Սանկտ Պետերբուրգի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի հայկական տպագրություն
Հիմնադրված1781 թվական
Իրավ. կարգավիճակգործում է
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, հայերեն

Սանկտ Պետերբուրգի հայկական տպագրություն, ստեղծվել է 1781 թվականին, երբ Լոնդոնից Գրիգոր Խալդարյանի բերած հայկական տպատառերով լույս է ընծայվել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Տետրակ այբբենական» այբբենարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1789 թվականը տպարանը հրատարակել է շուրջ 15 անուն գիրք՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» (1785 թվական) պոեմը, Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց» («Գիրք որ կոչի Եղիշէ պատմագիրք», 1787 թվական) երկը, Գրիգոր Խալդարյանի հայ-ռուսերեն բառարանը («Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտութեան», 1788 թվական), Կլեոպատրա Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտութեան» (1788 թվական) ձեռնարկը և այլն։ Այնուհետև տպարանն անցել է Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, և Հովսեփ Արղությանն այն տեղափոխել է Նոր Նախիջևան, հետո՝ Աստրախան։

1810 թվականին Սանկտ Պետերբուրգի «Մորսկայա» տպարանում մշակույթի գործիչ և տպագրիչ Հովսեփ Հովհաննիսյանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու աղոթքը՝ «Մաղթանք գիշերայինք» վերնագրով։ Նույն թվականին նա հիմնադրել է նաև իր սեփական տպարանը և մինչև 1827 թվականը տպագրել 10-ից ավելի հայերեն գրքեր, այդ թվում՝ Խոճենց Մարգարի «Բարառնական դիմառնութիւն բարոյական...» (1812 թվական), «Խրատ յաղագս պատուաստման նախապահպանողական ծաղկան» (1815 թվական), Աստվածաշունչ (1817 թվական), Նոր կտակարան (հայատառ թուրքերեն, 1814 թվական, 1817 թվական, 1819 թվական), «Յաղագս ուսումնարանին հայոց, որ ի Մոսկով կայսերական հրամանաւ հաստատեալ» (1827 թվական) և այլն։

1828 թվականին Լազարյան ճեմարանը Սանկտ Պետերբուրգում բացել է իր տպարանը, տպագրել է 2 գիրք՝ «Արձանագրութիւնք որք վերաբերին....» (1828 թվական) և «Գումար բարձրագոյն հրովարտակաց և....» (1839 թվական)։ 1838 թվականից գործել է Ալեքսանդր Խուդաբաշյանի տպարանը, որը նույն թվականին հրատարակել է տպարանատիրոջ «Գիրք նախակրթութեան հայկազեան լեզուի» դասագիրքը, 1839 թվականին՝ նրա գրադարանի գրացուցակը («Ցանկ տպագրեալ և ձեռագիր գրոց...»)։

1860-ական թվականներին գործել է Ռափայել Պատկանյանի տպարանը, որը տպագրել է «Հատընտիր և պատկերազարդ առակք Եզոպոսի և առածք պէսպէս ազգաց» (1859 թվական), Գաբրիել Պատկանյանի «Հայոց ազգի պատմութիւնը», «Միջնավէպք հայոց ազգի պատմութիւնից» (երկուսն էլ՝ 1863 թվական) և այլ աշխատություններ, Գրիմ եղբայրների «Գերմանական ազգային առակներ» (ֆրանսերենից թարգմանությունը՝ Ե. Տեր-Գրիգորյանի, 1864 թվական), Ռափայել Պատկանյանի ստեղծագործություններից և այլն (16 անուն գիրք), նաև «Հիւսիս» հանդեսը։

XIX դարի 2-րդ կեսին և հետո Սանկտ Պետերբուրգում հայերեն գրքերը հրատարակվել են Կայսերական գիտությունների ակադեմիայի (44 անուն), Օ. Բակստի (6 անուն), Հ. Յանսոնի (6 անուն), Ի. Գոլովինի (1 անուն), Ի. Սկորոխոդովի (49 անուն), Յ. Լիբերմանի (28 անուն, վերջին երկուսի տպարաններում տպագրվել է նաև «Արաքս» հանդեսը), Ա. Կրաևսկու (4 անուն), «Տրուդ» (3 անուն), «Բեսել և ընկ.» երաժշտ. (2 անուն), Բորպանովսկու և այլ տպարաններում։

1867–1872 թվականներին Միքայել Միանսարյանցի հայկական հրատարակչությունը լույս է ընծայել մանկավարժությանը վերաբերող թարգմանական երկեր և Միքայել Միանսարյանցի կազմած «Քնար հայկական» (1868) երգարանը, «Կանոնաւոր և նվայելուչ գրութեան պատմութիւնը և տեսութիւնը» (1872) աշխատությունը։

Բեղմնավոր է եղել «Պուշկինյան» հայկական տպարանը, որը 1890–1900-ական թվականներին լույս է ընծայել բժիշկ Ա. Բուդուղյանի բժշկական գիտահանրամատչելի մի շարք աշխատություններ, Գևորգ Բաշինջաղյանի «Նկարչի կեանքից յիշողութիւններ» (1903 թվական) և այլ գրքեր, «Բանբեր գրականութեան և արուեստի» և «Սափրիչ» հանդեսները, «Արցունքներ» ժողովածուի համարները (1907 թվական)։

1972 թվականին Լենինգրադում տպագրվել է «Հայ միջնադարյան քնարերգություն» անթոլոգիան, 1981 թվականին՝ Կոստանդին Երզնկացու «Լոյսն առաւօտուն» ժողովածուն։

Երևանի պետական համալսարանի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տուն) համագործակցությամբ լույս է ընծայվել «Հայ և ռուս միջնադարյան գրականություն» ժողովածուն։

1993 թվականից Սանկտ Պետերբուրգում լույս է տեսնում «Հավատամք» ազգային, հոգևոր ամսաթերթը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"ՀԱՎԱՏԱՄՔ" ԱՄՍԱԹԵՐԹ». www.hayadaran.info. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։