Շարական (անսամբլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շարական անսամբլից)
Շարական
Հիմնական տվյալներ
Ժանրերդասական, հայ հոգևոր, ժողովրդական և աշուղական երգեր, միջնադարյան տաղեր
Գործունեությունսկսած 1981 թվականից, երկրորդ անգամ ստեղծված 1991 թվականին

Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ, հայ ազգային հոգևոր և աշխարհիկ երգեր, արևմտաեվրոպական դասական ստեղծագործություններ կատարող անսամբլ, հիմնադրվել է 1981 թվականին՝ Դանիել Երաժիշտի կողմից։

Նախքան անսամբլի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանում տեղի ունեցավ ազգային զարթոնք՝ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ։ Այդ զարթոնքը, Դանիել Երաժիշտի դիտարկմամբ, տարծվեց նաև ազգային մշակույթի վրա։ Այդ շրջանում Խորհրդային Միության տարբեր երկրներում ստեղծվել էին հնագույն երաժշտության անսամբլներ, ինչպես օրինակ Ռուսաստանում, Էստոնիայում և այլն։ Եվ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան), մտածում է, որ եթե երկու-երեք հարյուրամյակի պատմություն ունեցող երկրները կարող են նման անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայերս նույնպես վստահաբար կարող ենք ունենալ մեր հնագույն երաժշտական ստեղծագործությունները կատարող անսամբլ։ Եվ որոշում է հենց ինքն էլ հիմնել։ Սկզբում դա ընտանեկան անսամբլ էր, որի կազմում նվագում էին մաեստրոյի ընտանիքի անդամները։ Ինքը նվագում էր ջութակ, քույրը՝ դաշնամուր, հետագայում՝ կլավեսին։ Շուտով Գրիգոր Դանիելյանը սկսում է նաև բլոկֆլեյտա նվագել, որը տարածված էր Վերածնության շրջանում՝ 14-16-րդ դարերում, հատկապես Իտալիայում։ Այս նվագարանը հնաբույր երանգ էր հաղորդում տնային անսամբլի կատարումներին։ Ընտանեկան այդ անսամբլի կազմը կարճ ժամանակի ընթացքում փոխվում է, ընդգրկվում են նրա աշակերտները, և որոշվում է պաշտոնապես հիմնել հնագույն երաժշտության հայկական անսամբլ։

«Շարական» անսամբլի գործունեության սկզբնական շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին հիմնադրվում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը։ Նույն թվականին տեղի է ունենում առաջին համերգը՝ որպես Հայհամերգի պետական համույթ։ Շուտով Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, լսելով անսամբլի համերգային ելույթները, նրան ընդգրկում է եկեղեցական միջոցառումների մեջ՝ մյուռոնօրհնեք, ճեմարանի ուսումնական տարվա մեկնարկ և այլն, և նվիրում է չորս բլոկֆլեյտա։ Երգացանկն ընտրելիս Գրիգոր Դանիելյանը նախ ընդգրկում էր Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք դասական են։ Այդ ստեղծագործությունները հանդիսանում էին որպես կատարելատիպեր, որոնց պատկերով և նմանությամբ ինքը պետք է կառուցեր այն շարականների բազմաձայնումը, որոնց նախորդները չէին անդրադարձել։ Նաև ուշադրություն էր դարձվում հայտնի երգերի կողքին մինչ այդ անհայտ մնացած գեղեցիկ երգերի ընդգրկմանը։ Բացի դրանից, հոգևոր երգերը սկսեցին հնչել տարբեր նվագարանների՝ ջութակի, ֆլեյտայի, թավջութակի և այլնի նվագակցությամբ։ Ավանդաբար հայ եկեղեցին ընդունելի է համարել միայն երգեհոնի նվագակցությունը, սակայն այս նվագարանը խիստ թանկ էր և շատ հազվադեպ էր հանդիպում հայոց եկեղեցիներում։ Ուստի այդ երգերը մեծ մասամբ հնչել են առանց նվագակցության։ Դանիել Երաժիշտը Բախի, Հենդելի և դասական այլ հեղինակների օրինակով սկսում է կիրառել բազմաձայնման այն մոտեցումները, որոնք կարող էին հարազատ լինել հայ հոգևոր երաժշտությանը, ինչպես ժամանակին կատարել էր Կոմիտասը, որը նույնպես եվրոպական դասական երաժշտության նվաճումները ստեղծագործաբար հայացրել էր՝ հայկական երգերի հիման վրա ստանալով համամարդկային արժեքներ, այսինքն ազգայինը համամարդկայնացրել էր։ Այդպես, Դանիել Երաժիշտի բազմաձայնությամբ սկսում են հնչել Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Հովհան Մանդակունու, Կոմիտաս Աղցեցու, Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և շատ ուրիշների շարականները, տաղերն ու հոգևոր երգերը։ Դրանց կողքին նաև հնչում են հայ ժողովրդական, աշուղական երգեր և միջնադարյան տաղեր, ինչպես օրինակ Պետրոս Ղափանցու, Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի և այլոց երգերը։

