Շրեշ հրաշալի (լատին․՝ Eremurus spectabilis), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող չափազանց գեղեցիկ բազմամյա արմատապալարավոր ծաղկաբույս, որն ունի մինչև 1,5 մ բարձրություն։
50-120 սմ բարձրությամբ, կարճ կոճղարմատով (որի վրա աստղաձև դասավորված են հաստ իլիկաձև պալարանման արմատները), բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Արմատավզիկը ծածկված է չորացած տերևների թաղանթային մնացորդներով։ Արմատամերձ վարդակ կազմող տերևները երկար են, լայն-գծային, մսալի և սրածայր։ Երկար ծաղկասլաքի գագաթին առաջանում է 40-60 սմ երկարությամբ հասնող խիտ բազմածաղիկ ծաղկաբույլը։ Երկար ծաղկակոթեր և նարնջագույն փոշանոթներ ունեցող պարզ ծաղկապատով ծաղիկները դեղնավուն են։ Առէջները կրկնակի երկար են ծաղկապատի 6 երկարավուն-գծային թերթիկներից։ Մանր եռանիստ սերմերով պտուղը գնդաձև և եռաբույն կնճռոտ տուփիկ է[1]։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Արմատները մսալի են, իլիկաձև հաստացած։ Արմատամերձ տերևները թեքությամբ դեպի վեր են ուղղված, մերկ են, ցողունից զգալիորեն կարճ։ Բազմանում են սերմերով, արմատապալարներով[2]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ժայռերի վրա, թփուտներում։ Տարածված է Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում[1], ինչպես նաև՝ Կովկասում, Միջին Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանի հանրապետությունում վայրի վիճակում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում[2]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի արմատները, որոնց մեջ կուտակվում է էրեմուրան պոլիսախարիդը։ Վիտամիններով հարուստ երիտասարդ տերևներն եփած կամ տապակած վիճակում օգտագործում են որպես սնունդ[1]։
Շրեշն ունի ծածկող, պարուրող հատկություն։ Արմատներում պարունակում է մինչև 5% դեկստին և արաբինյան թթվի կրային աղեր։ Տերևները պարունակում են 84,9 միլիգրամ-տոկոս վիտամին C։ Լորձունքահյութը օգտագործվում են որպես սոսինձ։ Օգտագործվում է որպես տերևաբանջար, որը վաղ գարնանը մեծ չափերով հավաքվում է բնակչության կողմից։ Չնայած այս բույսի պաշարները զգալի են, սակայն բազմակողմանի ու մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետությունից տեսակի լրիվ անհետացմանը[2]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
- ↑ 2,0 2,1 2,2 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987