Վահե Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1938(1938-09-13) (85 տարեկան)
Արաք, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունգիտնական
Տիրապետում է լեզուներինպարսկերեն

Վահե Արմենակի Պետրոսյան, (սեպտեմբերի 13, 1938(1938-09-13), Արաք, ԻրանՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը Վահե Պետրոսյանը ստացել է նույն քաղաքի հայկական դպրոցում, իսկ հետո տեղափոխվել է մայրաքաղաք Թեհրան, որտեղ էլ գերազանց գնահատականներով ավարտում է դպրոցը։

Այդ ժամանակ Իրանում տեղի է ունենում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համաիրանական մրցույթ, որին մասնակցել է նաև Վահե Պետրոսյանը։ Արժանանալով Իրանի ազգային կրթաթոշակի, նա մեկնում է ԱՄՆ՝ շարունակելու բարձրագույն կրթությունը Քոռնելի համալսարանում (1958-1962) ուսանում է ֆիզիկա և աստղաֆիզիկա։

1963 թվականին ավարտել է Քոռնելի համալսարանը, նրան առաջարկել էն շարունակել կրթությունը։ 1963-1967 թվականներին պրոֆեսոր Էդվին Սալպիտերի ղեկավարությամբ նա աշխատանքներ է իրականացնում դոկտորական թեզի վրա, որը պաշտպանել է 1967 թվականին և ստանում աստղագիտության դոկտորի գիտական աստիճան։

Վահե Պետրոսյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է 1961 թվականին. Քոռնելի համալսարանում դասախոսի օգնական էր, այնուհետև՝ 1962-1967 թվականներին, նույն համալսարանի գիտական ասիստենտ, 1967 թվականին՝ գիտաշխատող, 1967-1969 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող, 1969 թվականին՝ Քեմբրիջի համալսարանի հրավիրյալ դասախոս, 1969-1971 թվականներին՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորի օգնական, 1971 թվականին՝ ԱՄՆ-ի Քիտ Պիկի ազգային աստղադիտարանի խորհրդատու, 1972-1979 թվականներին՝ Սթենֆորդի համալսարանի դոցենտ և 1980 թվականից՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր։

1981-1982 թվականներին աշխատել է Արչետրիում (Ֆլորենցիա, Իտալիա), ԱՄՆ-ի Ազգային օպտիկական աստղադիտարանում (NOAO[1],Թուսոն, Արիզոնա), Նորդիտայում (Կոպենհագեն, Դանիա), Մեդոնի աստղադիտարանում (Ֆրանսիա, 1989-1990 թվականներ), ԱՄՆ-ի Տիեզերական դիտակի գիտական ինստիտուտում[2] (1996 թվականից), կրկին NOAO-ում (1998 թվականից) և Բոխումի համալսարանի Առաջատար հետազոտությունների ինստիտուտում (Գերմանիա, 2000 թվականից)։

Վահե Պետրոսյանի գիտական հետաքրքրությունները տարածվում են տեսական (հիմնականում՝ բարձր էներգիաների) աստղաֆիզիկայի և տիեզերաբանության երկու լայն ոլորտների վրա։ Առաջինը ներառում է ոչ ջերմային մասնիկների արագացման, տեղափոխման և ճառագայթման հետազոտությունները, որոնք մշակվել են գլխավորապես արեգակնային բռնկումների և դրանց ռենտգենյան ճառագայթման նկատմամբ կիրառության համար։ Այս աշխատանքները կիրառություն են գտել նաև բազմաթիվ այլ աստղաֆիզիկական աղբյուրներում և բարձր էներգիաներով աստղաֆիզիկական գործընթացներում՝ ներառյալ աստղային բռնկումները, աստղերի և ակտիվ գալակտիկաների սև խոռոչների ակրեցիոն սկավառակները, գամմա բռնկումները և գալակտիկաների կույտերը։ Նա հետաքրքիր արդյունքներ է ստացել նաև նեյտրինային աստղաֆիզիկայի բնագավառում, հետազոտել իոնացված ջրածնային ամպերում ինֆրակարմիր աղբյուրները։ Վահե Պետրոսյանի տիեզերաբանության աշխատանքներն ուղղված են գալակտիկաների և քվազարների (և ընդհանրապես ակտիվ գալակտիկական միջուկների) էվոլյուցիային, գալակտիկաների կույտերում պայծառ աղեղների ուսումնասիրությանը (որոնց համահայտնաբերողն է Ռ. Լինդս և Վ Ա. Պետրոսյան, «Պայծառ աղեղներ գալակտիկաների կույտերում»), գրավիտացիոն ոսպնյակներին, Տիեզերքի էվոլյուցիայի վաղ փուլին և տիեզերաբանական մոդելների կառուցմանը։ Մեկ այլ ոլորտ է աստղագիտական տվյալների վերլուծությանը վերաբերող վիճակագրական եղանակների բնագավառը։ Սթենֆորդի համալսարանի վիճակագրության բաժնի աշխատակից Բ.Էֆրոնի հետ համատեղ կատարած այս աշխատանքը վերաբերում է ոչ լրիվ տվյալների հիման վրա աստղագիտական աղբյուրների բաշխման որոշման ոչ պարամետրական նոր եղանակների մշակմանը։

Վահե Պետրոսյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդված՝ ներառյալ գամմա բռնկումները, քվազարներն ու ակտիվ գալակտիկական միջուկները, արեգակնային բռնկումները, վիճակագրական եղանակները և այլն։ 1973 թվականից սկսած նա ղեկավարել է բակալավրական և մագիստրոսական ավելի քան 30 թեզ և ունեցել է 7 հետդոկտորական աշխատակից։

Վահե Պետրոսյանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ 2007 թվականից) անդամ է, ինչպես նաև Էտա Կապպա Նյու և Տաու Բետա Պի (Eta Kappa Nu, and Tau Beta Pi[3]) գիտական ընկերությունների անդամ։ (Վ. Պետրոսյանի գիտական ձեռքբերումների մասին մեծապես օգտվել ենք Հայկական աստղագիտական ընկերության կայքից)։

Վահե Պետրոսյանը ակտիվորեն մասնակցում է տեղի հայ համայնքի աշխատանքներին և տևական ժամանակ է, որ ԱՄՆ-ի մեծահասակների վոլեյբոլի հավաքականի ավագն է։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՄՆ-ի Ազգային օպտիկական աստղադիտարանի կայքը». Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «ԱՄՆ-ի Տիեզերական դիտակի գիտական ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Eta Kappa Nu, and Tau Beta Pi». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]