Jump to content

Սեպուհ Չուլջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպուհ Չուլջյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1959(1959-03-24)
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 19, 2020(2020-11-19)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանՎանաձոր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1986) և Ներսեսյան վարժարան
Գիտական աստիճանQ48941152? (1989)
Մասնագիտությունեպիսկոպոս
 Sebouh Chouldjian Վիքիպահեստում

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան (մարտի 24, 1959(1959-03-24), Մալաթիա, Թուրքիա - նոյեմբերի 19, 2020(2020-11-19)[1], Երևան, Հայաստան) Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ։ Եղել է Հրանտ Դինքի ամենամոտ ընկերը[փա՞ստ]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի մարտի 24-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում։ 1969 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը։ 1978 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան։ 1979 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո շարունակել ուսումը Հոգևոր ճեմարանում։ 1985 թվականի դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։ 1986 թվականի մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը թեմայով։ Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո ծառայության է անցել Վեհարանում Վազգեն Ա Հայրապետի մոտ՝ որպես քարտուղար։ 1987 թվականի հունիսի 7-ին, Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա (աբեղա)։ Հետ ձեռնադրության շարունակել է ծառայությունը Վեհարանում։ 1987 թվականի սեպտեմբերին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։ 1989 թվականի նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում» թեմայով։ 1990 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ։ 1991 թվականին հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ։ 1995 թվականի հունիս ամսից Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից զբաղեցրել է Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նույն թվականի հոկտեմբեր ամսից նշանակվել է կառավարության կողմից Մայր Աթոռին վերադարձվող շենքերի, շինությունների ու հողատարածությունների ընդունման հանձնաժողովի նախագահ։ 1996 թվականին ընդգրկվել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում։ 1997 թվականի հունիսի 15-ին ձեռնադրվել և Օծվել եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի։ 2000 թվականի նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 2002 թվականին հիմնադրել է Ծիծեռնակ ճամբարը։ 2002 թվականի հոկտեմբերին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ։ 2004 թվականի դեկտեմբերին պարգևատրվել Է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հուշամեդալով։ 2005 թվականի հունվարին պարգևատրվել է հայ ժողովրդի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով։ 2006 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «Պետություն-Եկեղեցի» փոխհարաբերության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ 2007 թվականին դադարել է անդամակցությունը Գերագույն Հոգևոր խորհրդում։ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչում է շնորհվել։ 2012 թվականի մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվվել է «Արքության» պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ։ 2015 թվականի փետրվարի 24-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սեպուհ արք. Չուլջյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած անուրանալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ։ 2016 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշանակվել է Կարգապահական հանձնախմբի անդամ։ 2017 թվականին լրացավ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսության 20 և առաջնորդության 21 տարին։ 2017 թվականի հունիսին ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։ 2018թ. Սեպուհ արք. Չուլջյանը որպես առաջնորդ շարունակել է ծառայությունը Գուգարաց թեմում։

Ավանդը Գուգարաց Թեմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հունիսի 3-ին Հայրապետական Սրբատառ Կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի (Լոռու և Տավուշի մարզեր) առաջնորդ։

1996 թվականից Սեպուհ Սրբազանի առաջնորդությամբ՝ հասարակություն-եկեղեցի կապը Լոռու մարզում աննախընթաց ձեռքբերումներ ունեցավ. դա պայմանավորված էր առաջնորդի որդեգրած հոգևոր իմաստուն քաղաքականությամբ։ Հայ հասարակության մեջ Սովետական անաստվածության և Սովետական արժեքային համակարգի ու գաղափարաբանության դուրս մղումով՝ հայ ժողովուրդն ու եկեղեցին որդեգրեցին նոր մոտեցումներ, նոր հայեցակարգ ազգային, մշակութային, բարոյական ու կենցաղավարման հարցերում։

Ստեղծված հիմնարար և մնայուն արժեքներից հատկապես հիշատակության են արժանի ազգային, հոգևոր-եկեղեցական մշակույթի ու ավանդույթների մատչելի մեկնաբանությամբ մատուցվող և հասարակության հոգևոր կյանքը բարելավող քարոզչական ու հոգեմտավոր աշխատանքները։