Իսկ համերգային ծրագրերը կազմվում էին երկու մասից՝ արևմտաեվրոպական դասական ստեղծագործություններ և հայկական ազգային հոգևոր և աշխարհիկ երգեր։ Դրանով հանդիսատեսին ցույց էր տրվում երաժշտության պատմության երկու բևեռները։ Դա ճանաչողական մեծ նշանակություն ուներ ցույց տալու համար, թե ինչպես են երկու տարբեր քաղաքակրթությունները ձևավորվել ու զարգացել՝ մեկը Արևմուտքում, մյուսը՝ Արևելքում։ Հենց Դանիել Երաժիշտի ու «Շարական» անսամբլի միջոցով հայ և օտար հանդիսատեսին ներկայացվեցին այնպիսի երգերի ու շարականների բազմաձայնումներ, ինչպիսիք են «Արտ մը ունիմ», «Շմոն խեծե կապուտ քուռակ», «Ելա տանիս», «Յար ջան ու մարջան», «Յարուկ մ'ունիմ և Մատիս մատնիքը», «Ուստի՞ կուգաս» և այլ բազմաթիվ ժողովրդական երգերը, «Ո՞ւր ես մայր իմ», «Սա է բանն Աստուած», «Օգնական ընդունելի», «Տէր զլուր քո», «Զորս ըստ պատկերի քում ստեղծէր», «Ով երանելիդ», «Զարմանալի է ինձ» և այլ մեծաթիվ շարականներ ու հոգևոր երգեր։

Համերգային շրջագայությունները խորհրդային տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին անսամբլը շատ հյուրախաղերի է մեկնել միութենական երկրներ՝ մայրաքաղաքներից մինչև գյուղեր ու փակ քաղաքներ, ինչպես օրինակ Սևերոդվինսկ, որտեղ ատոմային սուզանավերի կայանն է։ Դա հայ երաժիշտներն իմացել են բավականին ուշ, երբ խորտակվեց Կուրսկ սուզանավը, իսկ այն տարիներին հաճախ պետությունը կազմակերպում էր անսամբլի համերգները և տանում էին՝ առանց նույնիսկ հայտնելու, թե ուր։ 1980-ականներին Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում այդ տարիներին կայանում է Կրոնական երաժշտությն եվրոպական փառատոն՝ նվիրված Նիդերլանդների առաջին քրիստոնյա, 4-րդ դարի հայազգի հոգևորական Սուրբ Սերվատիոսին՝ 1600-ամյակի առթիվ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև կարծելով, թե հայկական երաժշտության փառատոն է, Մոսկվայում որոշում են Խորհրդային միությունից ուղարկել «Շարական» անսամբլին։ Մաեստրո Դանիել Երաժիշտը հիշում է, որ նիդերլանդցի լրագրողները հարցրել էին, թե արդյոք իրենք գիտեն, որ Սուրբ Սերվատիոսն ազգությամբ հայ է, ինքն էլ անկեղծորեն խոստովանել է, որ տեղյակ չէին։ Հաջորդ օրը թերթերում տպագրվում է հոդված՝ «Շարական» անսամբլի լուսանկարով, որտեղ պատմվում է, որ Սուրբ Սերվատիոսին նվիրված փառատոնին մասնակցում էին նաև նրա հայրենի Հայաստանից ժամանած երաժիշտները, որոնք, սակայն, չգիտեին սրբի հայկական ծագման մասին։ Դրանից հետո խորհրդային պաշտոնյաները բանավոր նկատողություն են տվել մաեստրոյին անկեղծ պատասխանելու համար. «Չպետք է ասեիք, թե չգիտեք, - ասել էին, - չէ՞ որ հայերն ամեն ինչ գիտեն»։

Նիդերլանդների համերգից առաջ հայ տուրիստներն ինչ-որ վիճաբանություն էին ստեղծել ու բավականին վատ վերաբերմունք վաստակել հայ ժողովրդի նկատմամբ, և այդ օրերին հանկարծ հայտարարվում է Հայաստանից ժամանած անսամբլի ելույթի մասին։ Բայց համերգի սկզբում վատ տրամադրվածությամբ ներկայացած եվրոպացի հանդիսատեսները վերջում խոստովանել էին, որ միանգամայն կարծիքը փոխեցին հայերի և նրանց մշակույթի մասին։

1985 թվականին անսամբլը մասնակցել է Մերձբալթյան երկրներում Բախի ու Հենդելի 300-ամյակին նվիրված փառատոնին։

Գաղափարական խոչընդոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարական անսամբլի երգացանկը խորհրդային տարիներին ևս խիստ բազմազան էր՝ հայ հոգևոր երգեր ու շարականներ, միջնադարյան տաղեր, ժողովրդական ու աշուղական երգեր։ Իսկ խորհրդային տարիներին լուրջ խոչընդոտներ էին հարուցվում ազգային ցանկացած դրսևորման դեմ, և առավել ևս, եթե դրանք ունեին հոգևոր բնույթ։ Եվ դա վերաբերում էր ոչ միայն համերգային ծրագրին, այլ նույնիսկ անսամբլի անվանը, կամ Գրիգոր Դանիելյանի մորուքին։ Նրան պարտադրում էին բեմ չբարձրանալ մորուքով, քանի որ դա մարդկանց մոտ կարող էր թողնել հոգևորական կերպարի տպավորություն։ Հարկավոր էր կրճատել շարականների ու հոգևոր երգերի քանակը նվագացանկում։ Շուտով նաև անընդունելի համարվեց անսամբլի «Շարական» անվանումը, քանի որ դա հոգևոր երգերի մի խմբի անվանումն է։ Չենթարկվելու դեպքում սպառնում էին ելույթների սահմանափակումով, արտերկիր համերգային շրջագայությունների մեկնելու արգելքով։ Մաաստրիխտում կայացած փառատոնին և հենց «Շարական» անսամբլի ելույթներին կնոջ հետ ներկա է եղել նաև Խորհրդային Միության կոնսուլը, որն ուղեկցում էր Դանիել Երաժիշտին և անձամբ ականատես է լինում հայկական անսամբլի մեծ հաջողությանը։

Բայց այդ կերպ նաև իմացվում է, որ փառատոնը նվիրված էր ոչ թե հայկական երաժշտությանը, այլ հոգևոր երաժշտությանը։ Եվ երկրի ղեկավար մարմիններում մեծ դժգոհություն է առաջանում, թե ինչպես է պատահել, որ աթեիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող պետությունից մի որևէ անսամբլ կարողացել է մասնակցել հոգևոր երաժշտության փառատոնին։ Դրանից հետո Դանիել Երաժիշտին կանչում են Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե և արդեն կտրուկ պահանջում փոխել անսամբլի անունը, քանի որ շարական բառը նույնպես կրոնական է, նշանակում է օրհներգություն, աղոթք, հոգևոր երաժշտության ժանր, և անընդունելի է։ Դանիել Երաժիշտը գոհունակությամբ նկատում է, որ հայ ղեկավարները արվեստասեր են, շատ բարձր են գնահատում հայ հնագույն և միջնադարյան երաժշտությունն ու արվեստն առհասարակ, և նրանց ջանքերի միջոցով է, որ ոչ թե փակվեց անսամբլը, այլ միայն անունը փոխելու պահանջ առաջադրվեց։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից առաջարկում են նոր անուն դնել և հենց իրենք էլ առաջարկում են «Տաղարան» անունը, քանի որ բառը երկակի իմաստ ուներ. միջնադարյան տաղերն առավել աշխարհիկ երգեր էին, բայց կային նաև հոգևոր տաղեր։

Դանիել Երաժիշտը փորձում է մի փոքր ընդդիմանալ, ասելով որ շատերն են հոգևոր երգեր կատարում, ինչպես օրինակ Լուսինե Զաքարյանը։ Սակայն նրան պատասխանում են, որ եթե երգչուհին միայն մի քանի նմուշ է երգում, ապա «Շարական»-ը մի ամբողջ շերտ է ընդգրկել իր երգացանկում և քարոզչական գործունեություն է կատարում։ Անսամբլի ղեկավարը ևս մեկ փորձ է կատարում «Շարական» անունը փրկելու համար՝ ասելով, որ թույլատրվում է օրինակ Ռեմբրանդի սրբապատկերները նայել, կամ հոգևոր թեմաներով հայկական մանրանկարները, Տիրամոր բազմաթիվ նկարները, իսկ ինչո՞ւ կերպարվեստի մեջ թույլատրելի է, բայց երաժշտության մեջ՝ ոչ։ Նրան պատասխանում են, որ երաժշտությունն ավելի զորեղ ու ազդեցիկ զենք է, նման է քարոզչության, ուստի անհրաժեշտություն են տեսնում սահմանափակելու։ Այդպես, 1985 թվականին Մոսկվայի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայից գալիս և ձայնագրում են դեռևս «Շարական» անունը կրող անսամբլի կատարումները։

Անսամբլի կազմում հանդես եկած երաժիշտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում անսամբլի երգիչներն էին Գրետա Անտոնյանը, Էլեոնորա Մելքումյանը և Ռուբեն Թելունցը։ Իսկ մենակատար երաժիշտներն էին Կարեն Խաչատրյանը, Գագիկ Ասոյանը, Հրաչ Գրիգորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Պետրոս Սարգսյանը, Մարինե Մանդրիկյանը, Զարուհի Ավագյանը, Դինա Ստեպանովան և Լիլիթ Կարապետյանը։ «Մելոդիա» ստուդիայի կողմից սկավառակի ձայնագրումից կարճ ժամանակ անց տրվում է նոր՝ «Տաղարան» անվանումը, իսկ Գրիգոր Դանիելյանը դուրս է գալիս անսամբլի կազմից։ Հայաստանի անկախացումից հետո վերստեղծված «Շարական» անսամբլի նոր կազմում հանդես են եկել երգիչներ Արմենուհի Սեյրանյանը, Աննա Մայիլյանը, Անահիտ Պապայանը, Գէորգ Իգնատիոս Հաճեանը, Գրիգոր Համբարյանը, դաշնակահարուհի Ռուզաննա Հովսեփյանը, կլարնետահար Գևորգ Թումանյանը, ջութակահարներ Ֆելիքս Հարությունյանը և Սաթենիկ Միրզոյանը, ալտահար Սոսե Սեդրակյանը, թավջութակահար Արմենակ Թագվորյանը, հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ֆլեյտահար Նաիրա Կաժոյանը և այլք։

«Շարականի» վերածնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թթ. «Տաղարանը» գործում է առանց գեղարվեստական ղեկավարի։ 1987 թվականին կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձնելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ է բերում համույթի համերգային, ստեղծագործական կյանքում, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի մշակումներ։ Հայաստանի անկախացումից հետո հնարավորություն ստեղծվեց վերականգնելու անսամբլի հին՝ «Շարական» անունը։ Քանի որ «Տաղարան» անսամբլը հաջող կերպով շարունակում էր իր գործունեությունը, մաեստրո Դանիել Երաժիշտը որոշում է նոր կազմ ստեղծել 1991 թվականին, որին էլ հենց տրվում է «Շարական» անվանումը։

«Շարական» անսամբլի նոր կազմը ևս ամեն տեղ, ուր մեկնում է համերգների, տարբեր ժողովուրդների կողմից շարունակում է հանդիպել ջերմ ընդունելության։ Դանիել Երաժիշտը օտարազգի հանդիսատեսների տպավորությունների մեջ նկատում է հափշտակվածություն, զարմանք և հիացմունք։ Օրինակ 2010 թվականին Վիեննայում կայացած համերգից առաջ մաեստրոն հայտարարում է, թե մեծ երկյուղածությամբ են ելույթ ունենում Մոցարտի, Շուբերտի, Հայդնի հայրենիքում, բայց համերգի ավարտին նկատում են «Շարական»-ի ծրագրի վրա մի հանդիսատեսի թողած խոսքերը. «Հրեշտակային երգեր՝ հրեշտակաձայն կատարմամբ»։ Անսամբլն այսօր էլ շարունակում է ելույթներ ունենալ տարբեր առիթներով, սակայն այժմ արդեն ոչ նախկին հաճախությամբ։

«Շարական» անսամբլի թողարկած սկավառակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսամբլի առաջին սկավառակը ձայնագրվել է Երևանում 1985 թվականին՝ հին կազմով «Մելոդիա» ստուդիայի կողմից։ Հաջորդ սկավառակը, արդեն նոր կազմով, թողարկվել է Գերմանիայում 1996 թվականին «Հայաստանի Երաժշտություն» (Music of Armenia) խորագրի ներքո։ Եվս մեկ սկավառակ լույս է տեսել 2010 թվականին՝ «Հայկական գլուխգործոցներ» (Armenian Masterpieces) վերնագրով։ Բացի այս երեքից, անսամբլի անմիջական մասնակցությամբ լույս է տեսել նաև Գէորգ Հաճեանի «Հայաստանը երգերում» սկավառակը։

