Jump to content

Սամբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամբա
Ծագել է Բրազիլիա
Դիմակահանդեսային սամբայի կատարում
Արտաքին տեսաֆայլեր
Samba Dance Carnaval 2011
Slavik Kryklyvyy and Karina Smirnoff samba

Սամբա (պորտ.՝ samba), բրազիլական պար, բրազիլացիների ազգային ինքնության խորհրդանիշ։

Պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բրազիլական դիմակահանդեսների շնորհիվ։ Սամբայի տարատեսակներից մեկը ներառվել է պարահանդեսային պարեր լատինամերիկյան ծրագրի պարտադիր հնգյակի մեջ։ Կատարվում է րոպեում 50-52 հարված տեմպով, 2/4 կամ 4/4 չափով։

Սամբան բրազիլական պար է, որն արմատներով Բահիա նահանգից է։ Ժամանակի ընթացքում բացվել են սամբայի առաջին դպրոցները և կառույցահատվածները (blocos՝ «բլոկոս») մինչև 15 հոգու համար, որոնք փողոցներում կազմակերպում էին շքահանդեսներ։

Բրազիլական առաջին դիմակահանդեսներն անցկացվել են 1920-1930-ական թվականներին։ Ներկայումս դրանք ավանդույթ են դարձել ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյում, այլև մյուս խոշոր քաղաքներում։ Դիմակահանդեսը վաղուց վերածվել է մրցակցության, որտեղ սամբայի տարբեր դպրոցներ մրցում են «Սամբայի լավագույն դպրոց» կոչման համար։

«Բրազիլացիները սամբան այնքան շատ են սիրել, որ այն դարձել է նրանց ազգային երաժշտությունը։ Իսկ Ռիոն՝ սամբայի ամենատարբեր ուղղությունների կենտրոնը։ Այստեղ գործում են սամբայի բազմաթիվ դպրոցներ, այստեղ ապրում է նրա ժողովրդական տարբերակը՝ բրազիլական ետնախորշերի սամբան»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբայի երաժշտական չափը 2/4 է, տեմպը՝ արագ, րոպեում 48-52 տակտ։ Սամբայում մեծ տեղ է տրվում ռիթմին, որը կատարողը պահպանում է իր ազդրերի շարժումներով։ Հենց սամբային են բնորոշ ազդրերի զիգզակաձև շարժումները, որոնք անվանում են Samba Bounce։

Սամբային հատուկ երաժշտական ռիթմն առանձնացնում է այս պարը լատինամերիկյան ծրագրում ընդգրկված մյուս պարերից։ Դրա ամենալավ փոխանցման համար հաճախ օգտագործվում են բրազիլական ազգային երաժշտական գործիքներ, օրինակ՝ տամբորիմ, կաբակա, ռեկո-ռեկո և այլն։

Սամբայի պուլսային ռիթմն ընդգծվում է բաունսով՝ ազդրերի շրջանային շարժումով։ Հատկապես ազդեցիկ են շարժումները, որտեղ թեթև պլաստիկ էլեմենտները համատեղվում են կտրուկ և շրջադարձային շարժումների հետ։ Այս թեթև պարն ամբողջությամբ նկարագրում է ակտիվ, արտահայտիչ հարավային ժողովրդին՝ մեկ փափուկ և երազկոտ, մեկ կտրուկ ու կոպիտ։

Սամբա դե ռոդա (Samba de roda − շրջանաձև սամբա կամ սամբա շրջանագծի մեջ), Բահիա նահանգի աֆրո-ամերիկյան հանպատրաստից պար։ Սամբայի ամենահին և իսկական տեսակը, որից առաջացել է կարիոկա քաղաքային սամբան։ Բահիայում, որպես կանոն, տղամարդիկ կատարում են երաժշտական նվագակցություններ, իսկ կանայք երգում են ու ծափահարում։ Ավանդույթի համաձայն՝ այդ կատարողները կազմում են շրջան, որտեղ սովորաբար պարում է մեկ կամ հազվադեպ 2 կին։ Տղամարդիկ հազվադեպ են շրջանի մեջ մտնում պարելու համար։ Նրանք շրջանում (պորտ.՝ roda) կատարում են կապոեյրա, որը հաճախ ավարտվում է սամբա դե ռոդա պարով նրանց մասնակցությամբ։

Սամբա նու պե (Samba no pé − սամբա ներբաններով), այս պարի շարժումները կատարում են այն պարողները (passistas), որոնք դիմակահանդեսներում հատուկ գունագեղ կառքերով անցնում են սամբայի դպրոցներ։ Այս պարագայում սա դիմակահանդեսային սամբայի ձևերից մեկն է՝ մենապար կանանց կատարմամբ։ Պարահրապարակներում կարող է կատարվել որպես զուգապար առանց աջակցության, այսինքն՝ պարընկերները պահում են որոշակի հեռավորություն։

