Ստավանգերի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստավանգերի տաճար
Stavanger domkirke
Stavanger domkyrkje edit.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մշակութային արժեք և մայր տաճար
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տեղագրություն Ստավանգեր
Դավանանք Նորվեգիայի եկեղեցի
Թեմ Diocese of Stavanger
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Ռոմանական ճարտարապետություն, Գոթիկա
Հիմնադրված 12-րդ դար
Ստավանգերի տաճարը գտնվում է Նորվեգիաում
Ստավանգերի տաճար
Կոորդինատներ: 58°58′11.233200099988″ հս․ լ. 5°43′59.3832001″ ավ. ե. / 58.96978700002777174° հս․. լ. 5.733162000028° ավ. ե. / 58.96978700002777174; 5.733162000028

Ստավանգերի տաճար (նորվ.՝ Stavanger domkirke), հնագույն տաճար Նորվեգիայում: Ներկայումս պատկանում է Նորվեգիայի ավետարանչական-լյութերական եկեղեցուն: Նվիրված է Սուրբ Սվիտինին և Սուրբ Երրորդությանը, գտնվում է Ստավանգեր քաղաքի կենտրոնում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է մոտ 1100 թվականին Սիգուրդ Կրեստոնոսեցի կողմից: Առաջին եպիսկոպոսը Ռեյնալդն էր Վինչեսթերից: Այն, թե ինչի համար փոքրիկ եկեղեցի ունեցող ձկնորսական այդ քաղաքն ընտրվեց որպես մայր տաճարի կառուցման վայր, ճշգրիտ հայտնի չէ: Սակայն հետազոտությունների արդյունքում այդ վայրում հայտնաբերվել են 8-10-րդ դարերի գերեզմանատներ, ինչը վկայում է, որ այդտեղ եղել է ավելի հին եկեղեցի: 1125 թվականին տաճարի շուրջը գտնվող բնակավայրը ճանաչվեց որպես քաղաք: Այդ թվականն էլ հենց համարվում է Ստավանգերի հիմնադրման տարեթիվ: Տաճարի սուրբ պաշտպանը` Սվիտինը, Վինչեսթերի առաջին եպիսկոպոսներից էր: Նա համարվել է Վինչեսթերի մայր տաճարի սուրբը: Սուրբ Սվիտինի մասունքները սրբորեն պահպանվում են տաճարում:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավ

Ստավանգերի տաճարը անգլո-նորմանական ոճի ռոմանական եռանավ բազիլիկ է: Դրա մասին են վկայում խոշոր գավիթները, նավերի միջև շրջանաձև կամարաշարը, նեղ պատուհանները: Ի սկզբանե տաճարն ուներ քառակուսաձև զանգակատուն` ներկառուցված արևմտյան ճակատին:

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1272 թվականին հրդեհի արդյունքում այրվեց գրեթե ամբողջ Ստավանգերը: Էականորեն վնասվեց նաև տաճարը` կորցնելով արևմտյան աշտարակը, որից պահպանվեց միայն հիմնատակը: Տաճարը վերականգնվեց եպիսկոպոս Արնեյի կողմից, ընդ որում, ռոմանական տաճարը ստացավ գոթիկ որոշակի տարրեր: Տաճարի ամենավառ արտահայտված գոթիկ բաղադրիչը նրա արևելյան ճակատն է: 400 տարվա ընթացքում տաճարը եղել է կաթոլիկ եպիսկոպոսի աթոռանիստը, իսկ ռեֆորմացիայից 150 տարի անց` նաև լյութերական եպիսկոպոսի նստավայրը: 1682 թվականին եպիսկոպոսությունը տեղափոխվեց Քրիստիանսան, ինչը մեծապես անդրադարձավ Ստավանգերի զարգացման վրա: Միայն 1925 թվականին` թեմի տարանջատումից հետո, տաճարը նորից դարձավ մայր տաճար:

1746 թվականին տաճարը համալրվեց արևելյան ճակատը երիզող երկու ոչ բարձր գոթիկ աշտարակով, որոնք զարմանալիորեն հաջողությամբ ներառվեցին առկա ճարտարապետական համալիրի մեջ: Մնացած մասով տաճարը մինչև օրս պահպանում է 13-րդ դարի ճարտարապետության բնագծերը[1]:

1860-ական թվականների վերակառուցման ժամանակ տաճարի արտաքին տեսքը և ինտերիերը ենթարկվել են էական փոփոխությունների: 20-րդ դարի կեսերին ջանքեր են գործադրվել` վերականգնելու կառույցի պատմական տեսքը: Վերջին խոշորամասշտաբ վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 1999 թվականին:

Շրջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ հյուսիսից տաճարի հարևանությամբ գտնվում էր Սուրբ կույս Մարիամի տաճարը, որը, ըստ էության, կառուցվել է 1272 թվականի հրդեհից տաճարի վերականգնումից հետո և հասցրել է լինել ոչ միայն տաճար, այլև քաղաքապետարան, բանտ, հրշեջ պահպանության կառույցի մաս: Այն քանդվել է 19-րդ դարի վերջին: Տաճարից արևելք գտնվում է արհեստական լճակ: Մինչև 19-րդ դարը այդտեղ գերեզմանատուն էր: Տաճարից հարավ տեղեկայված է եպիսկոպոսի նստավայրը, որը հիմա զբաղեցրել է եկեղեցական դպրոցը: Դպրոցի շրջանավարտներից են եղել 1921 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քրիստիան Լանգեն և գրող Ալեքսանդր Քիլանդը:

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Domkirkeplassen, 4001 Stavanger: Այցելության համար տաճարը բաց է ամեն օր` բացի երկուշաբթիից և ուրբաթից, ժամը 11-16-ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Inge Bruland. Stavangerkatedralen, vår enestående nasjonalhelligdom, Stavanger 1999.
  • Bodil Wold Johnsen, Målfrid Grimstvedt. Stavanger domkirke i sentrum, Stavanger, 1988.
  • Ingvar Molaug. Den gamle katedral (Stavanger domkirke), Stavanger, 1952.