Տիկին Ձնաբուքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Ձնաբուքը
գերմ.՝ Frau Holle
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
ԿերպարներMother Hulda?
Հրատարակվել է1812
 Mother Hulda

«Տիկին Ձնաբուքը» (գերմ.՝ Frau Holle), Գրիմ եղբայրների հեքիաթը կախարդական ջրհորի մասին, որը պարգևատրում է աշխատասեր աղջկան ու պատժում ծույլին։ Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի համակարգում կրում է 480 համարը՝ «Բարի և չար աղջիկներ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե աղջիկն» ու Տիկին Ձնաբուքը, նկարազարդումը՝ Աննա Անդերսոնի (1874-1930)

Աղջիկը տանում է խորթ մոր բոլոր վիրավորանքները։ Վերջիվերջո, խորթ մայրը նրան ստիպում է մտնել ջրհորը, որպեսզի հանի պատահաբար այնտեղ գցած իլիկը։ Այդպես նա հայտնվում է ստորերկրյա աշխարհում, որը միաժամանակ ամպերի աշխարհն էր։ Այնտեղ նա անցնում է աշխատասիրության ու բարության փորձությունների միջով՝ օգնություն ցուցաբերելով կարիքավորներին. փռից հանում է թխված հացերը, թափ տալիս հասած խնձորներով ծառը։ Ի վերջո ճանապարհը նրան հասցնում է տիկին Ձնաբուքի խրճիթը, որը սարսափելի «ծեր կին էր», ուներ «երկար ատամներ», բայց և բարի սիրտ։ Աղջկա նոր պարտականությունն է դառնում ամեն օր տիկին Ձնաբուքի փետրե բարձերը թափ տալը, որի շնորհիվ ամբողջ աշխարհում ձյուն էր գալիս։ Որոշ ժամանակ անց աղջիկն սկսում է կարոտել հարազատ տունը և տիրուհուն խնդրում է թույլ տալ հեռանալու։ Դարպասներն անցնելիս ջանասեր աղջկա վրա ոսկե անձրև է տեղում, նրա հագուստները ծածկվում են ոսկով։ Բացի այդ, տիկին Ձնաբուքը աղջկան տալիս է կորած իլիկը և վերջինս վերադառնում է տուն։ Ջրհորի մոտ նստած աքաղաղը, նրան տեսնելով, երգում է. «Ծուղրուղո՜ւ, մեր աղջիկը ոսկի հագած տուն եկավ»։

Խորթ մայրն աղջկան ջերմ է ընդունում։ Նախանձելով աղջկա պատմածից՝ նրա ծույլ ու տգեղ աղջիկը գնում է նույն ճանապարհով, սակայն հրաժարվում է օգնել կարիքավորներին, իսկ տիկին Ձնաբուքի մոտ նրա աշխատանքը պիտանի չէր։ Ձանձրացնելով տիրուհուն ու երազելով ոսկե պարգևների մասին՝ ծույլ աղջիկը դարպասների մոտ որպես պարգև ստանում է մի կաթսա կուպր, որով ծածկված է մնում մինչև կյանքի վերջը։

Սյուժեի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրի է առնվել Վիլհելմ Գրիմի հարսնացուի՝ Դորտհեն Վիլդի պատմածով։ Հրապարակվել է 1812 թվականի հեքիաթների շարքում։

Այս հեքիաթի հայրենիքը միանշանակորեն որոշելն անհնար է. Գերմանիայում «ֆրաու Հոլլե» համարվել են բազմաթիվ լեռներ, կան մի շարք գագաթներ, որտեղ, ըստ բնակիչների պնդմամբ, ապրել է տիկին Ձնաբուքը։ Այդ լեռներն են Հոհեր Մեյսները Կասելի ու Էշվեգեի միջև, Հյորզելբերգը Այզենախի մոտ, ինչպես նաև Հյորզելբերգ ու Հոլլերիխ (Hollerich) բարձրությունները։

«Ֆրաու Հոլլեի» մասին գրավոր հիշատակումներն արվել են առնվազն 1000 տարի առաջ։ Ամենավաղ գրավոր հիշատակումը հանդիպում է Վորմսի արքեպիսկոպոս Բուրհարդի դեկրետներում, որոնք գրվել են 1008 և 1012 թվականների միջև։

Սյուժեի մեկնաբանություն և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Ձնաբուքը ձյուն է թափում (նկարը՝ Օտտո Ուբելոխդեի)

Հեքիաթը վերաբերում է անցյալում հաճախակի հանդիպող ներընտանեկան կոնֆլիկտին, երբ շատ կանայք մահանում էին հետծննդաբերական շրջանում, ամուրիները հաճախ նորից ամուսնանում էին, իսկ խորթ քույրերն ու եղբայրները միմյանց հետ մրցում էին ընտանեկան կարգավիճակի համար։

