Տերեփուկ կապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ կապույտ
Տերեփուկ կապույտ
Տերեփուկ կապույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Տերեփուկ կապույտ (C. cyanus)
Միջազգային անվանում
Centaurea cyanus

Տերեփուկ կապույտ (լատին․՝ Centauréa cyánus), աստղածաղկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, միամյա, ձմեռող մոլախոտ։ Ունի 75 սմ բարձրությամբ ցողուն։ Ներքևի տերևները փետրային են, վերևի տերևները գծային և նշտարաձև։ Բույսը ծաղկում է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ 1000 սերմիկը կշռում է 4,5 գրամ։ Բույսը տալիս է 700-ից մինչև 1600 սերմ։ Տարածված է Եվրոպայի և Ասիայի միջին գոտիներում։

Հանդիպում է անտառների, բացատների, ճանապարհների եզրերին, որպես մոլախոտ՝ բանջարանոցներում և հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի եզրային ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդ պելարգոնին քլորիդ, անտոցիաներ, ցիանիդներ, չուսումնասիրված գլիկոզիդներ, պոլիցետիլենային Ջրաթուրմ պատրաստելու հանար 10 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ՝ միացություններ, իսկ պտուղները՝ դառը ալկալոիդներ, լորձ, մոմ, կարոտին, C վիտամին։

Կիրառման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզուղիների բորբոքումների և սպաստիկ երևույթների ժամանակ։

Որպես հակառևմատիկ միջոց՝ վերցնում են հինգական գրամ տերեփուկի, վաղենակի և քաջվարդի ծաղիկներ, գիհու պտուղներ, դառնանուշ մորմի ընձյուղներ, բեկտենու կեղև, տասական գրամ թանթրվենու ծաղիկ, եղինջ և քսանական գրամ ուռենու կեղև, ձիաձետ և կեչու տերևներ։

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ տերեփուկ

Տերեփուկը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի։ Ստացվող մեղրը դեղնականաչավուն է, նշբույր, յուրահատուկ, քիչ դառնավուն համով։ Բույսից ստացվում է վառ երկնագույն ներկ, որն օգտագործվում է պարֆոմերիայում և սննդի արդյունաբերության մեջ։ Նրանով ներկում են նաև բրդեղենը։ Անասունները այն չեն ուտում, արածելիս երբեմն լինում են թունավորման դեպքեր։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են միայն եզրային, ձագարաձև, կապույտ ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով, լրիվ բացվելուց հետո, հունիս–հուլիս ամիսներին։ Հավաքված հումքը չորացնում են անմիջապես, ստվերում` լավ քամահարվող տեղում։ Ճիշտ մշակման դեպքում հումքը պահպանում է բնական գույնը։ Տերեփուկը ժողովրդական բժշկության հանրահայտ դեղաբույսերից մեկն է։ 12-րդ դարի բժշկական ձեռագրերում նշված է, որ դեղաբույսի տրորված սերմերը բուժում են գորտնուկը, իսկ ծաղկաթերթիկների եփուկն օգտակար է սրտխփոցների, դեղնուկի և լյարդի այլ հիվանդությունների ժամանակ[1]։ Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների եփուկներն օգտագործվում են աչքի բորբոքային հիվանդությունների, տեսողական հոգնածության ժամանակ։ Եփուկներով թրջոցներն օգտագործվում են ֆուրունկուլյոզի, էկզեմայի, տրոֆիկ խոցերի, արգանդային արյունահոսության դեպքում։ Ծաղկի բաժակի եփաթուրմը՝ արգանակը, օգտագործվում է որպես միզամուղ ցիստիտի, հազի և կապույտ հազի, նյարդային և ստամոքսային հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների և երեխաների փորլուծության ժամանակ։

Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործվում են որպես ցավազրկող միջոց կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են դեղնուկի և աչքի հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմը օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող և ախորժակը գրգռող միջոց[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ «Լույս»հրատարակչությունը Երևան-1980

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ կապույտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ կապույտ» հոդվածին։