Սալյուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալյուկի
Saluki 600.jpg
Տեսակ շան ցեղատեսակ
Այլ անուններ Սալյուկի
Բնաշխարհ Մերձավոր Արևելք
Առանձնահատկություններ
Զանգված 18-27 կգ
Հասակ 58-71 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Սալյուկի կամ Պարսկական քերծե (արաբ. سلوقی‎‎ (salūqī), պարսկ. سلوکی,سگ), շների հինավուրց ցեղատեսակ[1]:

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցեղատեսակի շների պատկերներ հանդիպում են ամբողջ Բարեբեր կիսալուսնի տարածքում, որոնցից ամենահնագույն նկարները վերաբերվում են մոտավորապես մթա 3500 թվականին (հատկապես Շոշի էլամյան խեցեղենների վրա), ինչպես նաև եգիպտական գերեզմաններում ` սկսած մթա XXII դարից: Ըստ որոշ կարծիքների, ցեղատեսակի անվանումը կապված է Սելևկիա քաղաքի անվան հետ[2]: Ցեղատեսակի հինավուրց ծագումը հաստատված է նաև գենետիկական հետազոտություններով[3]:

Ցեղատեսակը ձևավորվել է արաբ-բեդվինների քոչվորական ցեղերի մոտ, ովքեր համարում էին նրանց Ալլահի պարգև և հոգ էին տանում ցեղատեսակի գեղեցիկ տեսքի, բացառիկ արագավազության և դիմացկունության պահպանման համար: Նրանք այս շներին օգտագործում էին մանր կենդանիների որսի համար` հատկապես նապաստակներ, աղվեսներ, վիթեր և այլն։ Հեծյալ որսորդը ուղեկցում էր շանը, որն իր հերթին հետապնդում էր որսին, բռնում նրան առանց սպանելու և սպասում մինչև տիրոջ մոտենալը։

Արաբների համար սալյուկին ամենաթանկարժեք ձեռքբերումներից մեկն էր՝ արաբական ձիուց հետո և համարվում էր ընտանիքի անդամ։ Շները ապրում էին վրաններում ` մարդկանց հետ միասին և մինչև որսատեղ տարվում էին ձիու կամ ուղտի վրա: Այս շներին չէին վաճառում, այլ նվիրում էին որպես թանկարժեք ընծա: Համեմատած այլ ցեղատեսակի շների հետ, սալյուկիները իսլամում համարվում էին մաքուր կենդանիներ:

Բեդվինների քոչվորական ապրելակերպը նպաստեց այս ցեղատեսակի տարածմանը ամբողջ Մերձավոր Արևելքում: Չինաստանում սալյուկիները հայտնվել են Տան դինաստիայի ժամանակաընթացքում (618-907 թթ.): Միջինասիական թազիները համարվում են պարսկական քերծեների սերունդներից մեկը: Ցեղատեսակը Եվրոպայում հայտնվել է միջին դարերում:

Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից սալյուկի ցեղատեսակը ճանաչվել է 1966 թվականին:

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալյուկին խոշոր շների ցեղատեսակներից է: Կա երկու ենթատեսակ` հարթամազ և փետրավոր, ինչպես նաև մի քանի տիպի սալյուկիներ։ Ունեն էլեգանտ կազմվածք, դիմացկուն են և համարվում են լավ որսաշուն։ Անապատային ավազների և քարքարոտ տեղանքի պայմաններում կարող են հետապնդել և բռնել որսին կամ կասեցնել նրա փախուստը՝ նույնիսկ վիթերի։

Ունեն չոր ու թեթև մարմնակազմվածք, երկար ու բարակ գլուխ՝ հզոր ծնոտներով, օվալաձև և խոշոր աչքեր, կախված ականջներ։ Մեջքն ամուր է, պարանոցը երկար ու մկանուտ։ Պոչը երկար է և կախ ընկած, որի ծայրը ոլորված է կիսաօղակի նման։

Հավասարակշռված ու լռակյաց, անկախ շներ են։ Որսին կարող են հետապնդել մի քանի ժամ անընդմեջ։ Արագավազ են։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի, կարող են վազել մինչև 70 կմ/ժ արագությամբ[4]: Բարեհամբույր են ընտանիքի անդամների և երեխաների հանդեպ, սակայն զգուշավոր են անծանոթների նկատմամբ։ Ունեն լավ լսողություն և կարող են օգտագործվել որպես պահապան[5]:

Մնդավի բարձրությունը կարող է հասնել 58-71 սմ (էգերն ավելի ցածր են), քաշը՝ 18-27 կգ: Լինում են տարբեր գունավորումներով՝ սպիտակ, շիկագույն, սև, կարմրավուն՝ տարբեր գունային համադրություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Derr Mark (2004-05-21)։ «Collie or Pug? Study Finds the Genetic Code»։ The New York Times 
  2. Пикерел Т. Собаки: иллюстрированная энциклопедия = The spirit of the dog: An illustrated history / пер. Кутдюсовой А. Р. — М.: ЭКСМО, 2014. — С. 17. — 288 с. — ISBN 978-5-9--71970-9
  3. Parker H.G.; Kim, L.V.; Sutter, N.B.; Carlson, S.; Lorentzen, T.D.; Malek, T.B.; Johnson, G.S.; DeFrance, H.B.; Ostrander, E.A.; Kruglyak, L. (2004-05-21)։ «Genetic structure of the purebred domestic dog»։ Science 304 (5674): 1160։ PMID 15155949։ doi:10.1126/science.1097406 
  4. R.P. Murgai Hand Book Of Dogs. — New Age International, 1996. — С. 108. — 130 с.
  5. Пуньетти, Джино. Салюки // Энциклопедия собаки / пер. С. Петрова. — Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00595-2