Շագրենի կաշին
Շագրենի կաշին ֆր.՝ La Peau de chagrin | |
---|---|
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | fantastique?[1] |
Մասն է | փիլիսոփայական ուսումնասիրություններ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Ռաֆայել դը Վալենտեն, Էժեն դե Ռաստինյակ և Comtesse Fœdora? |
Ստեղծման տարեթիվ | 1830 |
Նկարագրում է | Փարիզ |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Հովտի շուշանը |
Հաջորդ | Jésus-Christ en Flandre? |
Նկարազարդող | Ռ․ Բեդրոսյան |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Charles Gosselin? և Urbain Canel? |
Հրատարակման տարեթիվ | 1831 |
Թարգմանիչ հայերեն | Ատ․ Տայան |
Հրատարակում հայերեն | Հայպետհրատ, 1956 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/1307 |
Վիքիքաղվածք | Շագրենի կաշին |
La Peau de chagrin Վիքիպահեստում |
Շագրենի կաշին (ֆր.՝ La Peau de chagrin), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որտեղ նկարագրվում է 19-րդ դարի առաջին տասնամյակների ֆրանսիական հասարակության կյանքը։ Վեպը գրողի «Մարդկային կատակերգություն» վիպաշարից է։ «Շագրենի կաշին» վեպը պատկանում է Բալզակի փիլիսոփայական ստեղծագործությունների շարքին։
Հրատարակվել է 1831 թվականին։ Այն պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով ձեռք է բերում հրաշագործ հատկություններով օժտված շագրենի կաշի, որը կարող է իրականացնել նրա բոլոր ցանկությունները։ Ամեն ցանկությունից հետո կաշին փոքրանում է և կորցնում իր ֆիզիկական էներգիան։
Մինչ գրքի՝ ավարտուն տեսք ստանալը Օնորե դը Բալզակը վեպի առանձին հատվածներ և գլուխներ հրատարակել է փարիզյան մի շարք պարբերականներում և ամսագրերում։ Դրանով նա առաջացրել է հանրության հետաքրքրությունը։
Չնայած նա ձեռագիրը 5 ամիս ուշ հանձնեց տպագրության, այնուամենայնիվ նա հաջողություն ունեցավ՝ ստանալով բավականաչափ ուշադրություն, իսկ հրատարակված տպաքանակը շատ արագ վաճառվեց։ Երկրորդ հրատարակությունը, որը ներառում էր հեղինակի այլ փիլիսոփայական 11 ստեղծագործություններ, լույս տեսավ մեկ ամիս անց։
«Շագրենի կաշին» վեպը պարունակում է ֆանտաստիկ տարրեր, թեև այն ամբողջությամբ ռեալիզմի ժանրից է։ Վեպում հեղինակն օգտագործել է իր կյանքից վերցրած իրական փաստեր։ «Շագրենի կաշին» վեպի հիմնական և կենտրոնական թեման մարդու ցանկությունների և շագրենի կաշվի միջև մշտապես առկա կոնֆլիկտն է։ Զարմանահրաշ կաշին ներկայացվում է որպես մարդու ճակատագիր, մարդու ապրելու ուժ, որը պակասում է իղձերի իրականացման ընթացքում։
«Շագրենի կաշին» վեպը հաստատապես Բալզակին դարձրել է Ֆրանսիայի կարևոր ու անփոխարինելի գրող[2]։ Վեպի լույս տեսնելուց հետո գրողը նշանակալիորեն լայնացրեց իր հասարակական շրջանակը, և նրան ապագա այլ նախագծերի համար սկսեցին բուռն ցանկությամբ փնտրել խմբագիրներն ու հրատարակիչները[2]։ Վեպը գրելիս գրողի վրա մեծ ազդեցություն է ունեցել Գիզելհյե Վոլֆգանգ Քլեբի «Մահացու ցանկություններ» (գերմ.՝ Die tödlichen Wünsche) օպերան։
Օնորե դը Բալզակը 9 տարի հաջողության չէր կարողանում հասնել մինչև «Շագրենի կաշին» վեպի ստեղծումը։ 1830 թվականին Բալզակն սկսեց որպես գրող ճանաչում ձեռք բերել։ Այնուամենայնիվ, Բալզակի ծնողները չէին ցանկանում, որ իրենց որդին դառնա գրող։
Գրքի ստեղծումն ու հրատարակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի առաջին հրատարակությունը 2 գրքով և հեղինակի առաջաբանով լույս է տեսել 1831 թվականի օգոստոսին, Փարիզում։ «Շագրենի կաշին» վեպի առանձին հատվածները Բալզակը հրատարակել է պարբերական մամուլում՝ մինչև վեպի լույսընծայումը։
«Շագրենի կաշին» վեպի առաջին հրատարակության մեջ առաջաբանում հեղինակն ընդգծում է վեպի սատիրական-մերկացնող նշանակությունը, նրա սոցիալական բնույթը՝
«Շագրենի կաշին» վեպի մասին գրված առաջին գրախոսականում, որը լույս տեսավ «Կարիկատյուր» ժուռնալում, Ալեքսանդր Բ․ ստորագրությամբ, էպիգաֆը բացատրվում է այսպես՝