Հեքիաթը, հավանաբար, հիմնված է դիցաբանական նյութի ժողովրդական մշակման վրա։

Եվգենի Դրևերմանը «Տիկին Ձնաբուքը» մեկնաբանում է որպես պատմություն, որը տալիս է տառապանքի իմաստի մասին փիլիսոփայական ու կրոնական հարցերի պատասխանները և բացատրում կյանքի երևակայական խառնաշփոթն ու անարդարությունը։ Այն ամենը, ինչի հետ շփվում է տիկին Ձնաբուքը, կարելի է դիտարկել բնական առասպելաբանության շրջանակներում՝ կապված արևի, լուսնի, երկրի հետ։ Ոսկի նվեր ստացածը հանդես է գալիս որպես արևային աղջիկ, ձյութով պատվածը՝ լուսնի։ Տիկին Ձնաբուքը մեծ աստվածուհին է, երկրի մայրը, որ տիրում է հանդերձյալ աշխարհին։ Խորթ մայրը խորհրդանշում է արտաքին, նյութական աշխարհի անազնվությունը և համարվում է տիկին Ձնաբուքի հակառակորդը[1]։

Սյուժեի բազմաթիվ հնամենի մոտիվներ, ըստ Գետտներ-Աբենդրոտի, հանգում են նեոլիթյան դարաշրջանի մեծ մայր-աստվածուհուն[2]։ Նման եզրակացության է եկել պատմաբան Կարլ Կալլմանը, ըստ նրա. «Նշաններն ասում են, որ տիկին Հոլլեն բուսականության ուրվականի և ոգու տարատեսակ չէ, այլ երկրի կանացի հին աստվածության տեղական անձնավորում. նրան տարբեր անուններով երկրպագում էին գրեթե ամբողջ աշխարհում»[3]։

Գերմանագետ Էրիկ Թիմն սկսում է նրանից, որ «Հոլլե» անունը (գթասիրտ) ի սկզբանե եղել է գերմանացի աստվածուհի Ֆրիգգի մականունը, այն առանձնացել է քրիստոնեությունից հետո, նաև այն պատճառով, որ հեթանոս աստվածներին հրապարակավ հիշատակել չէր կարելի, իսկ նրանցից ընդհանրապես հրաժարվելը դժվար էր[4]։

Հաճախ «ֆրաու Հոլլեն» նույնացվում է հին սկանդինավյան Հելի՝ մեռյալների աշխարհի տիրուհու հետ։

Հեքիաթի հոգեբանական մեկ այլ մեկնաբանությունը ցույց է տալիս, որ խնձորենու դեպքը կապված է կնոջ մարմնի և սեռական հասունացման, իսկ փռի դեպքը՝ կանացիության դրսևորման հետ[5]։

Բանահյուսական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ծնունդ, «ֆրաու Հոլլեն» և նրա շքերթը (1873 թվականի նկար)
Նկարազարդումը ՝ Օտտո Կուբելի

Գրիմ եղբայրների կողմից գրի առնված հայտնի տարբերակից բացի գոյություն ունեն տիկին Ձնաբուքի (ֆրաու Հոլլեի) հետ կապված նաև այլ պատմություններ, որ հավաքել է բանահավաք Կարլ Պետովը[6]։ Մայրիշխանության հետազոտող Հեյդա Գյոթներ-Աբենդրոտն իր «Frau Holle — das Feenvolk der Dolomiten» գրքում փորձել է ժամանակագրական առումով կանոնավորել «ֆրաու Հոլլեի» մասին պատմությունները և համապատասխան կերպով վերականգնել մայրիշխանության մասին հին պատկերացումները[7]։

Բանահյուսության մեջ նա պատասխանատու է ձմեռային ձյան համար. ինչքան մանրակրկիտ է թափ տալիս անկողինը, այնքան շատ և ուժեղ ձյուն է գալիս երկրի վրա։

Մեկ այլ զրույցում «ֆրաու Հոլլեն» օրհնում է գարնանային դաշտերը՝ քայլելով կանաչող տարածքներում, ինչի արդյունքում հյութն սկսում է հոսել բույսերի միջով, և բնությունն արթնանում է։ Տիկին Ձնաբուքը նաև մարդկանց սովորեցնում է ձեռագործություն, օրինակ՝ մանում և ջուլհակություն։ Նա համարվում է մանողների ու ջուլհակների հովանավորը։ Դրանով մասամբ նման է հին հունական Աթենասին, արևելյան եվրոպացի Մակոշին ու հին գերմանացի նորներին։