Անցնող տարիներին թեմի առաջնորդի և մարզային իշխանությունների միջև ձևավորվեց եկեղեցական և պետական հանդիսություններն ու միջոցառումները կանոնակարգող մշակույթ` հարգանքի, վստահության, փոխադարձ համագործակցության և սիրո մթնոլորտում։

Լոռու մարզում Սրբազանը, իբրև տիպար հոգևորական, իր հայրենաշունչ խոսքով ու արդար գործերով երիտասարդության, դպրոցականների և ժողովրդի սրտում ու մտքում թողել է եկեղեցասիրության ու ազգասիրության խորհրդանիշ առաջնորդի համբավ։

Առաջնորդի նախաձեռնությամբ, ինչպես նաև հայաստանաբնակ և սփյուռքահայ բարերարների նյութական ու բարոյական աջակցությամբ` Գուգարաց թեմում առաջնորդարանի, հովվատների, եկեղեցիների, մատուռների ու ճամբարային համալիրների կառուցումն ու բարեկարգչական լայնածավալ աշխատանքները տեղական իշխանությունների ու լոռեցի բարեպաշտ ազգաբնակչության կողմից առանձնահատուկ վերաբերմունքի, օրհնության, արդար գնահատականի և պատվի են արժանացել։

Վանաձորում Թաիրովների պատմական շենքի` իբրև առաջնորդարան վերակառուցումն ու տարածքի բարեկարգումը առանձնակի շքեղություն պարգևեց հնամենի քաղաքին։ Դեռևս խորհրդային շրջանից թեմում գործում էին միայն Վանաձորի Սբ. Աստվածածին և Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցիները։

1996-2018թթ. Սեպուհ Սրբազանի անմիջական նախաձեռնությամբ անցնող 21 տարիներին նորովի կառուցվեց և վերանորոգվեց 45 վանք ու եկեղեցի, և 25 մատուռ։ Այժմ թեմում իրենց հոգևոր ծառայությունն են մատուցում 17 հոգևոր հայրեր։

Կրթադաստիարակչական ծառայությունների շարքում արժանի է մատնանշել Վանաձորում «Ծիծեռնակ» և Հրանտ Դինքի անվան «Կռունկ» թեմապատկան ճամբարների հիմնովին վերակառուցումը, կահավորման դժվարին աշխատանքների իրականացումը։

Ճամբարներում տասներեք տարի շարունակ անվճար կազմակերպվում են 1000-1500 դպրոցականների հանգիստն ու ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները։ Հրանտ Դինքը առանձնակի ուրախություն և մեծ գոհունակություն է ապրել, իբրև Սեպուհ Սրբազանի համերկրացի ու բարեկամ, երբ այցելել է Վանաձոր, այցելելով  «Ծիծեռնակ» ճամբար և   գրկախառնվել ու արտահայտվել է.- «Դուն ալ ինձի նման խենթ ես...»[փա՞ստ]:

Տարիներ ի վեր թեմում իրականացվում է մարդասիրական, սոցիալական, աղքատախնամ, սննդի ու հագուստի բաշխման «Ձեռք մեկնիր»  ծրագիրը, որով օգնել են 1000-ավոր ընտանիքների, և բնակարանների հատկացման «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը, որի շրջանակներում բնակարաններ են  բաշխվել  երկու տասնյակից ավելի ընտանիքների։

Որպես թեմակալ առաջնորդ՝ Սեպուհ սրբազանը հաստատակամ ու իր ժողովրդի պայծառ տեսլականով առլեցուն[փա՞ստ], աննահանջ գաղափարի տեր անհատականություն է։ Նա հանուն Հայ Առաքելական եկեղեցու և հայոց պետականության հզորացման` անմնացորդ սիրով շարունակում է իր ծառայությունը Գուգարաց թեմում` հավատարիմ իր ուխտին և ի սեր ժողովրդի ու հայրենիքի։

2018 թվականին Հրանտ Դինքի անվան «Կռունկ» և «Ծիծեռնակ» ճամբարները սկսեցին գործել նաև ներառական սկզբունքով, իրենց հարկի տակ ընդունելով ֆիզիկական սահամանափակ հնարավորություններ և այլ խնդիրներ ունեցող կամ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող պատանիների և երեխաների։

