Վալպուրգյան գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալպուրգյան գիշեր

Տեսակտոնախմբություն և տոն
ԱմսաթիվԱպրիլի 30[1] և Մայիսի 1[1]
Տոնվում է Նիդերլանդներ,  Գերմանիա,  Չեխիա,  Սլովենիա,  Շվեդիա,  Լիտվա,  Լատվիա,  Ֆինլանդիա և  Էստոնիա
Անվանված էSaint Walpurga?[1]

Վալպուրգյան գիշեր, (գերմ.՝ Walpurgisnacht) գարնան սկզբին՝ ապրիլի 30-ի, լույս մայիսի 1-ի գիշերը նշվող հին գերմանական հեթանոսական տոն՝ նվիրված պտղաբերությանը։ Նշվել է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Ըստ VIII դարում առաջացած գերմանական ժողովրդական հավատալիքների՝ վհուկների տոն («Մեծ գիշերաժողով») Բրոկկեն լեռան (Գերմանիայում) վրա։ Կոչվել է կաթոլիկական սուրբ Վալպուրգիայի անունով, որի հիշատակի օրը (մայիսի 1-ը) համընկել է տոնի հետ։ Վալպուրգյան գիշերը տարածված գրական և երաժշտական թեմա է (Գյոթեի «Ֆաուստ»-ը, Շառլ Գունոյի համանուն օպերան, Հ․ Հայնեի «Ճամփորդական պատկերներ»-ը և այլն)։

Տոնի պատմական արմատները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վհուկներն ու չարքերը՝ Բլոգսբերգ լեռան կատարին. Յոհաննես Պրետորիուսի գրքի պատկերազարդումներից (1868 թ.):

Հեթանոսական ժամանակներում գերմանական ժողովուրդների (գերմանացիների, ավստրիացիների, սկանդինավյան ժողովուրդների) մոտ կար հավատալիք, որ մայիսի 1-ի գիշերը գարնան, պտղաբերության, հողագործության աստվածներն ու աստվածուհիները տարածվում էին բնության մեջ, հեռու քշում ձմռանը և արթնացնում բուսական ու կենդանական աշխարհը։ Եվ մարդիկ էլ պետք է իրենց զվարթ երգով, նվագով ու պարով նպաստեին բնության զարթոնքին՝ հեռու քշելով ձմռան՝ սառեցնող ու քնեցնող ուժերին։ Ուստի նրանք հավաքվում էին իրենց բնակավայրերին մերձակա սարերի կատարներին, բարձր խարույկ վառում և երգ ու նվագով պար բռնում կրակի շուրջ՝ փառաբանելով գարունը, պտղաբերությունը և դրանց հովանավոր աստվածություններին։

Հին հավատալիքներով նաև չար աստվածություններն ու ոգիները շրջում են մշակված հողերով, այգիներով ու պարտեզներով և փչացնում մարդու աճեցրած բույսերը, որոնք սկսել էին բողբոջել կամ պտղակալել (Երկրի տարբեր լայնություններում, կախված բարձրությունից, այդ գործընթացները տեղի էին ունենում տարբեր ամիսների, ինչով էլ պայմանավորված էր նման տոների տարբեր ժամանակահատվածում նշելը)։ Իսկ Շոտլանդիայի լեռնային շրջաններում մայիսի 1-ին նշվում էր հին կելտական հովվական Բելտանի տոնը, որն առնչվում էր արևի պաշտամունքի հետ (գրեթե բոլոր ժողովուրդների հավատալիքներում արևի աստվածները հովիվներ էին)։ Հովիվները ևս նման ծիսական պարերով հեռու էին քշում չար ոգիներին՝ նպաստելով բնության զարթոնքին։

Իտալիայում տոնի առնչությամբ կար այսպիսի ավանդույթ. գյուղերում երիտասարդ տղաներն ու աղջիկները խմբով շրջում էին տնետուն՝ երգելով գարունը փառաբանող երգեր և ազդարարելով գարնանամուտը, իսկ իրենց զգեստներին կրում էին դալար ճյուղեր՝ զարդարված թարմ ծաղիկներով ու գունավոր ժապավեններով։ Սովորույթ կար նաև սիրած աղջիկներին մայիսյան երեկոները ամուսնության առաջարկ կատարել. երիտասարդ տղան մի դալար ճյուղ էր դնում իր սիրելիի տան դռան առջև, որը հենց ընտանիք կազմելու առաջարկություն էր։ Եթե աղջիկը վերցնում էր ճյուղը և ներս տանում, ուրեմն համաձայն էր, իսկ եթե դեն էր նետում, մերժման նշան էր։

Անվան ծագումը և քրիստոնեական տոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Վալպուրգը

Հեթանոսական ժամանակներում բնության զարթոնքին ու պտղաբերությանը նվիրված տոնը «Վալպուրգյան գիշեր» սկսեցին կոչել շատ ավելի ուշ։ Այն կապված է անգլիացի միսիոներ սրբուհի Վալպուրգի (710–777/9 թթ.) անվան հետ։ Նա Անգլիայի թագավոր Ռիչարդ Ուխտագնացի դուստրն էր և Սուրբ Վիլլիբալդի քույրը։ Վալպուրգը, ծնված լինելով անգլո-սաքսոնական արքայական ընտանիքում, սովորել էր բժշկության արվեստը և փոքր-ինչ հասակ առնելով մեկնեց Գերմանիա՝ նպաստելու քրիստոնեության տարածմանը։ Այնտեղ՝ Հայդենհայմում, Վալպուրգը հիմնեց երկու վանք, որոնք շուտով դարձան կրթական և մշակութային կենտրոններ։ Մանրանկարներում և այլուր նա հաճախ պատկերված է վիրակապերը ձեռքին, որով նշվում է նրա բժիշկ լինելու և շատ հիվանդների խնամելու հանգամանքը։ Սրբուհի Վալպուրգի շնորհիվ Գերմանիայի ժողովուրդը հեթանոսությունից դարձավ քրիստոնեության։ Ավանդության համաձայն, սրբուհի Վալպուրգն էր, որ երկրում վերացրեց կախադրությունն ու մոգությունը։ Նա վախճանվել է 777 թվականին։