Պագոդե (Pagode), հիշեցնում է սամբա դե գաֆիեյրան, սակայն ակրոբատիկական շարժումներ չի պարունակում։ Պարը կատարում են միմյանց շատ մոտ գտնվող պարընկերները։

Սամբա Աշե (Samba Axé) պարը կատարվում է մենակ կամ խոշոր խմբերով։ Սամբայի ձև է, որում միախառնված են սամբա նու պեի և աերոբիկայի տարրեր, կատարվում են կատակերգեր։

Սամբա ռեգգեյ (Samba Reggae), ծագել է Բրազիլիայի Բահիա նահանգում։ Սամբայի շատ տարածված տեսակ է, որը կատարվում է ռեգգի երաժշտության տակ։

Սամբա դե գաֆիեյրա (Samba de Gafieira), հասարակական զուգապար է, որն իր մեջ միավորում է մաշիշեի (ավելի վաղ հայտնի էր «բրազիլական տանգո» անվանումով), արգենտինական տանգոյի, վալսի տարրեր։ Ցուցադրական շոուների ժամանակ պարը կատարվում է ակրոբատիկական շարժումներով՝ փոխառված ռոքնռոլից։

Սամբա դե գաֆիեյրա։ Առաջնորդող պարընկերոջ հիմնական պարաքայլեր

Ոճի անվանումն առաջացել է բրազիլական գաֆիեյրա բառից, որը նշանակում է պարահրապարակ։ Բրազիլիայում սամբա դե գաֆիեյրան համարվում է պարահանդեսային կամ, ավելի շուտ, սալոնային պար (dança de salão), բայց բավականին տարբերվում է միջազգային մարզական սամբաներից։ Երկու տարբերակների ակնհայտ տարբերությունն այն է, որ սամբա դե գաֆիեյրան ուղղակիորեն սերում է մաշիշեից[1]։ Սամբա պարահանդեսային պարը (միջազգային ստանդարտ) Եվրոպայում և ԱՄՆ-ում ձևավորվել է ազնվացեղ և տարփանք առաջացնելուց զուրկ մաշիշեի հիման վրա։ Այդպիսի պար 1909 թվականին Փարիզում ներկայացրել են բրազիլացի պարողներ Դուկեն (բրազիլական արտասանությամբ՝ Duque — Antonio Lopes de Amorim Diniz, 1884-1853) և Մարիա Լինան (Maria Lina): Դուկեն ստեղծել է մաշիշե սեփական պարարվեստը, որը 1914 թվականից սովորեցրել է Փարիզում իր բացած պարի դպրոցում։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում սամբա դե գաֆիեյրայի ստանդարտացման ուղղությամբ, որպեսզի այն պարտադիր ընդունվի պարահանդեսային պարերի լատինամերիկյան ծրագրում (International Latin): Սամբա դե գաֆիեյրայի ստանդարտ ձևերն առաջ է քաշել սալոնային պարերի բրազիլացի հետազոտող Մարկ Անտոնիո Պերնը[2]։

Սալոնային պարերի ազգային ասոցիացիան (Associação Nacional de Dança de Salão, ANDANÇAS) ձևավորվել է Բրազիլիայում 2003 թվականին։

Պարահանդեսային պար սամբա (պորտ.՝ Samba internacional, անգլ.՝ International Ballroom Samba) ներկայումս վերաբերում է պարահանդեսային զուգապարերին և պարտադիր է լատինամերիկյան ծրագրի կատարման համար։

Սամբան 2012 թվականի Աշխարհի առաջնությունում, լատինամերիկյան ծրագիր, Վիեննա

Պարահանդեսային պար սամբային բնորոշ են պարընկերների դիրքերի հաճախակի փոփոխությունը, ազդրերի շարժունությունն ու ընդհանուր արտահայտիչ բնույթը։ Պարային շարժումները բնութագրվում են մարմնի քաշի արագ տեղափոխման միջոցով ծնկների կորացումով և ուղղումով։ Պարարվեստի հիմնական տակտային սխեման՝ a-slow, slow, a-slow, slow: Պարողների համար տիպիկ են՝ բոտա ֆոգո (Ռիո դե Ժանեյրոյի շրջանի անվանումից, Botafogo), կորտա ժոկա (corta jaca), շրջապտույտ (volta), արագ շարժումներ (whisk) և տրամախաչում (cruzado):

