Քանանական շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քանանական շուն
CanaanDog3.jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of Israel.svg Իսրայել
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Քանանական շուն[1] (եբր.՝ כֶּלֶב כְּנַעַנִי‎), Իսրայելում բուծվող շների միակ նախաբնիկ ցեղատեսակ[2]։ Ճանաչված լինելով աշխարհի բոլոր շնաբուծական ակումբների կողմից, այն իր հայրենիքում դեռևս գոյություն ունի վայրի և կիսավայրի ձևով և պայքարում է գոյատևման համար: Ունի հնագույն ծագում, համարվում է բասենջի ցեղատեսակի մերձավոր ցեղակիցը[1]:

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1930-ական թվականները, քանանական շները գոյություն ունեին որպես կիսավայրի ցեղատեսակ: Սինայի թերակղզում հայտնաբերվել են երկու հազար տարուց ավելի առաջ քարերի վրա փորագրված այդ կենդանիների նման պատկերներ: Իսրայելի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. 2000-ական թվականներին թաղված շների մնացորդներ, որոնք նման են ժամանակակից քանանական ցեղատեսակին: Հավանաբար հենց քանանական շունն է նստած Իսրայելի Աքաբ թագավորի կնոջ` Հեզաբելի գահին: Ժամանակի ընթացքում ցեղատեսակը մոռացվել էր, շները սկսել էին վայրիանալ, չնայած նրանք բնակվում էին մարդկանց մոտ[3][4]:

Ժամանակակից ցեղատեսակի հիմնադիրը, նախաձեռնողն ու վարժեցնողը համարվում է Ռուդելֆինա Մենցելը, որը Իսրայել էր եկել Գերմանիայից: 1930-ական թվականներին նա ուշադրություն դարձրեց ազատության մեջ և բեդվինների շրջապատում ապրող տեղական ցեղատեսակներին, սկսեց հավաքել դրանց և պարզեց, որ դրանք կարող են ապրել Մերձավոր Արևելքի բարդ բնակլիմայական պայմաններում: Բռնված շները հեշտությամբ վարժեցման էին ենթարկվում: Շուտով դոկտոր Մենցելը կազմակերպեց շնաբուծարան` մշակելով հատուկ ծրագիր և ցեղատեսակի առաջին ստանդարտը, որը հաստատվեց Շնաբուծության իսրայելական ակումբի և Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից, իսկ ցեղատեսակը կոչվեց քանանական, ի պատիվ հինավուրց բիբլիական երկրի[3][4]:

Ցեղատեսակով սկսեցին հետաքրքրվել այլ երկրներում, նրա ներկայացուցիչները հայտնվեցին Անգլիայում, Ամերիկայում, ՀԱՀ-ում: 1966 թվականին քանանական շունը ճանաչվեց Կինոլոգիայի միջազգային ֆեդերացիայի (FCI) կողմից և դասվեց շպիցի պարզունակ ցեղատեսակի խմբին[3][5]:

1980-ական թվականներին բռնկված կատաղության համաճարակի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց ոչնչացնել բոլոր վայրի շներին, քանի որ քանանական շների գլխին ևս մահացու սպառնալիք էր կախված: Այնուամենայնիվ հնարամտությունը թույլ տվեց գրեթե անելանելի իրավիճակում հայտնված վայրի քանանական շներին խուսափել ոչնչացումից, մոտեցող ուղղաթիռների կրակոցներից թաքնվելով փոսերում և որջերում[3]:

Հայրենիքում քանանական շները օգտագործվում են որպես պահակաշներ, ուղեկցող շներ, թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով: Հաճախ նրանք բնակվում են երկրի սահմանամերձ ականապատված տարածքներում և իրենց արտակարգ բնազդի շնորհիվ անսխալ կերպով են ընտրում իրենց երթուղին, փորում են որջեր, որտեղ էլ ձագեր են ունենում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգտագործվում են որպես հովվաշներ, իսկ ՀԱՀ-ում օգնում են ոստիկանությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քանանական շները անփոխարինելի օգնականներ էին ականների որոնման գործում: Նրանց հաջողությամբ օգտագործում են որոնողական և փրկարարական աշխատանքներում, որպես կապավորներ և պահակաշներ բանակում[3][6][7][8]:

1992 թվականին քանանյան շունը Շնաբուծության միացյալ ակումբի (UKC) կողմից գրանցվել է էկզոտիկ ցեղատեսակների խմբում, իսկ 1997 թվականին Շնաբուծության Ամերիկյան ակումբի (AKC) կողմից դասվել է հովվաշների խմբին[9]:

Քանանական շները շարունակում էին ապրել բնության մեջ և պարբերաբար համալրել ցեղատեսակի գենոֆոնդը: Կինոլոգիայի միջազգային ֆեդերացիան իրավունք է վերապահում շնաբուծության ազգային ակումբին այդ շներին տալ «զրոյական» տոհմաբանական կարգ, ինչպես դա արվում է տեղացի բեդվինների կողմից բուծվող սալյուկիների և սլյուգների համար[3]:

Տոհմային շնաբուծարանները հիմնականում գտնվում են Իսրայելում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Շվեդիայում և Դանիայում[1]:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

CanaanDogChakede1.jpg

Արտաքինից խոշոր շպից է հիշեցնում: Միջին չափերի, հավասարակշռված, ամուր, քառակուսի ձևաչափով վայրի շուն է, վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով, 50-ից մինչև 60 սմ վզակոթով, արուն զգալիորեն մեծ է էգից, քաշը 18-25 կգ է[1][10]:

