Ուիլյամ Վեբ Էլլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիամ Վեբ-Էլլիս
William Webb Ellis
Դիմանկար
Ուիլիամ Վեբ-Էլլիսի նկարը The Illustrated London News-ում (1857 թվական)
Ծնվել էնոյեմբերի 24, 1806(1806-11-24)[1]
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա, Սալֆորդ, Լանկաշիր
Մահացել էփետրվարի 24, 1872(1872-02-24) (65 տարեկան)
Մահվան վայրՖրանսիաՖրանսիա, Մենթոն
Գերեզմանcimetière du Trabuquet
Քաղաքացիություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ և Ռագբի դպրոց
Մասնագիտությունռեգբի յունիոն խաղացող, հոգևորական, գյուտարար և կրիկետ խաղացող
 William Webb Ellis Վիքիպահեստում

Ուիլյամ Վեբ-Էլլիս (անգլ.՝ William Webb Ellis նոյեմբերի 24, 1806(1806-11-24)[1], Սոլֆորդ - փետրվարի 24, 1872(1872-02-24), Մենտոն), անգլիացի հոգևորական, ով հայտնի է որպես ռեգբի խաղի հիմնադիր։ 1823 թվականին, լինելով քոլեջի ուսանող, Ուիլյամ Վեբ-Էլլիսը ֆուտբոլ խաղալու ժամանակ խախտել է կանոնները՝ ձեռքերով խլելով գնդակը և վազելով դեպի հակառակորդի դարպասը[2]։ Այս իրադարձությունը պաշտոնապես համարվում է ռեգբի խաղի պատմության սկիզբը, իսկ ինքը՝ Էլլիսը՝ այս սպորտաձևի հիմնադիրը[3]։ Միևնույն ժամանակ մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ Ուիլյամ Վեբ Էլլիսի կողմից խաղի կանոնները խախտելով նոր մարզաձև սկզբնավորելու պատմությունը պարզապես լեգենդ է[4][5][6][7]։ Ուիլյամ Վեբ Էլլիսի անունով է կոչվում ռեգբիի ամենահեղինակավոր հաղթանշանը[3][8][9]՝ Վեբ Էլլիսի գավաթը, որը տրվում է ռեգբիի աշխարհի առաջնության հաղթողին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Վեբ Էլլիսը ծնվել է 1806 թվականի նոյեմբերի 24-ին։ Նրա ծննդավայրի վերաբերյալ առկա են տարաձայնություններ. աղբյուրների մեծ մասը նշում է, որ Էլլիսը ծնվել է Սոլֆորդ քաղաքում, որն այդ ժամանակ ներառված էր Լանկաշիր կոմսության մեջ, մինչդեռ 1851 թվականի մարդահամարի ժամանակ Ուիլյամ Էլլիսը որպես իր ծննդավայր նշել է Սոլֆորդից ոչ հեռու գտնվող Մանչեստրը։ Նա եղել է դրագունյան գվարդիայի սպա Ջեյմս Էլլիսի և Էքսետերի բնակչուհի Էնն Վեբի երկու որդիներից կրտսերը։ 1811 թվականին Ջեյմս Էլլիսը զոհվում է Ալբուերի ճակատամարտում, և Էնն Էլլիսը տեղափոխվում է Ռագբի քաղաք (Ուորիքշիր կոմսություն), որպեսզի Ուիլյամը և նրա ավագ եղբայր Թոմասը կարողանան անվճար կրթություն ստանալ տեղի քաղաքային դպրոցում (այսպիսի իրավունք ունեին այն աշակերտները, ովքեր ապրում էին քաղաքի կենտրոնում գտնվող ժամացույցներով աշտարակից տասը մղոն շառավղով տարածքում)։ Համաձայն պահպանված գրառումների՝ Ուիլյամ Վեբ Էլլիսը Ռագբի քաղաքի դպրոց հաճախել է 1816 թվականից մինչև 1825 թվականը, եղել է օրինակելի աշակերտ և կրիկետի ճկուն խաղացող։ Միաժամանակ նշվում է, որ կրիկետ խաղի ժամանակ Էլլիսը «հակված է խախտելու խաղի կանոնները առավելության հասնելու համար» (անգլ.՝ rather inclined to take unfair advantage at cricket): Իրեն հանրաճանաչ դարձրած արարքը, երբ ֆուտբոլային խաղի ժամանակ խախտել է կանոնները և գնդակը ձեռքին վազել դեպի հակառակորդի դարպասը, տեղի է ունեցել 1823 թվականին։