Կարծիքներ անսամբլի կատարումների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսամբլն ունի հուշամատյան, որտեղ գրի են առնվում տարբեր հանդիսատեսների արտահայտություններն ու բնութագրությունները։

Վազգէն Ա, կաթողիկոս Ամենայն Հայոց, Սբ. Էջմիածին, 22 ապրիլի, 1982 թվական. «Մեր ջերմագին գնահատանքը և օրհնութիւնը «Շարական» նուագախմբին, մաղթանքով, որ նա շարունակի նոյն ոգեշնչումով իր հոգեղեն գործունեութիւնը, մեր հայրենի ժողովրդի գօտում և հայ սփիւռքի տարածքի վրայ ի պանծացումն հայ ոգեկանութեան»։

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան Դանիել Երաժիշտի մասին, Երևան, 1969 թվական. «Ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը նման զավակ ունի»։

Դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկի, 1 նոյեմբերի, 1984 թվական. «Дорогой Гриша! Я очень порадовался Вашим успехам, а следовательно и успехом риководимого Вами ансамбли».

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան, 15 հոկտեմբերի, 1984 թվական. «Ինչպես հրաշալի տեսիլ՝ «Շարական»-ը դյութում է իր երաժշտականությամբ, ոճի մաքրությամբ, հայեցիությամբ ու ասում եմ, ինչ լավ է, որ մեր գեղեցիկի ոգին ստեղծել է հայ մեղեդու գոյության այս կերպի հնարավորությունն իրագործելու կարող մարդկանց՝ իմ շատ սիրելի Գրիգոր Դանիելյանի, «Շարականի» երաժիշտներից յուրաքանչյուրին։ Dimikandum-i (հարկ է հաղթել)-ի մաղթանքով, որ հավասար է Արարատի գագաթ բարձրանալու ծրագրի իրականացմանը»։

Տիգրան Մանսուրյան, 22 հոկտեմբերի, 1988 թվական. «Գրիգոր Դանիելյանը հայտնի է դիրիժորական և երաժշտական-լուսավորչական իր գործունեությամբ։ Տարբեր դարաշրջանների և կոմպոզիտորական դպրոցների երաժշտակատարողական առանձնահատկությունների գերազանց իմացությունը ճշմարիտ հիմք հանդիսացավ հնչեցնելու հայկական հոգևոր և աշխարհիկ երգերը, որոնք նորովի մեկնաբանվեցին «Գանձեր» անսամբլի կողմից։ Անսամբլի հիմնադիր Գրիգոր Դանիելյանը ներկայանում է ոչ միայն որպես իր գործի գերազանց իմացող դիրիժոր, այլև նուրբ գործիքավորող, մշակման գիտակ։ Ահա թե ինչու այդքան գունեղ և հարուստ է հնչում անսամբլը, այդքան ներդաշնակ է երգը և նրան շրջապատող գործիքային հնչյուններ։ Դանիելյանի գործունեությունը մեր արվեստի մասն է կազմում, և արժանի կերպով է ներկայացնում մեր մշակույթի մարգարիտներից մեկը՝ հնագույն հայկական երգը»։

Հակոբ Մովսես, բանաստեղծ, թարգմանիչ, 1991-1996 թթ. ՀՀ Մշակույթի նախարար, 28 հուլիսի, 1992 թվական. «Իմ բանաստեղծությունների «բառավորումը» սովորել եմ քո գործիքավորումներից»։

Ռիչարդ Նեյ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխտնօրեն, 29 հոկտեմբերի, 1992 թվական, «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ. «Հինգ հարյուր տարի առաջ Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, հիմա մենք հայտնագործում ենք Հայաստանը, նրա ժողովրդին, նրա արվեստը։ Մենք այսօր հայտնագործեցինք «Շարական» անսամբլը, որի ելույթը մեզ տարավ մի խաղաղ կղզի...»:

Փիթեր Թոմսեն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, 12 նոյեմբերի, 1996 թ., Երևան. «Սիրելի պարոն Դանիել Երաժիշտ, ես հիշում եմ մեր հանդիպումը համերգին։ Դուք հրաշալի ժողովուրդ եք։ Լավագույն մաղթանքներով»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիո Մարիամ, հարցազրույց Դանիել Երաժիշտի հետ, 2014 թվական։