Սուրբծննդյան օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբծննդյան օրացույց

Սուրբծննդյան օրացույց (գերմ.՝ Adventskalender), հատուկ օրացույց եվրոպական երկրներում, որով հաշվում են մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը։ Սովորաբար օրացույցն սկսվում է դեկտեմբերի մեկից (կամ Սուրբ Ծննդյանը նախորդող չորս կիրակիներից մեկից), բաղկացած է քսանչորս օրից և ավարտվում է Սուրբ Ծննդյան նախորդ օրը։ Ըստ սովորության՝ սուրբծննդյան օրացույցը բացիկ է կամ ստվարաթղթից պատրաստված տնակ՝ բացվող պատուհաններով. դրանցից յուրաքանչյուրի հետևում որևէ փոքրիկ նվեր է, մաղթանք-գրություն կամ հերթականությամբ դրված են որևէ պատմության հատվածներ (օրինակ՝ Հիսուսի ծննդյան պատմությունը)։ Սուրբծննդյան օրացույցը կարող կազմված լինել թելի վրա կախված փոքրիկ պարկերից, առանձին տուփերից, ծրարներից, գուլպաներից և այլն։

Սուրբծննդյան օրացույցի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XIX դարի առաջին կեսին։ Ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայում. առաջին օրացույցները պատրաստել են Լյութերական եկեղեցու հետևորդները[1]։ Դրանք սովորաբար ուղղանկյուն ստվարաթղթեր էին՝ վրան ամրացված «պատուհաններ»[2]։ Սուրբծննդյան առաջին մանկական օրացույցը պատրաստել է Գերհարդ Լանգն իր "Reichhold & Lang" տպագրատանը (Մյունխեն)։ 1908 թվականին նրա ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց իր Սուրբծննդյան օրացույցը, որ կազմված էր ստվարաթղթի վրա սոսնձված 24 գունավոր քարտեր։ 20-րդ դարի 30-ական թվականներին տպագրատունը փակվել է, սակայն մինչ օրս երեխաների համար պատրաստվում են Սուրբծննդյան տարատեսակ օրացույցներ։

Կարճ ժամանակում սովորույթը տարածվում է նաև գերմանալեզու մյուս երկրներում (Ավստրիայում, Շվեյցարիայի որոշ հատվածներում), իսկ XX դարում սուրբծննդյան օրացույցներ պատրաստվում են արդեն ողջ Եվրոպայում։

Julkalender[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում, Դանիայում, Իսլանդիայում ու Ֆինլանդիայում գոյություն ունի, այսպես կոչված Julekalender (շվեդ.` Julkalender, ֆինն.` Joulukalenteri, իսլանդե.՝ Jóladagatal). այն հեռուստա- կամ ռադիոհաղորդման յուրօրինակ ձև է, որ սկսվում է դեկտեմբերի մեկից։ Առաջին անգամ նմանօրինակ հաղորդումը եթեր է հեռարձակվել Շվեդիայում 1960 թվականին Titteliture հաղորդման հետ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mills, Mills (May 10, 2010). The Twelve Blessings of Christmas. Thomas Nelson Inc. p. 54. ISBN 9780529124319.
  2. Gassmann, Günther; Larson, Duane H.; Oldenburg, Mark W. (April 4, 2001). Historical Dictionary of Lutheranism. Scarecrow Press. p. 87.