Jump to content

Աստրախանի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի

Աստրախանի թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերից մեկը, որը կազմավորվել էր 1717 թվականին, դառնալով Ռուսաստանի հայոց առաջին թեմը։ Առաջնորդանիստը Աստրախանի սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Արդյունք էր Աստրախանում հիմնված հայկական հոծ գաղութի և Ռուսասատնի կայսր Պետրոս Մեծի հայանպաստ քաղաքականության։

Աստրախանի թեմ կազմավորվել է 1717 թվականին և դարձել Ռուսաստանի հայոց առաջին թեմը։ Միավորել է Ռուսաստանի հայկական բոլոր համայնքները։ Թեմի առաջին առաջնորդն է եղել սուրբ Էջմիածնի կողմից 1717 թվականին նշանակված Ստեփանոս արքեպիսկոպոս Գաղաթացին։ Հետագա տարիներին Աստրախանի թեմի առաջնորդների թեկնածությունները համաձայնեցվել են Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչը փաստել է Աստրախանի թեմի կարևոր դերը ռուս-հայկական հարաբերություններում։

Աստրախանի թեմը սերտ կապեր է ունեցել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունների հետ, նպաստել Ռուսաստանի հետ հայ ժողովրդի քաղաքական և մշակութային առնչություններին։ Աստրախանի թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի օրոք (1773-1800) Աստրախանում ստեղծվել է հոգևոր խորհուրդ (1786), հիմնվել հայկական տպագրության պատմության մեջ զգալի դեր խաղացած առաջնորդարանի տպարանը (1789), որը տեղափոխվել էր Նոր Նախիջևանից, եկեղեցու միջոցներով բացվել են Ռուսաստանում առաջին հայկական դպրոցները, կառուցվել հայկական նոր եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում։ 1800 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Հովսեփ Արղությանին Աստրախանի թեմի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Եփրեմ արքեպիսկոպոս Ձորագեղցին (1801-09 թվականներին, իսկ 1809-30 թվականներին՝ Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն հայոց կաթողիկոս)։

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի հայ բնակչությունը շարունակել է ստվարանալ։ Կազմավորվել են հայկական եկեղեցական նոր համայնքներ, հայաբնակ քաղաքներում կառուցվել հայկական նոր եկեղեցիներ՝ սուրբ Կատարինեն (1770), սուրբ Հարությունը (1779)՝ Սանկտ Պետերբուրգում, սուրբ Խաչը (1779)՝ Մոսկվայում, սուրբ Խաչ եկեղեցին (1786)՝ Նոր Նախիջևանում։ Բուն Աստրախան քաղաքում գործում էր հինգ հայկական եկեղեցի՝ Սուրբ Պողոս-Պետրոս, սուրբ Աստվածածին եկեղեցի, սուրբ Կատարինե եկեղեցի, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և սուրբ Հարություն գերեզմանային մատուռ-եկեղեցի։

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Աստրախան

1830-ական թվականների սկզբին Աստրախանի թեմում գործել է 17 եկեղեցի, բացվել են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817), Հայոց թեմական դպրոցը (1838) և այլն։

Ռուսաստանում հայ բնակչության աճի հետևանքով Աստրախանի թեմը երկատվել է։ 1830 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, իսկ Աստրախանի թեմի իրավասության ներքո մնացել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հյուսիսային Կովկասի, Մերձվոլգյան շրջանի, Սիբիրի և Միջին Ասիայի հայկական համայնքները։

19-րդ դարի երկրորդ կեսին Աստրախանի թեմի կազմում ստեղծվել են հայկական նոր համայնքներ Միջին Ասիայի քաղաքներում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Արմավիրում, Հյուսիսային Կովկասի այլ վայրերում։ Հայաբնակ քաղաքների և գյուղերի մեծ մասում կառուցվել են եկեղեցիներ, բացվել ծխական դպրոցներ։

19-րդ դարի երկրորդ կեսին Աստրախանի թեմի առաջնորդներ են եղել Հայ եկեղեցու ականավոր դեմքեր Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցը (1886-94, իսկ 1911-30 թվականներին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոս), գրող և մանկավարժ Խորեն արքեպիսկոպոս Ստեփանեն (1894-1906), հասարակական գործիչ Արիստակես արքեպիսկոպոս Սեդրակյանը։ Վերջին առաջնորդն էր Մխիթար եպիսկոպոսը (1906-1917)։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմից անջատվել են Միջին Ասիայի հայկական համայնքները, նրա իրավասության ներքո մնացել են Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի հայ համայնքները։ Աստրախանի թեմը վերանվանվել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմ, կենտրոնը՝ Արմավիր (1920 թվականից)։ 1960-ական թվականների սկզբին թեմը լուծարվել է։ 1966 թվականին նախկին Աստրախանի թեմի համայնքները միացել են Նոր Նախիջևանի թեմի հետ, և կազմվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խաչատրյան Վ., Հայ-ռուսական քաղաքական կապերի պատմությունից, ՊԲՀ, 1978, N 4։
  • Ананян Ж., Хачатрян В., Армянские обшины России, Е, 1993