարածված մարզաձևն է։ Քաղաքում կա երկու ակումբ ՝ Kamboi Eagles և Gem Stars, որոնք խաղում են Սիերա Լեոնեի ազգային Պրեմիեր լիգայում։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էմերսոն՝ երաժիշտ
  • Մուհամեդ Քալլոն՝ ֆուտբոլիստ
  • Պոլ Կպակա՝ ֆուտբոլիստ
  • Ալֆա Լանսանա՝ ֆուտբոլիստ
  • Քեյ Կամարան՝ ֆուտբոլիստ
  • Բրիմա Սեսեյ՝ ֆուտբոլիստ
  • Կեմոկայ Կալոն՝ ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sierra Leone: Administrative Division (Districts and Chiefdoms) - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Sierra Leone: Provinces, Districts, Major Cities & Urban Localities - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information». www.citypopulation.de. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Public Elections Act, 2012 (Act No. 4 of 2012)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենեմա» հոդվածին։