Արքության պատիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվել է Արքության պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ։

Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններում թեկնածու  (2010)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը  Պոլսո Հայոց  աթոռակից- պատրիարքական ընտրություններում Հայաստանի Հանրապետությունից միակ թեկանածուն է։ Նա, ծնված լինելով Թուրքիայի Մալաթիա քաղաքում, հանդիսանում է Թուրքիո Հայոց Պատրիարքության չորս թեկնածուներից մեկը։

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի պոլսահայությանը խոստանում էր. Կոստանդնուպոլսի Հայկական պատրիարքարանը դարձնել հոգևոր և մշակութային կամուրջ Երևանի, Անկարայի և հայկական սփյուռքի միջև՝ հատկապես կարևորելով հայերի և թուրքերի միջև երկխոսությունը։ Փրկել արևմտահայերենը և այն զորացնել Ստամբուլի հայկական դպրոցներում, պատրաստել հայերենի ուսուցիչներ և հոգևորականներ։

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Սրբազանը նախատեսում էր հասարակության  առաջադեմ հատվածների օգնությամբ վերականգնել երբեմնի ժողովրդական դիվանագիտությունը և նպաստել  մշակութային արժեքների փոխադարձ ճանաչմանն ու պահպանմանը։  Մարդասիրական տարբեր ծրագրերի լայնածավալ ու համակողմանի իրականացման կողմնակից է։ Ունի նվիրական զգացումներ իր ծննդավայր Մալաթիայի ու պոլսահայ համայնքի նկատմամբ։

2010 թվականի փետրվարի 10-17 Սեպուհ Սրբազանը, Պոլսո Պատրիարքական Աթոռի փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի հրավերով ՝ իբրև պատրիարքության թեկնածու, Ստամբուլի տարբեր եկեղեցիներում  և բազմամարդ դահլիճներում համայնքի հետ հետաքրքիր հանդիպումներ է ունեցել։ Սրբազանը, շարունակելով Հրանտ Դինքի ուղին, պնդում էր, որ Հայոց Պատրիարքարանը պետք է մեծ քաղաքականությունից զերծ մնա և սահմանափակվի հոգևոր-եկեղեցական, մշակութային ու բարեսիրական գործունեության շրջագծում։ Ստամբուլի հայկական համայնքում լուրջ ոգևորություն է առաջացրել, հայաստանցի թեկնածուի ի հայտ գալը, ով այդ օրերին դարձավ ընտրությունների հավանական ֆավորիտը։ Համայնքային և թուրքական օրաթերթերը ևս իրենց էջերում արձագանքեցին և անդրադարձան Սրբազանի հանդիպումներին, կենսագրությանն ու վաստակին։ Սակայն 2010 թվականի հունիսի 29-ին թուրքական կառավարությունը արգելեց պատրիարքական ընտրությունները։

Պոլսո աթոռի ամենատարեց հոգևորական Շահան արքեպիսկոպոս Սվաջյանը, ով Մեսրոպ Պատրիարքի կողմից նշանակված էր փոխանորդ, անհասկանալի պատճառով շուտափույթ հրաժարական տվեց, և մի քանի ժամ անց պատրիարքության Կրոնական ժողովը  նույն թվականի հուլիսի 1-ին՝ ուշ գիշերին հապշտապ պատրիարքական փոխանորդ ընտրեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

2010 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի հայ համայնքին ուղղված նամակում արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը նշել է, որ թուրքական կառավարության միջամտությունը հակասում էր ազգային փոքրամասնությունների վերաբերյալ իր իսկ ընդունված նոր սահմանադրական քաղաքականությանը։ Մինչդեռ, Հայոց պատրիարքի ընտրությունը հայ-թուրքական հարաբերությունների շրջագծում, թե´ թուրքական և թե´ հայկական կողմի համար առանց երրորդ պետությունների միջնորդության և երկու պետությունների միջև բարի կամքի արտահայտության լավագույն հնարավորություն էր կողմերի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են