Սև կտտկենին (նաև՝ Հոլլեր) «ֆրաու Հոլլեին» նվիրված հատուկ բույս։

Տիկին Ձնաբուքը կարող է նվիրել կարկանդակներ, ծաղիկներ կամ մրգեր և օգնում է, մասնավորապես, կանանց ու աղջիկներին՝ նրանց տալով «լավ տարի», առողջություն և պտղաբերություն։ Բացի այն, որ «ֆրաու Հոլլեն» նպաստում է ծննդաբերությանը, նա իր հետ տանում է մահացած ու չմկրտված մանուկների հոգիները։ Թյուրինգյան Գոթայում մինչ օրս պահպանվել է ավանդություն, ըստ որի ֆրաու Հոլլեն «աղբյուրների պահապանն» է, որտեղ գտնվում են դեռ չծնված երեխաների հոգիները[8][9]։

Բացի այդ, «ֆրաու Հոլլեն» ստորերկրյա աշխարհի տիրակալն է։ Ըստ հավատալիքի՝ ծննդյան տոներին՝ դեկտեմբերի 23-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում (այդ ժամանակ հանգստանում են տնային գործերից), նա դուրս է գալիս Երկրի մակերես, որպեսզի տեսնի, թե տարվա ընթացքում ով է եղել ջանասեր, ով՝ անփույթ։ Այդ պատճառով էլ նա կապվում է Կոռնելիոս Տակիտոսի հիշատակած Ներտուս աստվածուհու հետ։

Որոշ զրույցներ հաղորդում են այն մասին, թե ինչպես էր տիկին Հոլլեն փորձում մարդկանց. ծեր և աղքատ կնոջ կերպարանքով «մորաքույր Ձնաբուքերը» ուտելիք ու ապաստան էին խնդրում։ Այն մարդիկ, որոնք օգնություն էին ցույց տալիս, առատ պարգևատրվում էին։ Եթե մարդիկ ժլատության պատճառով խուլ էին աղաչանքների նկատմամբ, ապա պատժվում էին։ Այդպիսով, օրինակ, Վիկենրոդեից (Հեսսեն) հարուստ և անգութ մի գյուղացի աղջկան ծեծել էր այն պատճառով, որ նա ուտելիք ու խմիչք էր տվել ծեր կնոջը (ֆրաու Հոլլեին), և շանը բաց էր թողել տարեց կնոջ վրա։ Որպես պատիժ «ֆրաու Հոլլեն» այրել էր բակը. գյուղացին ու նրա որդին զոհվել էին հրդեհից, իսկ նրա աղջիկը անվնաս էր մնացել։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկին Ձնաբուքը – ռեժիսոր Գոթֆրիդ Կոլդիցի ֆիլմը։ Արտադրությունը՝ ԳԴՀ, 1963 թվական։
  • Տատիկ Ձնաբուքը – սև-սպիտակ տիկնիկային մուլտֆիլմ։ Արտադրությունը՝ ԽՍՀՄ, Վոլգոգրադհեռուստաֆիլմ, 1971 թվական։
  • Տատիկ Ձնաբուքը ("Perinbaba") – ռեժիսոր Յուրա Յակուբիսկոյի ֆիլմը։ Արտադրությունը՝ Չեխոսլովակիա, Գերմանիա (ԳՖՀ), Իտալիա, Ավստրիա, 1985 թվական։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eugen Drewermann: Lieb Schwesterlein, laß mich herein. Grimms Märchen tiefenpsychologisch gedeutet; Dtv, München 200211; ISBN 3-423-35050-4; S. 363—395
  2. Heide Göttner-Abendroth: Frau Holle — Das Feenvolk der Dolomiten; Königstein / Taunus 2006; S. 136
  3. Karl Kollmann: Frau Holle und das Meißnerland; Heiligenstadt 2005; S. 15 f
  4. Erika Timm: Frau Holle, Frau Percht und verwandte Gestalten
  5. «Psychologische Betrachtung des «Frau Holle»-Märchens (нем.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Karl Paetow: Frau Holle. Volksmärchen und Sagen; Husumer VG, Husum 1986; ISBN 3-88042-331-8
  7. Heide Göttner-Abendroth: Frau Holle. Das Feenvolk der Dolomiten; die großen Göttinnenmythen Mitteleuropas und der Alpen; Verlag Helmer, Königstein/Taunus 2006; ISBN 3-89741-167-9
  8. Andreas M. Cramer, Die Gothaer Sagen, Gotha 2005, S. 76
  9. Der Weiße Brunnen на www.echt-gothsch.de (нем.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2014։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկին Ձնաբուքը» հոդվածին։