Գլուխն ուղիղ համամասնություններով բութ սեպաձև տեսք ունի: Արուների գանգը ավելի լայն է: Ճակատից դեպի դունչ անկումը կտրուկ չէ, բայց նկատելի է, քիթը սև: Ծնոտը ամուր է, ատամնաշարը մկրատաձև կամ ուղիղ: Աչքերը մուգ շագանակագույն են, նշաձև, հոնքերը մուգ եզրագծերով: Ականջները կանգուն են, տեղակայված են մի փոքր ցած, վերջույթում կլորավուն[10]:

Վիզը մկանուտ է, վզակոթը վառ արտահայտված, մարմնի երկարության հարաբերակցությունը վզակոթի բարձրությանը կազմում է 1/1, մեջքը ուղիղ է, կրծքավանդակը խորն է, չափավոր լայն կողերով, բավականին կորացված, փորը ներս քաշված: Պոչը բարձր է, ծածկված փափուկ մազերով, պտտված մեջքի վրա: Վերջավորությունները հավասարակշռված են, թաթերը ամուր, կլորավուն, կատվանման, ամուր բարձիկներով[10]:

Մազածածկույթը խիտ է, կոպիտ և ուղիղ, միջին բարձրության: Մազածածկույթը լինում է կարմրադարչնագույն, սպիտակ, սև կամ խայտաբղետ: Ցեղատեսակի համար առավել բնորոշ են անապատային ավազագույնը, ոսկեգույնը, կարմիրը և բաց դեղնավունը: Շան ձագերը ծնվում են ավելի բաց գույներով, հետագայում մեծանալով գույները մգանում են[7][10]:

Խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչալուրջ է, ընդունակ է վարժեցման, չի վստահում օտարներին, իր բնույթով ոչ ագրեսիվ շուն է, ունի արագ արձագանքման և պաշտպանական բնազդ, պաշտպանում է ինչպես մարդկանցից, այնպես էլ այլ կենդանիներից: Շատ ամուր և մտերմորեն կապվում է տիրոջ հետ, նրբանկատ է երեխաների հանդեպ, կռվարար է հատկապես այլ շների հետ հարաբերություններ պարզելիս[1][10]:

Ցեղատեսակը կարողացել է գոյատևել իր ծայրահեղ կասկածամտության և հնարավոր վտանգի դեպքում արագ արձագանքման ընդունակության շնորհիվ: Լինելով լավ վարժեցված և շփվող, քանանները չեն ձգտում դուրս գալ իրենց տարածքից և լինել այն վայրերում, որտեղ շատ անծանոթ մարդիկ և շներ կան, բայց նույնիսկ այդ պայմաններում նրանք իրենց արժանապատվորեն են պահում, դրսևորելով հնազանդություն և ենթարկվելով տիրոջ պահանջներին[4]:

Առողջություն, պահպանություն և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանանական շները առանձնանում են ամուր առողջությամբ, նրանց մոտ գրեթե բացակայում են առավել տարածված ժառանգաբար անցնող հիվանդությունները, սակայն հնարավոր են կմախքի ոսկրային հիվանդություններ, էնդոկրին, նյարդային համակարգի, վերարտադրողական համակարգի և տեսողության հետ կապված խնդիրներ: Այս շները դիմացկուն են, պահանջկոտ չեն, հեշտությամբ են դիմանում շոգին և ջրի պակասին, ինչպես ցույց են տվել իսրայելցի գիտնականների ուսումնասիրությունները, այս շները ֆիզիոլոգիական հնարավորություն ունեն իրենց օրգանիզմում պահել հեղուկի որոշակի պաշար և դիմանալ շոգին: Կյանքի միջին տևողությունը կազմում է 12-15 տարի[1][6][8][11]:

Կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, նրանք հաճույքով են մասնակցում ճարպկություն և տոկունություն պահանջող խաղերին: Քանաններին անհրաժեշտ է լուրջ և կանոնակարգված վարժանքներ, սակայն նույնատիպ վարժանքների չափից ավելի կրկնություններ նրանք չեն սիրում և կարող են հրաժարվել դրանք կատարելուց: Մազածածկույթի ամենօրյա խնամքն ու մաքրումը իրականացվում է խոզանակով[6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Круковер В. Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 261. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6
  2. Сотская М. Н., Московкина Н. Н. Племенное разведение собак. — М.: ООО «Аквариум-Принт», 2004. — С. 253. — 304 с. — ISBN 5-98435-209-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Блайвас И. Еврейская собака — ханаан // Друг : журнал. — 2002. — № 10 (104). — С. 56—57. — ISSN 1609-0527.
  4. 4,0 4,1 4,2 Полетаева И. Израильская ханаанская собака // Друг : журнал. — 2016. — № 6. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2017.
  5. «FCI breeds nomenclature. CANAAN DOG (273)» (անգլերեն)։ Federation Cynologique Internationale։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  6. 6,0 6,1 6,2 Мей Дж. Всё о самых популярных породах собак. — СПб.: Кристалл, 2009. — С. 145. — 160 с. — ISBN 978-5-9603-0019-3
  7. 7,0 7,1 7,2 Животные в доме: энциклопедия / Ред. коллегия: В. Г. Гребцова, М. Г. Таршис, Г. И. Фоменко. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 259. — 304 с. — ISBN 5-85270-118-1
  8. 8,0 8,1 «Canaan Dog» (անգլերեն)։ American Kennel Club։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-25-ին։ Վերցված է 2017-11-22 
  9. «Canaan Dog» (անգլերեն)։ United Kennel Club։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-28-ին։ Վերցված է 2017-11-22 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «CANAAN DOG. FCI-Standard № 273» (անգլերեն)։ Federation Cynologique Internationale։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  11. Паджетт Дж. Контроль наследственных болезней у собак / Под ред. М. Р. Погосбековой. — М.: Софион, 2006. — С. 218. — 280 с. — 3000 экз. — ISBN 5-9668-0013-8