Տիգրան Մելքոնյան
Տիգրան Մանուկի Մելքոնյան (մարտի 11, 1994[1], Երևան, Հայաստան), hայ օպերային երգիչ, երաժիշտ։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Մելքոնյանը ծնվել է Երևան քաղաքում։ 1999 թվականին հաճախել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ (երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ)։ Երաժշտական 10-ամյա կրթությունը ստացել է Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտացված դպրոցում (ԵՊԿ պրոֆեսոր Սուսաննա Կորղանովայի դասարան)՝ գերազանցությամբ ավարտելով 2015 թվականին։
2006 թվականին Տիգրան Մելքոնյանը դարձել է Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու։ Տասնյակ համերգներով հանդես է եկել հայրենիքում և արտերկրում՝ Բրյուսելի քաղաքապետի պատմական նստավայրում (Բելգիա), Լյուքսեմբուրգի Բուրգլինսթերյան ամրոցում, Կաունասի պետական ֆիլհարմոնիայում (Լիտվա) և այլն։ 2008 թվականին մասնակցել է Ղրիմում անցկացվող «Փոխենք աշխարհը դեպի լավը» միջազգային 7-րդ փառատոնին։ Լիտվայի Հանրապետության Կաունաս և Բիրշտոնաս քաղաքներում տեղի ունեցած համերգների շրջանակներում 2010 թվականին համագործակցել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ։
Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հրավերով 2012 թվականին մասնակցել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնին (Մոսկվա)։ 2013 թվականին հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Զինվորական ծառայությունն անցել է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթում՝ որպես մենակատար։ Ծառայության ընթացքում հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի հետ։
2014 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, Տիգրան Մելքոնյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով։
2018 թվականից պարբերաբար վարպետության դասեր է ստանում ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Սարգիս Աղամալյանից։
2019 թվականի սեպտեմբերին մասնակցել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի օպերայի ղեկավար, պրոֆեսոր Ֆիլիպ Ուայթի կողմից անցկացվող վարպետության դասին։
2019 թվականին Տիգրան Մելքոնյանին ունկնդրել և իր պարտավորեցնող գնահատականն է հայտնել աշխարհահռչակ դիրիժոր, ՀՀ ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
Տիգրան Մելքոնյանը 2010-2019 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի որակավորում, և 2016 թվականից աշխատում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում[2]։
Տիգրան Մելքոնյանը այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում[3]։
2020 թվականին հանդես է եկել Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ` Հայաստանում առաջին անգամ կատարելով Վաչե Շարաֆյանի «Have mercy on me, oh God» ստեղծագործությունը։
2019 թվականից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրանը նաև մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է. «Վիվատ պոբեդա» երգի միջազգային մրցույթ-փառատոն՝ առաջին մրցանակ և հատուկ մրցանակ (Ռուսաստանի Դաշնություն, 2014, 2013), «Վերածնունդ» միջազգային մրցույթ՝ Գրան պրի (2009), «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթ՝ առաջին մրցանակ (2006)։ Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի։