Վալս

Վալս (գերմ.՝ walzen), սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալսի նշանավոր և դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը: Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775 թվականը, սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին «Nachtanz» պարը[2]:
Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան: Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով: Նման հաշվով առաջին պարերից մեկը համարվում է ֆրանսիական գյուղական պար Պրովանսից, որի ծագման տարեթիվը, ինչպես 1882 թվականին գրել է «La Patrie» («Հայրենիք») ամսագիրը, համարվում է 1559 թվականը: Այն պարել են «Volta» անվանումը կրող ժողովրդական երաժշտության ներքո: Վոլտա անվանումով այդ շրջանում գոյություն ուներ նաև իտալական առանձին պար: Իտալերենից թարգմանաբար «volta» բառը նշանակում է «շրջադարձ»: Պարի դեռ նախնական տարբերակներում էլ դրա հիմքը համարվում էր անդադար պտույտները:
XVI դարում վոլտան տարածում է գտնում Արևմտյան Եվրոպայի թագավորական պալատներում: Այն բավականին նման էր գալյարդ պարին, որը կատարում էին 3/2 ռիթմով երաժշտության տակ, սակայն՝ ավելի արագ տեմպով:
Լենդլերի[3] հետ միախառնված վոլտան մեծ տարածում է գտնում Գերմանիայում, Չեխիայում և Ավստրիայում: Պարի փոփոխվող բնույթի հետ, երբ քայլերը դառնում են ավելի լայն, շարժումներն՝ ավելի ճկուն ու սահուն, պարը ստանում է նոր անուն՝ գերմաներեն walzen բառից, որը նշանակում է պտտվել, ինչն էլ դառնում է վալսի գերմանական ծագման վարկածի հիմքը:
XIX դարասկզբին վալսը ձեռք է բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն առավել էլեգանտ ու ռոմանտիկ: Վիեննայում բնակվող կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և Յոհան Շտրաուս որդին[4], գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դանուբն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը:
Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն և ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը:
Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են: Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ:
Վիեննայում Յոհան Շտրաուսի բրոնզաձույլ արձանի շուրջը սփռված քաղաքային այգում ամառային երեկոները բոլոր ցանկացողները պարում են վալս՝ նվագախմբի հնչյունների ներքո: Վալսին նվիրված ևս մեկ նշանավոր միջոցառում է Վիեննայի օպերային թատրոնում Ամանորի գիշերը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը:
Իր գոյության տարիների ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների: Գոյություն ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս, չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում:
Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ: Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վալս Վիքիպահեստում |
---|
- Վալսի պատմությունը
- Վալս փողային նվագախմբի համար
- Վալսի տեսադաս youtube.com -ում
- Վալս սկսնակների համար
- Վասլ տեսադաս
- Վալս
- The Waltz Dance Steps & Moves
- Music regarding: Waltz within traditional dances of the County of Nice (France)
- Scroll to "Five Step Waltz" for notes about probable 1847 origin and associated music published the same year.
- Thomas Wilson's 1816 Waltz Manual
- The Dance of Death Գուտենբերգ նախագծի կայքում (1877 Book critical of the Waltz)
- The Regency Waltz
- Waltzes under CreativeCommons licence on BalLibre.org
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Blatter Alfred (2007)։ Revisiting music theory: a guide to the practice։ էջ 28։ ISBN 0-415-97440-2
- ↑ A Dictionary of Music and Musicians (A.D. 1450–1880) By George Grove, Sir George Grove, John Alexander Fuller-Maitland, Adela Harriet Sophia (Bagot) Wodehouse. Published 1889. Macmillan
- ↑ The History of Lady Sophia Sternheim, trans. Christa Baguss Britt (State University of New York Press, 1991), p. 160.
- ↑ The Waltz Emperors. Wechsberg. 1973. C. Tinling & Company. pages 59–61
|