Վրացական լեգեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրացական լեգեոն
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում, Ostlegionen? և military legion?
Զորքերի տեսակՎերմախտ
Երկիր Նացիստական Գերմանիա
Ստեղծվեց1943
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1945

Վրացական լեգեոն (գերմ.՝ Die Georgische Legion, վրաց.՝ ქართული ლეგიონი), Երրորդ Ռայխի ռազմական ստորբաժանում։ Լեգեոնը գոյություն է ունեցել 1941-1945 թվականներին և ձևավորվել է ազգությամբ վրացի ռազմագերիներից և էմիգրանտներից, որոնք 1921 թվականից հետո, երբ Վրաստանն անցավ Խորհրդային միության կազմը, Եվրոպայում թաքնվել էին խորհրդային իշխանություններից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական Գերմանիան, ԽՍՀՄ տարածք ներխուժման ժամանակ, երբեր չի գրավել Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը՝ չհաշված Աբխազիայում գտնվող ռուսաբնակ Պսխու գյուղը։ Լեգեոնը ձևավորվել է 1941 թվականի դեկտեմբերին և կազմված է եղել վրացիներից, աբխազներից, չերքեզներից, կաբարդիններից, բալկարներից և կարաչայներից[1]։

Այդ միավորման ռազմաքաղաքական նպատակը եղել է Խորհրդային կազմից Վրաստանի դուրս գալը և վերջինիս անկախության ճանաչումը։ Նացիստական Գերմանիան խոստացել էր ճանաչել Վրաստանի անկախությունը[2]։

Վրացիները ռազմական վերապատրաստություն էին անցնում Արևմտյան Ուկրաինայի տարածքում։ Լեգեոնն իր մարտական գործունեությունն սկսել է 1942 թվականի աշնանը։ Բացի այդ, վրացիները ծառայում էին նաև Վերմախտի Հյուսիսկովկասյան և այլ լեգեոնում, որոնք ձևավորվել են ազգային պատկանելիության սկզբունքով։ Վրացական կազմավորումը ծառայությունն անցնում էր իշխան Միխայիլ Ցուլուկիձեի, գնդապետ Սոլոմոն Նիկոլաս Զալդաստանի և այլ սպաների հրամանատարությամբ, որոնք նախկինում ծառայել էին Վրաստանի դեմոկրատական հանրապետության զինված ուժերում (1918—1921)։

Վրացիների և կովկասյան մյուս ազգերի մասնակցությամբ հայտնի ստորաբաժանումներից են Պրոպագանդայի և դիվերսիաների «Բերգման»-«Գորեց» հատուկ ջոկատը, որի կազմում կռվում էին 300 գերմանացիներ, 900 կովկասցիներ և 130 վրացի էմիգրանտներ, որոնք ձևավորել էին «Թամար II» հատուկ ստորաբաժանումը։ Ստորաբաժանումն ստեղծվել է 1942 թվականի մարտին Գերմանիայում։ Ջոկատի առաջին հրամանատարը եղել է Տ․ Օբերլենդերը, որը հետախուզության կադրային սպա էր և արևելյան խնդիրների խոշոր մասնագետ։ Ստորաբաժանումն իր կազմում ունեցել ագիտատորներ (քարոզիչներ) և բաղկացած է եղել 5 վաշտերից։ Առաջին, չորրորդ և հինգերորդ վաշտերը եղել են վրացական, երկրորդը՝ հյուսիսկովկասյան, 3-րդը՝ ադրբեջանական։ 1942 թվականի օգոստոսից «Բերգման»-«Գորեցը» գործել է կովկասյան թատերաբեմում՝ իրականացնելով դիվերսիաներ և քարոզչություն Գրոզնիի և Իշերսկայայի ուղղությամբ։ Հետագայում, նրանք նույն գործողություններն իրականացրել են արդեն Նալչիկի, Մոզդոկի և Միներալնիե Վոդիի շրջաններում։ Կովկասում տեղի ունեցած մարտերի ժամանակ ռազմագերիներից և հակառակորդի կողմն անցածներից ձևավորվել են հրաձգային 4 վաշտեր՝ վրացական, հյուսիսկովկասյան, ադրբեջանական և խառը, 4 հեծելազորային էսկադրոններ, որից 3-ը հյուսիսկովկասյան, իսկ մեկը՝ վրացական։