870 թվականի մայիսի 1-ին Վալպուրգը սրբադասվեց, իսկ նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Այխշտետում։ Երբ եպիսկոպոսը սրբուհու մասունքները տանում էր նոր հանգրվան, ճանապարհին շատ հավատացյալներ տարբեր բնակավայրերից գալիս էին, աղոթում, օրհնություն ստանում, իսկ նրանցից հիվանդները բուժվում էին իրենց հիվանդություններից։ Իսկ վերահուղարկավորումից հետո նրա գերեզմանից սկսեց սուրբ յուղ հոսել (հայտնի որպես Վալպուրգյան յուղ), որը մինչև օրս հոսում է և, ասում են, հիվանդություններ է բուժում։ Բենեդիկտյան միանձնուհիները սրվակներով հավաքում են այն և բաժանում սրբուհի Վալպուրգի գերեզման այցելող քրիստոնյա ուխտավորներին։ Այսպես, գերմանացի ժողովրդի համար այս տոնը համընկավ հեթանոսական գարնան ու պտղաբերության տոնին։ Սրբուհի Վալպուրգը շուտով դարձավ ոչ միայն գերմանիայի, այլ նաև Անգլիայի ու Ֆրանսիայի ամենաժողովրդական սրբերից մեկը։ Նրա սրբադասման օրը հայտնի դարձավ որպես «Վալպուրգյան գիշեր» (գերմաներեն՝ Sankt Walpurgisnacht): Գերմանացի պատմագիր Յոհաննես Պրետորիուսը 1668 թվականի դեպքերի առնչությամբ հիշատակում է տոնը այս անվանումով։

Երբ Գերմանիայում և եվրոպական երկրներում կամաց-կամաց տարածվեց ու իր դիրքն ամրապնդեց քրիստոնեությունը, արդեն անհրաժեշտություն կար ժողովրդին մոռանալ տալու հեթանոսական տոներն ու ավանդույթները, ուստի եկեղեցին սկսեց տոնակատարության մասնակիցներին համարել դիվահարվածներ կամ կախարդներ, տոնն էլ՝ դիվական, քանի որ հեթանոսական աստվածները դիտվում էին որպես սատանայի կերտած կերպարներ՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Այդպես, ժողովրդական հավատալիքներում արմատացավ այն հավատալիքը, թե տոնի գիշերը Բրոկեն (բանահյուսական նյութերում՝ Բլոգսբերգ) լեռան կատարին հավաքվում են վհուկներ՝ Գերմանիայի տարբեր շրջաններից, և նշում իրենց տոնը՝ ի հակադրություն սրբուհի Վալպուրգի սրբադասումը նշող քրիստոնյա ժողովրդի։

Գրական արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալպուրգյան գիշերն իրենց գործերում նկարագրել են Գյոթեն՝ իր «Ֆաուստ» պիեսում, ավստրիացի գրող Գուստավ Մայրինկը՝ «Վալպուրգյան գիշեր» վեպում, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը՝ «Երազներ վհուկների տանը» պատմվածքում, Միխայիլ Բուլգակովը՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, Օտֆրիդ Պրոյսլերը՝ «Փոքրիկ Բաբա-Յագան» վիպակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gertrude Casanova: St. Walburga. In: The Catholic Encyclopedia. Vol. 15. Robert Appleton, New York 1912; online: https://en.wikisource.org/wiki/Catholic_Encyclopedia_(1913)/St._Walburga (abgerufen am 7. Juni 2018): In the Roman Martyrology she is commemorated on 1 May, [...]; sometimes she is represented in a group with St. Philip and St. James the Less, and St. Sigismund, King of Burgundy, because she is said to have been canonized by Pope Adrian II on 1 May, the festival of these saints. (she is said = keine gesicherte Information).
  • Spez. dazu aber anders: „Walpern“, in: Deutsches Wörterbuch von Jacob Grimm und Wilhelm Grimm, Erstbearbeitung (1854–1960: Bd. XIII [1922] / Lfg. 8 [1909], Sp. 1322), digitalisierte Version im Digitalen Wörterbuch der deutschen Sprache, <https://www.dwds.de/?q=Walpern>, abgerufen am 7. Juni 2018: „in der Walpurgisnacht als Hexe mit den andern Hexen tanzen. Crecelius 889.“ („Crecelius 889“ = https://archive.org/download/oberhessischesw01hessgoog/oberhessischesw01hessgoog.pdf abgerufen am 7. Juni 2018), S. 428 des Retro-Digitalisats = S. 889 des historischen Drucks
  • Adelung: Grammatisch-kritisches Wörterbuch der Hochdeutschen Mundart, S. 1370
  • Alexandra zu Knyphausen: Sonnenwendel, Nachtschatten und Schierling. In: Hamburger Abendblatt. 4. November 1991.
  • Вальпургиева ночь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 236