Պերճուհի Պարտիզպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերճուհի Պարտիզպանյան
Պերճուհի Պարտիզպանյան.jpg
Ծնվել է 1886
Ծննդավայր Ադրիանուպոլիս
Մահացել է 1940
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն հայ
Մասնագիտություն հասարակական գործիչ, մանկավարժ և գրող
Աշխատավայր Հովնանյան դպրոց և Գայանյան օրիորդաց դպրոց
Ամուսին Սարգիս Բարսեղյան

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (1886, Ադրիանուպոլիս - 1940, Փարիզ, Ֆրանսիա), հայ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող: Ռազմական, քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճուհի Պարտիզպանյանը ծնվել է 1886 թվականին Էդիրնեում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ֆիլպեում (այժմ՝ Պլովդիվ): 16 տարեկան հասակում հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին, ում խորհրդով օրիորդների խմբակ է ստեղծել, որի նպատակն էր լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկնել է Ժնև, ուսանել գրականություն և մանկավարժություն: Ստեղծագործել է Էտնա կեղծանունով: Պարտիզպանյանի պատմվածքները ամփոփված են «Փոթորիկեն վերջ» ժողովածուում:

Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է Կերասունում և Վանում: 1909 թվականին ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ, ով 1915 թվականին ձերբակալվել և նահատակվել է: Պերճուհին տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև՝ Թիֆլիս, իրեն նվիրել զավակին ու մարդկանց ծառայելուն: Թիֆլիսում Հովնանյան և Գայանյան վարժարաններում զբաղվել է ուսուցչությամբ: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո տեղափոխվել է Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հանրապետության անկումից հետո գաղթել է Հայաստանից: Որոշ ժամանակ բնակվել է Սոֆիայում, այնուհետև վերջնականապես հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և զբաղվել գրական գործունեությամբ[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1940 թվականին՝ երկարատև հիվանդությունից հետո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կինը և հասարակությունը»։ Կինը և հասարակությունը (hy-am)։ Վերցված է 2016-11-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992: