Ուոլթեր Սիսուլու
Ուոլթեր Սիսուլու | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 18, 1912[1] |
Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ |
Վախճանի օր | մայիսի 5, 2003[2][1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ |
Թաղված | ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | աֆրիկաանս՝ Walter Max Ulyate Sisulu |
Ամուսին | Ալբերտինա Սիսուլու[3] |
Զավակներ | Max Sisulu?, Lindiwe Sisulu? և Zwelakhe Sisulu? |
Պարգևներ | |
Ուոլթեր Սիսուլու (անգլ.՝ Walter Max Ulyate Sisulu, մայիսի 18, 1912[1], Տրանսկեյ, ՀԱՀ - մայիսի 5, 2003[2][1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարի առաջնորդներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլթեր Սիսուլուն ծնվել է 1912 թվականի մայիսի 18-ին Տրանսկեյում (ներկայումս՝ ՀԱՀ տարածք)։ Նրա մայրը ծագումով կոսա էր, իսկ հայրը՝ Վիկտոր Դիկենսոնը, սպիտակամորթ պետական ծառայող։ Կրթություն ստացել է տեղական միսիոներական դպրոցում։ Աշխատանք գտնելու նպատակով 1926 թվականին հեռացել է հայրենի վայրերից։ 1928 թվականին Սիսուլուն տեղափոխվել է Յոհաննեսբուրգ։ 1940 թվականին Սիսուլուն մտել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության շարքերը։ 1943 թվականին Նելսոն Մանդելայի և Օլիվեր Տամբոյի հետ ընդգրկվել է ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայում[4]։ 1949 թվականին Սիսուլուն նշանակվել է ԱԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնում մնացել մինչև 1954 թվականը։
Ապարտհեյդի ռեժիմի դեմ զանվածային ցույցեր կազմակերպելու և դրանց մասնակցելու համար 1952 թվականին ձերբակալվել և պայմանականորեն դատապարտվել է։ Որպես ԱԱԿ գլխավոր քարտուղար՝ 1953 թվականին համաշխարհային շրջագայություններ է կատարել, այցելել Չինաստան, Իսրայել, ԽՍՀՄ և եվրոպական երկրներ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Սիսուլուն յոթ անգամ ազատազրկման է դատապարտվել։ 1963 թվականի հուլիսի 11-ին Սիսուլուն նորից ձերբակալվել է։ 1964 թվականի հունիսի 12-ին Հարավաֆրիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Պատիժը կրելու համար Սիսուլուին ապարտհեյդի դեմ պայքարի այլ բազմաթիվ գործիչների, այդ թվում Նելսոն Մանդելային ուղարկել են Ռոբեն Այլենդ[5]։
1989 թվականի հոկտեմբերին 26 տարվա ազատազրկումից հետո Սիսուլուն ազատ է արձակվել։ 1991 թվականի հուլիսին, դրված արգելքը հանելուց հետո, ԱԱԿ-ի առաջին ազգային համաժողովում Սիսուլուն նշանակվել է նախագահի ներկայացուցիչ։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1994 թվականը, Նելսոն Մանդելայի ՀԱՀ նախագահ ընտրվելը[6]։ Դրանից հետո նա հեռացավ ակտիվ քաղաքական գործունեությունից, բայց Յոհաննեսբուրգի ԱԱԿ-ի գրասենյակում պահպանվել էր նրա կաբինետը, որտեղ հաճախ այցելում էր Սիսուլուն[6][7]։
Մահացել է 2003 թվականի մայիսի 5-ին, 90 տարեկան հասակում Յոհաննեսբուրգում[7]։ 2003 թվականի մայիսի 17-ին թաղվել է «հատուկ պաշտոնական արարողակարգով»։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսուլուն ունեցել է հինգ հարազատ երեխաներ և չորս հոգեզավակներ, որոնք նույնպես ապարտհեյդի դեմ պայքարի ակտիվիստներ էին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսուլուն պարգևատրվել է Իզիտվալանդվե մեդալով և հնդկական «Պադմա Վիբխուշան» շքանշանով։ 2004 թվականին քվերակությամբ Սիսուլուն դարձել է 33-րդը SABC3-ի Մեծն հարավաֆրիկացիներ շարքում։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլթեր Սիսուլուի անվան ազգային բուսաբանական այգին, Ուոլթեր Սիսուլու համալսարանը և Ուոլթեր Սիսուլուի տեղական ինքնակառավարման մարմինն անվանվել են Սիսուլուի պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Tribute: Life, love and times of the Sisulus — 2011.
- ↑ Марианна Шатерникова.։ «Апартеид. Неполиткорректная история» (ռուսերեն)։ Чайка։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2011-4-9
- ↑ «Борьба против режима апартеида» (ռուսերեն)։ [1]։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2011-4-9
- ↑ 6,0 6,1 «Кончина ветерана борьбы с апартеидом» (ռուսերեն)։ Время новостей։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2011-4-9
- ↑ 7,0 7,1 «Умер легендарный борец с апартеидом» (ռուսերեն)։ [2]։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-4-9
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուոլթեր Սիսուլու կատեգորիայում։ |