Պարահանդեսային պար սամբան առաջացել է մշակութային 2 ավանդույթների՝ Կոնգոյից, Անգոլայից ու Մոզամբիկից Բրազիլիա ժամանած սևամորթ ստրուկների աֆրիկյան ծիսական պարերի և եվրոպական պարերի (վալս, պոլկա) փոխազդեցության արդյունքում։ Սամբան նաև կրել է շոթե (պորտ.՝ xote, xótis) բրազիլական պարի ազդեցությունը, որ մշակվել է շոտլանդական պոլկայի գերմանական տարբերակից։ Բրազիլական շոթեն չպետք է շփոթել էկոսեզի հետ։ Նախքան եվրոպական պարերի հետ հաղորդակցվելն աֆրիկացիները զույգերով կատարվող պարեր չունեին։

Բրիտանիկա հանրագիտարանը նշում է, որ զուգապարի այս ոճն ունի բրազիլական ծագում։ Սամբայի այս ձևը ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում հայտնի է դարձել 20-րդ դարի 40-ական թվականների վերջին։ Պարողների բազմաթիվ շարժումներ փոխառված են մատչիշայից («բրազիլական տանգո»)։ Պարընկերները կարող են իրարից հեռանալ և պարային որոշ շարժումներ կատարել միմյանցից մեծ հեռավորության վրա[3]։

Եվրոպայում մինչև 1914 թվականը պարահանդեսային պար սամբան հայտնի չի եղել, քանի որ նորաձև էր մատչիշը, որը համարվում է բրազիլական պար, իսկ Բրազիլիայում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները քաղաքային միջավայրում սամբան գոյություն ուներ մատչիշի հետ համակցված, որը Բրազիլիայում շատ նորաձև էր 1870-1914 թվականներին՝ սամբա-մաշիշե (samba-maxixe): Մաշիշեն արգելված էր պարողների էրոտիկ շարժումների պատճառով։ Հարկ է նշել, որ մաշիշեի անբռնազբոսիկությունն ու արտահայտչությունը հատուկ է նաև անգոլական տարրաշինյա (tarraxinha) պարին, որն առաջացել է անգոլական դանդաղ սամբայից և համարվում է կիզոմբայի տեսակ, իսկ այս բոլոր պարերի մեջ առկա են հին ծիսական շարժումներ՝ ումբիգադա։ Այդպիսի զուգահեռը հիմք է հանդիսանում այն ենթադրության համար, որ անգոլական սեմբան ու բրազիլական սամբան ունեն ընդհանուր արմատներ։

Չնայած պարահանդեսային այս պարը կոչվում է սամբա և առաջացել է բրազիլական պարերից, Բրազիլիայում այն կրում է «միջազգային սամբա» (պորտ.՝ o samba internacional) անվանումը, տիպիկ չէ բրազիլացիներին և երկրում քիչ է հայտնի։ Պարողների կոստյումները, երաժշտական նվագակցությունը և միջազգային սամբայի կատարման ոճը շատ քիչ ընդհանրություններ ունեն սամբա դե գաֆիեյրայի հետ, որը պարահանդեսային հայտնի պար է Բրազիլիայում։ Ժամանակակից պարահանդեսային պար սամբայի շարժումները հիմնականում հիմնված են մաշիշայից փոխառված պարաքայլերի վրա և միշտ չէ, որ կատարվում են սամբայի ռիթմով, քանի որ հաճախ ուղեկցվում են ֆլամենկոյի, չա-չա-չայի և սալսայի երաժշտությամբ։

Լատինամերիկյան մյուս պարահանդեսային պարերի հետ համեմատած՝ զույգով պարահանդեսային սամբան իր էվոլյուցիայի ընթացքում հեռացել է իր արմատներից, որից ստացել է իր անունը, և Բրազիլիայի սահմաններից դուրս կարող է կոչվել «բրազիլական վալս» (Brazilian Waltz)[4]:

Սամբայի ռիթմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբայի, ինչպես նաև աֆրոամերիկյան երաժշտության և պարերի մյուս տեսակների առանձնահատկությունը սինկոպային ռիթմն է։ Բնորոշ է պոլիռիթմերի և խաչաձև ռիթմերի օգտագործումը։

Ռիթմիկ բազմաձայնությունն ստեղծվում է հարվածային գործիքների մեծ հավաքակազմի շնորհիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. PERNA, Marco Antonio. Samba de Gafieira: a história da dança de salão brasileira. 2. ed. Rio de Janeiro: editado pelo autor, 2005. p. 139
  2. [1] Samba de Gafieira – Passos – Syllabus
  3. Encyclopædia Britannica Online, s. v. "Samba", accessed May 17, 2013(անգլ.)
  4. History of the Samba Արխիվացված 2009-01-06 Wayback Machine(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Perna, Marco Antonio. Samba de Gafieira — a história da dança de salão brasileira, 2001. ISBN 8590196585(պորտ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]