Պարահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարահանդես (ֆր.՝ bal, իտալ.՝ ballo, գերմ.՝ Ball), հասարակության` տարբեր սեռերի մեծ թվով ներկայացուցիչների հավաքույթ պարելու նպատակով։ Պարահանդեսները տարբերվում են սովորական պարերից կամ դիսկոտեկներից իրենց հանդիսավորությամբ, առավել խիստ վարվելակարգով և դասական պարերով, որոնց հերթականությունը սահմանվում է նախօրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարահանդեսները ծագել են ֆրանսիական և բուրգունդյան պալատներում։ Առաջին պարահանդեսը, որի մասին հիշատակումներ կան պատմության մեջ, կայացել է 1385 թվականին Ամյենում Կառլ 6-րդի և Իզաբելա Բավարացու պսակադրության առիթով։ Սակայն հայտնի չէ` արդյոք այդ ժամանակներում պարահանդեսին մասնակցել են արքայազները և հրավիրված ազնվականները։

15-16-րդ դարերում պալատներում և պալատական ամրոցներում պարային մեծ միջոցառումներ հազվադեպ են անցկացվել։ Միայն Մարիա Մեդիչիի (նրա օրոք ի դեպ Ֆրանսիայում առաջին անգամ դիմակահանդեսներ են կազմակերպվել) և հետագայում նրբակիրթ Հենրի IV արքայի օրոք պարահանդեսները լայն տարածում են գտել։ Պարահանդեսների ներկայիս ձևը ընդունվել է Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից, երբ դրանք տարածում ունեցան նաև գերմանական տարածքներում։

Պարահանդեսների համար առաջին անգամ Ֆրանսիայում մշակվեց կանոնակարգ, որի փոքր-ինչ պարզեցված տարբերակը հաստատվեց 19-րդ դարում: Պարին գրանցվելու և զույգի հավանական թեկնածուների համար տիկնայք օգտագործել են պարային քարտեր:

1715 թվականին Փարիզում պարահանդեսներ են կազմակերպվել օպերային թատրոնում (Bal de l’Opèra)` հնարավորություն ընձեռելով երրորդ դասակարգին վճարի դիմաց մասնակցելու միայն ուրախ պարերին: Այդ ժամանակից էլ պարահանդեսը զվարճանքի միջոց է դառնում բոլոր խավերի համար:

Ինչպես նորաձևության մեջ, այնպես էլ այս ոլորտում Փարիզը թելադրում է զարգացման ուղին, պարահանդեսային պարագաների ընտրությունը: Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին պարահանդեսային կենտրոն է համարվում Վիեննան, որտեղ իրենց հանգրվանն են գտնում ֆրանսիացի շատ ազնվականներ:

Պարահանդեսները Ռուսական կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարահանդես Պետերբուրգում` նվիրված Ռոմանովների արքայատոհմի 300-ամյակին (1913)

Պետրոս Առաջինի օրոք մի շարք այլ նորամուծությունների թվում տեղ է գտնում նաև պարահանդեսը: Մինչ այդ Ռուսաստանում պարահանդեսներ չեն կազմակերպվել: Կայսրուհի Ելիզավետա Պետրովնան, լինելով գրավիչ կին, հատկապես սիրել է պարել և պարահանդեսներ կազմակերպել: Միտումը պահպանվել է նաև Եկատերինա II-ի օրոք, ով խրախուսում էր ազնվականական խելամիտ միջոցառումները: Նրա կազմակերպած պարահանդեսները աչքի են ընկել հատուկ շքեղությամբ, ինչը նշել են նաև մարդիկ, ովքեր ականատեսն են եղել Վերսալի պալատի ճոխ պարահանդեսներին:

Պալատական պարահանդեսների կարևոր առանձնահատկությունն այն էր, որ դրանք փոխարինում էին պաշտոնական ընդունելություններին: Պարահանդեսների այդ դերը պահպանվել է մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը: Մասնավոր անձանց նախաձեռնությամբ կազմակերպվել են առանձին անհատներին կամ դեպքերին նվիրված պարահանդեսներ: Այսպես` 1812 թվականին Վիլնյուսում կազմակերպվել է երկու պարահանդես, որոնցից մեկը նվիրված էր Ալեքսանդր I-ին, մյուսը` կայսր Նապոլեոնին[1]:

Ամենատեսարժան պարահանդեսներից մեկը կազմակերպվել է 1903 թվականին Ձմեռային պալատում, որին մասնակիցները ներկայացել են մինչպետրոսյան ժամանակի զգեստներով։ Կայսրական վերջին պարահանդեսը կազմակերպվել է 1913 թվականին, ինչին նվիրված է Ալեքսանդր Սոկուրովի «Ռուսական տապան» ֆիլմը[2]:

Պարահանդեսները 21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարահանդեսներ կազմակերպվել են նաև 20-21-րդ դարերում։ Այսպես` ֆրանսիացիները սովորաբար կազմակերպում են դրանք Տրոկադերո պալատի (Փարիզ) ցուցահանդեսի բացման առիթով։ Վիեննայի պարահանդեսները մեծ հռչակ են վայելում ողջ աշխարհում. սկսած 1936 թվականից` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վիեննայի պետական օպերայում կազմակերպվում է Վիեննական պարահանդեսը: Ռուսաստանում ևս 21-րդ դարում սկսել են պարահանդեսներ կազմակերպել, որոնց ընթացքում սովորաբար պատմական զգեստներով կատարում են տարբեր դարաշրջանների պարեր։ Գործում է պատմական պարերի միջազգային կազմակերպություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шыдлоўскі, С. А. Культура прывілеяванага саслоўя Беларусі : 1795—1864 гг. — Мінск : Беларуская навука, 2011. — С. 90—92.
  2. Новости NEWSru.com : Սոկուրովի «Ռուսական տապանը» Կաննի կինոփառատոնում մեծ հաջողություն ունեցավ