Ռագբիի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամ Էլլիսը 20 տարեկանում ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Բրեյզնոսի քոլեջը, որտեղ ուսումնասիրել է աստվածաբանություն։ Խաղացել է քոլեջի կրիկետի թիմում, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանի կրիկետի թիմի կազմում մեկ անգամ խաղացել է ընդդեմ Քեմբրիջի համալսարանի կրիկետի թիմի[10]։ 1829 թվականին Էլլիսն ստացել է մշակույթի բակալավրի աստիճան, իսկ 1831 թվականին Բրեյզնոսն ավարտել է մշակույթի մագիստրոսի դիպլոմով։

Ուսումն ավարտելուց հետո Ուիլյամ Վեբ Էլլիսը դառնում է Անգլիական եկեղեցու հոգևորական։ Եղել է Լոնդոնի Ալբեմարլ-սթրիթ փողոցի վրա գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու կապելլանը (կաթոլիկ քահանա), այնուհետև լոնդոնյան Սուրբ Կլեմենտ եկեղեցու ռեկտորը (գլխավոր հոգևորական)։ 1855 թվականին գլխավորել է Էսսեքսի Մագդալեն Լեյվեր գյուղի ծխական համայնքը։ 1857 թվականին բրիտանական The Illustrated London News թերթում տպագրվել է Ուիլյամ Վեբ Էլլիսի քարոզը Ղրիմի պատերազմի կապակցությամբ։ Հոդվածը պատկերազարդված էր քահանայի դիմանկարով։ Սա Էլլիսի միակ հայտնի նկարն է։

Ուիլյամ Վեբ Էլլիսը վախճանվել է 1872 թվականի փետրվարի 24-ին Լազուր ափին հարակից ֆրանսիական Մենթոն քաղաքում։ Նա երբեք չի ամուսնացել և թողել է 9000 ֆունտ ստերլինգի ժառանգություն, ինչը փոխանցվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների։ Մանտոնի հին գերեզմանատանը նրա շիրիմը գտնվել է 1958 թվականին Գինեսի ռեկորդների գրքի հիմնադիրներից մեկի՝ Ռոսս ՄաքՈւիրթերի կողմից և վերականգնվել է Ռեգբիի Ֆրանսիայի ֆեդերացիայի ջանքերով։

Ռեգբիի առաջացման լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնները խախտող և գնդակը ձեռքերի մեջ դեպի հակառակորդի դարպասը վազող Ուիլյամ Վեբ Էլլիսի մասին լեգենդի տարածողը Ռագբիի քաղաքային դպրոցի նախկին աշակերտ, հնահավաք Մեթյու Բլոկսհեմն է։ 1876 թվականի հոկտեմբերի 10-ին Ռեգբիի դպրոցի The Meteor ամսագրին ուղղված իր նամակում Բլոկսհեմը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտարարում է, որ Ուիլյամ Վեբ Էլլիսի շնորհիվ ֆուտբոլից, որի դեպքում խաղի գլխավոր էլեմենտը ոտքի հարվածներն են գնդակին, ծնունդ առավ սպորտի նոր ձև, որում խաղն ընթանում է հիմնականում ձեռքերով։

