Վարդանի և հայոց պատերազմի մասին
Վարդանի և հայոց պատերազմի մասին | |
---|---|
Հեղինակ | Եղիշե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | գրաբար |
Թվային տարբերակ | armenianhouse.org/voskeporik/03-yeghishe.html |
Վարդանի և հայոց պատերազմի մասին (գրաբար՝ Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին), 5-րդ դարի հայ պատմիչ և աստվածաբան Եղիշեի հիմնական երկը։ Նվիրված է 449-451 թթ. հայոց ապստամբությանը Սասանյան Պարսկաստանի դեմ։ Գիրքը գիտական և պատմական արժեքավոր հուշարձան է, ինչպես նաև՝ կարևոր սկզբնաղբյուր Մեծ Հայքի և հարակից երկրների պատմության ուսումնասիրության համար։
Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին երկը նվիրված է Վարդանանց պատմությանը։ Երկի հեղինակը՝ Եղիշեն, եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներից։ Ծնվել է 410-ական թվականների սկզբին, իսկ 460-ական թվականներին գրել է իր վերոհիշյալ երկը։ Եղիշեն հարուստ լեզվով, ճոխ պատկերներով և իմաստուն խոսքերով է շարադրել իր «Պատմությունը», ստեղծել է բազմաթիվ հուզիչ տեսարաններ, արտահայտել իր ջերմ հայրենասիրական զգացումները։ Այս է պատճառը, որ նրա երկը համարվել է հերոսական բանաստեղծություն, դյուցազներգություն։
Երկի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկի սկիզբը ներկայացնող գլուխներում Եղիշեն բացահայտում է պատերազմի հիմնական պատճառը։ Դա պարսկական արքունիքի այն քաղաքականությունն էր, որը ձգտում էր պարսկական միաձույլ և ուժեղ պետություն ստեղծելու համար Հայաստանում և մյուս հպատակ երկրներում վերացնել քրիստոնեությունը և հաստատել պարսկական կրոնը։ Այդ քաղաքականության ամենամոլեռանդ կիրառողն է դառնում պարսից Հազկերտ արքան, որն իր նպատակին հասնելու համար փորձում է ջլատել Հայաստանի ռազմական ուժն ու տնտեսությունը, վերացնել հայ իշխանների իրավունքները։ Դրանից հետո Հազկերտը հայերից պահանջում է հավատափոխ լինել։ Այս ամենի հետևանքը լինում է այն, որ Պարսկաստանի դեմ ապստամբում է ամբողջ հայ ժողովուրդը։ Հաջորդ գլուխներում պատկերվում են համաժողովրդական ապստամբության գլուխ անցած սպարապետ Վարդան Մամիկոնյանի պայքարը պարսիկների դեմ և մարզպան Վասակ Սյունու պառակտչական գործունեությունը։ Պատերազմն իր գագաթնակետին է հասնում Ավարայրի ճակատամարտում (451 թվական), որտեղ նահատակվում է հայոց սպարապետը
Հայոց պատերազմի արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց պատերազմի արդյունքն այն զիջումներն են, որ պարսից արքունիքը ստիպված կատարում է՝ ի նպաստ հայ եկեղեցու, ազնվականության և ժողովրդի։ Հաղթում է Վարդանանց պայքարը, և պարտվում է դավաճան Վասակ Սյունին։
Եղիշեի նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշեի նպատակը Վարդանանց պատերազմի մասին միայն հավաստի տեղեկություններ հաղորդելը չէ։ Նրա համար շատ կարևոր է եղել, այդ մեծ պատմական իրողությունը պատկերելով, ազդել ընթերցողների վրա, ոգևորել քաջ նախնիների հերոսականությամբ։ Գովաբանելով հերոսներին և պարսավելով դավաճաններին՝ Եղիշեն ձգտել է քարոզել ու դրվատել քրիստոնեական կրոնն ու բարոյականությունը, կրթել հայրենյաց հավատին ու հայրենիքին նվիրված սերունդներ։ Իր նպատակին հասնելու համար նա ճարտասանական, գեղարվեստական հնարքներով կերտել է դրական ու բացասական հերոսների կենդանի կերպարներ, նկարագրել հերոսական նահատակության դրվագներ, արծարծել վեհ գաղափարներ։
Իմաստուն ասույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով». սա Եղիշեի ամենանշանավոր ասույթներից է։ Ըստ մեր պատմիչի՝ բոլոր չարիքները բխում են ուսման պակասից։ Մտավոր լույսը, իմաստությունը, ըստ Եղիշեի, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, հատկապես թագավորին։ «Եթե թագավորը,-ասում է նա,-իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»։ Եթե մարդը խավարամիտ է, նրա հոոգին էլ թուլանում է, զրկվում առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկնում, վախենում ամեն ինչից, հատկապես մահից։ Ով գիտի, թե ինչի համար է մեռնում, նա չի վախենում մահից։ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն». այս ասույթի մեջ պատմիչը խտացրել է Վարդանանց պատերազմի ամբողջ գաղափարախոսությունը։ Հայ մարտիկներն ինքնակամ և գիտակցաբար գնում են մահվանն ընդառաջ, որովհետև գնում են պաշտպանելու իրենց հավատն ու հայրենիքը և դրանով՝ անմահանալու։ Եղիշեն նաև ասել է. «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։ Հիրավի, հայ ժողովրդի պատմության փորձը ցույց է տալիս, որ միաբանությամբ միայն կարելի է պաշտպանել հայրենիքը։
Եղիշեի պատմության ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշեի «Պատմությունը» խոր ազդեցություն է ունեցել հետագա շրջանի ողջ հայ գրականության վրա։ Այդ մատյանի ներշնչանքով գրվել են շարականներ, բանաստեղծություններ, թատերգություններ։ Այդ մատյանն է հիմք դարձել նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10-րդ դասարանի հայ գրականության դասագիրք