Ավելի ուշ, Վրացական լեգեոնի ճակատագրին խառնվել է Ալֆրեդ Ռոզենբերգը։ Ամբողջ Եվրոպայում, հատկապես Իտալիայում և Ֆրանսիայում, Վերմախտի բազմաթիվ վրացի զինծառայողներ դասալքության են դիմել և միացել են դիմադրության տեղական շարժումներին։ Դրա արդյունքում շատերը վերցվել են հատուկ հսկողության տակ և ճնշումների ենթարկվել ռեյխի համապատասխան մարմինների կողմից։ Գերմանական հրամանատարության տակ գտնվող բազմաթիվ վրացիներ կարողացել են փրկվել՝ շնորհիվ Ալեքսանդր Նիկուրաձեի, Միխայիլ Ախմետելիի և վրացի այլ գործիչների, որոնք ունեին կապեր՝ ռեյխի բարձրագույն կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ[3]։

Հիտլերի կողմից «արևելյան զորքերի» հարցին խառնվելու հետևանք եղավ այն, որ վրացական մնացած գումարտակները ուղարկվել են Եվրոպայի օկուպացված տարածքների խորքեր, հատկապես Նիդերլանդներ։ Գերմանիա դաշնակիցների մուտք գործելուց հետո՝ լեգեոնի 88-րդ վրացական գումարտակը, որը գտնվում էր Թեսել կղզում, ապստամբել է գերմանական հրամանատարության դեմ։ Արդյունքում, տեղի է ունեցել երկար գոյամարտ, որը շատերը բնորոշում են որպես Եվրոպայի վերջին ճակատամարտ։ Վերջինս ձգվել է 1945 թվականի ապրիլի 5-մայիսի 20-ը։ Այդ բախումները հայտնի են Վրացիների ապստամբությունը Թեսել կղզում անվամբ։

Համաձայն կնքված պայմանագրի, դաշնակիցների կողմից գրավված տարածքներում գտնվող խորհրդային բոլոր քաղաքացիները, փոխանցվել են Խորհրդային միությանը։ Բոլոր վերադարձածները անցել են ֆիլտրացիոն ճամբարներով։ Միայն մի քանի զինծառայողներ և սպաներ, որոնք մասնակցել էին ԽՍՀՄ-ում և Լեհաստանում իրականացված գործողություններին, մահապատժի են ենթարկվել կամ ուղարկվել ճամբար։ Զինվորականների մեծ մասը, որոնք չէին համագործակցել նացիստների հետ, ազատ են արձակվել՝ կատարված համապատասխան ստուգումներից հետո։

1941-1945 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի տարիներին Վրացական լեգեոնը կոչվել է Վերմախտի վրացիների կամավորական կազմավորում, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անցել է ՍՍ-ի զորքերի կազմ։ Լեգեոնը կազմված է եղել 4 գումարտակներից, որոնցից յուրաքանչյուրի կազմում կռվում էին 1000 զինծառայողներ և սպաներ։ Գումարտակները կոչվել են ի պատիվ վրացի պետական և մշակութային գործիչների, որոնք մեծ ավանդ են ունեցել ազգի պատմության մեջ, ինչպես օրինակ «Գեորգի Սաակաձեն», «Դավիթ Շինարարը», «Թամար թագուհին», «Իլյա Ճավճավաձեն»։

Վրացական լեգեոնի կազմավորումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Батальон "Бергманн"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  2. Джонатан Леви. The Intermarium: Wilson, Madison, & East Central European Federalism. Universal-Publishers, 2007, с. 423
  3. Lang, David Marshall A Modern History of Georgia. — London: Weidenfeld and Nicolson, 1962. — С. 259.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мамулиа, Г. Грузинский легион в борьбе за свободу и независимость Грузии в годы Второй мировой войны. — Тбилиси, 2003.
  • Lang, David Marshall. A Modern History of Georgia. — London: Weidenfeld and Nicolson, 1962.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական լեգեոն» հոդվածին։