Ուիլիամ Վեբ Էլլիսը՝ տեղաբնակ և կրթաթոշակառու... այդ կիսամյակում ֆուտբոլային խաղի ժամանակ գնդակը որսաց ձեռքերով։ Այդ ժամանակների կանոնների համաձայն՝ նա կարող էր գնդակը ձեռքերում վազել միայն ետ այնքան, որքան ուզում էր։ Հակառակորդ թիմի մարզիկները կարող էին վազել մինչ այն տեղը, որտեղ նա որսացել էր գնդակը, և իրավունք չունեին առաջ գնալ այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր հարվածել կամ փոխանցում չէր արել իր թիմակցին, որպեսզի վերջինս հարվածի։ Հիմնականում խաղն ընթանում էր գնդակին հասցվող ոտքի հարվածներով, և այն պահին, երբ գնդակը հպվում է գետնին, մրցակիցը իրավունք ուներ գրոհելու։ Էլլիսը առաջինն էր, որ խախտեց այդ կանոնները։ Նա, որսալով գնդակը, ետ վազելու փոխարեն գնդակը ձեռերում վազեց առաջ՝ դեպի մրցակցի դարպասը։ Ինչպես սա անդրադարձավ խաղի արդյունքի վրա, ես չգիտեմ։ Ես չգիտեմ նաև, թե ինչպես ստացվեց, որ խաղի կանոնների խախտումը ժամանակի ընթացքում զարգացավ և ներկա ժամանակներում դարձավ հիմնարար կանոն։

Չորս տարի անց գրված երկրորդ հաղորդագրության մեջ Բլոկսհեմը փոքրիկ ճշգրտում է արել. եթե 1876 թվականին գրված առաջին նամակի մեջ նա պնդում է, որ նկարագրվող իրադարձությունը տեղի է ունեցել 1824 թվականին, ապա 1880 թվականին Բլոկսհեմը նշում է 1823 թվականը։

1895 թվականի հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պնդումը, որ Ուիլյամ Վեբ Էլլիսն է «հորինել» ռեգբին, ի հայտ եկավ միայն նրա մահից չորս տարի անց։ 1895 թվականին Old Rugbeian Society ընկերությունը, որը միավորում էր Ռեգբիի դպրոցի շրջանավարտներին, նախաձեռնեց Էլլիսի հետ կապված իրադարձության հանգամանքները պարզելու հետաքննություն։ Արդյունքում Հանձնաժողովը եզրակացրեց, որ առկա վկայությունները հաշվի առնելով՝ անհնար է հավաստիորեն պնդել, թե նկարագրվող իրադարձությունը իրականում եղել է, թե ոչ։

Ռագբիի դպրոցի՝ հանձնաժողովի կողմից հարցված նախկին շրջանավարտների թվում են եղել Թոմաս Հարրիսը և նրա եղբայրը՝ Ջոնը, ովքեր դպրոցն ավարտել են համապատասխանաբար 1828 և 1832 թվականներին (այսինքն՝ արդեն Ուիլիամ Վեբ Էլլիսի անվան հետ կապված միջադեպից հետո)։ Նրանք հիշել են, որ գնդակը ձեռքերում առաջընթաց շարժումը խստորեն արգելված էր։ Այդուհանդերձ, Թոմաս Հարրիսը հիշել է, որ լսել է, թե Վեբ Էլլիսը «անարդար առավելություն է ստացել ֆուտբոլում», այսինքն խաղի կանոնների լուրջ խախտում է կատարել։ Ամեն դեպքում, ուրիշների նման նա ևս հայտարարում է, որ ոչինչ չի լսել Ուիլիամ Վեբ Էլլիսի՝ նոր խաղ ստեղծելու մասին։

Լեգենդի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ միջնադարում եվրոպական տարբեր երկրներում գոյություն են ունեցել գնդակով խաղի տարբեր տեսակներ, այդ թվում այնպիսիններ, որոնց ժամանակ թույլատրվել է խաղալ ձեռքերով։ Մասնավորապես, Իռլանդիայում գոյություն է ունեցել քեյդ կոչվող խաղը, որը համարվում է ժամանակակից կելտական ֆուտբոլի նախատիպը։ Մասնագետների մի խումբ գտնում է, որ Ուիլյամ Վեբ Էլլիսը, ում հայրը երիտասարդ տարիներին ապրել է Իռլանդիայում, ընդամենը քեյդ խաղի էլեմենտ է ցուցադրել[11]։

