Ջրարբիացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջրարբիացում, սակավաջուր կամ ջրազուրկ շրջանները ջրով ապահովելու համար կիրառվող, գլխավորապես հիդրոտեխնիկական միջոցառումների համալիր։ Ջրարբիացման աղբյուրներ չունեցող կամ նվազ դեբիտային և ոչ պիտանի ջուր ունեցող վայրերում ջրամատակարարման և ոռոգման համակարգերի շինարարության առաջին փուլն է։ Ջրարբիացման նպատակն է․ բարելավել տարածքների ջրապահովվածությունը՝ դրանց յուրացման և արդյունավետ օգտագործման համար, ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ բնակչության, անասնապահության և արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարման, ինչպես նաև առանձին հողատարածություններ ոռոգելու համար։ Ջրարբիացման համար առաջին հերթին օգտագործվում են տեղական ջրային ռեսուրսները։ Դրանց պակասի կամ չլինելու դեպքում ջուրը փոխադրում են ջրանցքների կամ խողովակաշարերի միջոցով։ Ջրումը իրականացվում է ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման համակարգերի հետ։ Ջրարբիացում իրագործելու նպատակով կառուցվում են ջրամբարներ, ջրանցքներ, խողովակաշարեր, ինչպես նաև կապտաժային կառուցվածքներ՝ ստորերկրյա ջրերն ընդունելու համար։ Ջրարբիացման նախագծերը կազմելիս հաշվի են առնվում ջրային տնտեսության բոլոր ճյուղերի շահերը, ջրային պաշարները և մշակում համապատասխան միջոցառումներ դրանց արդյունավետ օգտագործման համար։ Հաշվի են առնվում Ջրաբիացման բոլոր օբյեկտները (կենտրոնները), ջրի սպառողների կազմը և թիվը, որոշում ջրի հաշվարկային ծախսերը (օրական, վրկ-ում), ընտրում կառուցվածքների տիպերը, որոշում դրանց չափսերը։ Ջրարբիացվող տարածքում կարող են լինել ստացիոնար օբյեկտներ (բնակավայրեր, երկաթուղային կայարաններ, անասնապահական ֆերմաներ), դաշտային բրիգադներ, արոտային կենտրոններ ևն։ Արոտավայրերի ջրարբիացման կարևորագույն խնդիրներից է ջրելատեղերի (կենտրոնների) դասավորությունը։ Հարթավայրային արոտավայրերում ռելիեֆային բարենպաստ պայմանների շնորհիվ հնարավոր է տարածքը բաժանել հավասար արոտակտորների՝ ելնելով ջրման շառավղի սահմանային մեծությունից (տարբեր կենդանիների համար նորման 2-4 և ավելի կմ-ի սահմաններում է)։ Լեռնային արոտավայրերում ջրելատեղից (ջրման կենտրոնից) մինչև արոտակտորի սահմանը 30-40 %-ով փոքր է հարթավայրայինի համար սահմանված ջրման շառավիղի մեծությունից (կովերի համար 1,25-1,5 կմ-ից ոչ ավելի)։ Ջրելատեղերում տեղադրվում են բաքեր, ծորակներ, ջրման տաշտեր, երբեմն՝ պոմպեր, ինքնախմոցներ։ Ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ջրի կորուստները կանխելու, որակն ապահովելու համար նպատկահարմար է ջուրը փոխադրել խողովակաշարերով։ ԽՍՀՄ-ում Ջրարբիացման կարիք ունեցող 300 միլիոն հա տարածությունից ջրարբիացված է (1979) 229 միլիոն հա։ Ջրարբիացման-ոռոգման խոշոր համակարգեր, խմբային ջրմուղներ կառուցվել են Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, Սիբիրում, Կարակումի, Ստավրոպոլի, Հյուսիսային Ղրիմի ջրանցքների տարածքում և այլ շրջաններում։ Խողովակաշարերի ընդհանուր երկարությունը 1750 կմ է։ ՀՍՍՀ-ում 682 հզ․ հա արոտավայրերի ընդհանուր տարածությունից ջրարբիացվում է (1980) 466 հզ․ հա (68%)։ Գործող համակարգերից են՝ Ակնալճի (12,8 հզ․ հա), Ոսկեթափի (20 հզ․ հա), Հովիտի (7,2 հզ․ հա), Գեղամյան (16,7 հզ․ հա), Քարախաչի (13,9 հզ․ հա) ևն։ Արոտավայրերը հիմնականում լեռնային են, ամառային։ Համակարգերը բաղկացած են աղբյուրներից, գլիացին կառուցվածքներից, խողովակաշարերից, ջրամբարներից և ջրման տաշտերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 539 CC-BY-SA-icon-80x15.png