Չնայած խաղը, որին Ռագբիի դպրոցի թիմի կազմում մասնակցում էր Ուիլյամ Վեբ Էլլիսը, կոչվում էր «ֆուտբոլ» (անգլ.՝ football), դա այն խաղը չէր, ինչը մենք հասկանում ենք ժամանակակից ֆուտբոլ ասելով։ Խաղը, որն առաջ է եկել դեռևս Միջնադարում, 19-րդ դարի սկզբին դեռևս չի հասցրել դառնալ սպորտաձև՝ ժամանակակից ըմբռնմամբ։ Դա գլխավորապես արտահայտվում է խաղի կանոնների ընդհանուր ըմբռնման բացակայությամբ։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում սպորտը տարածված էր հիմնականում ուսումնական հաստատություններում, և յուրաքանչյուր դպրոց ու համալսարան ուներ խաղի իր սեփական կանոնները։ Ավելին, այդ շրջանում Ռագբիի դպրոցում չկային խաղի հաստատուն կանոններ. դրանք մշտապես շտկվում էին, հաճախ որոշ նյուանսներ ճշգրտվում էին խաղից անմիջապես առաջ[6]։ Ռագբիի դպրոցի շրջանավարտների, որոնց թվում՝ Էլլիսի՝ որպես ռեգբիի ստեղծող, լեգենդի հեղինակ Մեթյու Բլոկսհեմի, վկայությամբ ըստ Ռագբիի դպրոցի կանոնների՝ գնդակին ձեռքերով հպվելը, նույնիսկ գնդակը բռնելը չի համարվել խաղի ժամանակ արգելված էլեմենտ (խախտում է համարվել գնդակը ձեռքերի մեջ դեպի մրցակցի դաշտը առաջ գնալու շարժումը)։ Հետևաբար Էլլիսի արարքը չի կարելի շրջադարձային համարել ֆուտբոլից ռեգբիի առաջացման հարցում։ Ավելին, Ռագբիի դպրոցի շրջանավարտների վկայությունների համաձայն՝ Էլլիսի կողմից խաղի կանոնների խախտումը քննադատվել է, և որոշակի ժամանակամիջոց այդ էլեմենտը մնացել է արգելված։

Գնդակը ձեռքերով որսացող և դեպի հակառակորդի դարպասը վազող պատանու մասին լեգենդը այդ իրադարձությունից հիսուն տարի անց մեծ տարածում է գտել։ Այդ ժամանակաընթացքում մի քանի փորձեր են արվել ֆուտբոլային կանոնների միասնականացման ուղղությամբ։ 1863 թվականին ֆուտբոլի ընդհանուր կանոններ մշակելու նպատակով Քեմբրիջի համալսարանում հանդիպել են համալսարանի և մի քանի մասնավոր դպրոցների ներկայացուցիչներ։ Պատվիրակների մեծ մասը նախապատվություն տվել է այն տարբերակին, որ գնդակը պետք է ուղղորդել ոտքերով, արգելել գնդակը ձեռքերով բռնելը, ոտքով հարվածելը ուրիշի ոտքին, գնդակը ձեռքի մեջ պահած վազելը։ Ռագբիի դպրոցի պատվիրակը չի համաձայնել ընդունված կանոնների հետ և ի նշան բողոքի հեռացել է խորհրդակցությունից։ Այդ ժամանակից ի վեր խաղը, կոչվելով «ռեգբի-ֆուտբոլ» (այսինքն ՝ ֆուտբոլ ըստ Ռագբիի դպրոցի կանոնների), սկսել է զարգանալ որպես առանձին սպորտաձև։ Սպորտային այս դիսցիպլինի ձևավորման ընթացքում ռեգբիի կողմնակիցները մշտապես ստիպված են լինում ապացուցել խաղի կանոնների իրենց տարբերակի առավելությունը ինչպես խաղը ոտքով խաղալու, այնպես էլ ձեռքերով խաղացվող այլ կանոններով խաղերի նկատմամբ։ Այս իրավիճակում Մեթյու Բլոկսհեմի պատմությունը դեռևս 1823 թվականին գնդակը ձեռքով որսացող և դեպի մրցակցի դարպասը վազող պատանու մասին Ռագբիի դպրոցի կանոններով խաղի կողմնակիցների համար բավականին տեղին էր և շահավետ։ Գնդակը ձեռքերով վերահսկելը և այդ կերպ դեպի մրցակցի դաշտ վազելը դարձավ Ռագբիի դպրոցի կանոնների հիմնական առանձնահատկությունը, դրա համար հիսուն տարի առաջ այդ դպրոցի՝ խաղի կանոնները խախտող աշակերտի արարքը վերածվեց խաղի այս տեսակի կողմնակիցների կողմից խաղի վառ ու պատկերավոր պրոպագանդայի։ Բացի դա, շեշտադրումը, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1823 թվականին, ընդգծում է «ռեգբի-ֆուտբոլի» երկարամյա ավանդույթները։

Այսպիսով, չնայած նրան, որ հիմնավորապես հնարավոր չէ ապացուցել, թե Ուիլյամ Վեբ Էլլիսը խաղերից մեկի ժամանակ խախտել է կանոնները, գնդակը որսացել է ձեռքերով և վազել առաջ՝ դեպի մրցակցի դաշտը, այնուամենայնիվ այդ արարքը պաշտոնական էջ է դարձել ռեգբիի պատմության մեջ։ Մասնագետների մեծամասնությունը համակարծիք են, որ անկախ այն բանից, թե այդ իրադարձությունը իրականում եղել է, թե ոչ, Էլլիսի կողմից կանոնների խախտմամբ սպորտի նոր ձևի ստեղծման պատմությունը ավելին չէ, քան լեգենդ[4][5][6][7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագբիի դպրոցի շենքի պատերից մեկի վրա տեղադրված է մի հուշատախտակ, որի վրա գրված է[12]՝

Այս տախտակը հիշեցնում է փառավոր գործունեությունն Ուիլիամ Վեբ Էլլիսի, ով համարձակվեց խախտել ֆուտբոլի կանոնները՝ առաջինը ձեռքերով որսալով գնդակը և առաջ վազելով։ Այսպես առաջացավ ռեգբի խաղը 1823 թվականին։

Բացի սրանից, ի հիշատակ Ուիլիամ Վեբ Էլլիսի՝ Ռագբիի դպրոցի մոտակայքում տեղադրված է ձեռքին օվալաձև գնդակ բռնած պատանու մի արձան։ Ուիլիամ Վեբ Էլլիսի անվամբ կոչվում է ռեգբիի ամենահեղինակավոր հաղթանշանը՝ Վեբ Էլլիսի գավաթը[3][8][9], որը շնորհվում է ռեգբիի աշխարհի առաջնության հաղթողին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Ռեգբի։ Դարերի խորքից մինչև մեր օրերը». Ռուսաստանի ռեգբիստների միության պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 Լինա Հոլինա (Մայիսի 28, 2010 թվական). «Ոսկեզօծ Բիլլը 38 սանտիմետր հասակով». Սպորտ-Էքսպրես. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 «General History of Rugby» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  5. 5,0 5,1 «Fine Disregard of the Rules» (անգլերեն). 24 նոյեմբերի, 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Did he or didn't he?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  7. 7,0 7,1 «The Origins of Rugby» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  8. 8,0 8,1 «Ռազմավար Ուիլիամ Վեբը Նոր Զելանդիայում». Euronews. 2 сентября 2011 года. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Ռեգբին Ռուսաստանի սրտում». «Պենզենյան Ռեգբի». Մարտի 2, 2010 թվական. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  10. «William Webb Ellis на cricketarchive.com» (անգլերեն). cricketarchive.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  11. «Սա օտարներին տեղը չէ». «Մեծ Սպորտ». 2 սեպտեմբերի, 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  12. Rick Gonsalves, Placekicking in the NFL: A History and Analysis page 9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Վեբ Էլլիս» հոդվածին։