Վեպի մեջ մարդկային կյանքը տրված է ինչպես դրամա։ |
Բալզակն այս վեպը համարել է իր ստեղծագործական հաջող ուղու սկիզբ։
Բալզակը 1831 թվականի հունվարին հաջողությամբ բանակցում է հրատարակիչների հետ։ Համաձայնում են 750 օրինակ տպել և հեղինակին վճարել 1,125 ֆրանկ փետրվարի կեսերին։ Բալզակը վեպը տպում է հուլիսին[3]։
Երբ 1831 թվականի օգոստոսին գիրքը լույս է տեսնում, այն ունենում է առևտրական մեծ հաջողություն, և Բալզակն օգտագործում է իր կապերը Փարիզի տարածքում վեպի համար լայն ճանաչում ունենալու համար։
Գիրքը արագ է սպառվում և, վերջապես, ամսվա վերջին կնքվում է այլ պայմանագիր․ Բալզակը պետք է վճարեր 4000 ֆրանկ 1200 օրինակ տպելու համար։ Երկրորդ հրատարակությունը պարունակում էր ֆանտաստիկ տարրեր ունեցող 12 այլ ստեղծագործություններ և լույս է տեսել անգլ.՝ Philosophical Novels and Stories վերնագրով։ Երրորդ հրատարակությունը լույս տեսավ 1833 թվականին։
Վեպի թեման
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շագրենի կաշին» վեպը նշանակալից տեղ է գրավում Բալզակի «Մարդկային կատակերգություն» վիպաշարքում։ Այն, հեղինակի խոսքերով, կմնա որպես մեր այժմյան դարի, մեր կյանքի, մեր եսամոլության բանաձև։
«Շագրենի կաշին» իր ժանրով պատկանում է Բալզակի փիլիսոփայական վեպերի շարքին։ Սիմվոլիկ պատկերների միջոցով Բալզակը բացահայտում է բուրժուական աշխարհի աններդաշնակությունը, հակասությունները, ցանկությունների իրականացման դիմաց որևէ հատուցում տալը։ Արտաքինից այդ սովորական թվացող աշխարհն իր մեջ թաքցնում է ողբերգական կրքերի և բնազդների հրեշավոր խաղը[2]։
Վեպում հեղինակը բացահայտել է բուրժուական կյանքի բազմակողմանի էությունը և տարբեր ոլորտներ։ Վեպը համարվում է «Մարդկային կատակերգություն» վիպաշարքի նախերգանք, որտեղ առաջ են քաշվում բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումն են ստանում Բալզակի այլ վեպերում։ Վեպում Բալզակը ցույց է տալիս նաև աշխատանքի և վայելքների անհամատեղելիությունը։
Վեպում շագրենի կաշին հանդես է գալիս որպես անհատի ճակատագրական դատապարտվածության խորհրդանիշ։ Վեպի կերպարների զարգացման ողջ տրամաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ անհատի ներդաշնակ զարգացումն անհասանելի է բուրժուական հասարակության մեջ։ Այն հնարավորություն չի տալիս, որ մարդը դրսևորի իր տաղանդն ու զգացումները։ Բուրժուական հասարակությունը կործանում է մարդու բարոյական հատկություննները և զրկում հնարավորություններից։
Տեսարանների և կերպարների մեջ առկա են հակասություններ և դրանք լավ են պատկերացում տալիս հակադիր բևեռների միջև առկա տարբերությունների մասին։ Հեղինակը մի կողմում դնում է հարստությունը և նրանից բխող հետևանքները, իսկ մյուս կողմում՝ ծայրաստիճան աղքատությունը։ Համեմատության մեջ է դնում նաև ազնվությունն ու ծախվածությունը։
Վեպում Բալզակն օգտագործել է պատկերման մի շարք եղանակներ։ Այստեղ առկա են և′ հեղինակի ուղղակի խոսքը, և′ առաջին դեմքով պատմումը Ռաֆայելի միջոցով, ինչպես նաև կան դրամատիկացված հատվածներ, որտեղ հեղինակը երկխոսության միջոցով է ընթերցողին հաղորդում նյութը։
Վեպի ռոմանտիկան և վերամբարձությունը հատկապես լավ են երևում Ռաֆայելի և հնավաճառի հանդիպումը նկարագրող հատվածում։
Այսպիսով, Բալզակի ֆանտաստիկան խորապես ռեալիստական է[2]։
Վեպի կառուցվածքը և սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շագրենի կաշին» վեպը բաղկացած է 3 մասերից՝
- Թալիսման (ֆր.՝ "Le Talisman")
- Անսիրտ կինը (ֆր.՝ "La Femme sans cœur")
- Հոգեվարք (ֆր.՝ "L'Agonie")[5]:
Թալիսման
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թալիսման» մասն սկսվում է 1829 թվականի հոկտեմբերին տեղի ունեցող դեպքերի նկարագրությամբ։ Դեպքը տեղի է ունենում Պալե-Ռոյալ փողոցում։ Վեպի հերոսներից մեկը՝ Ռաֆայելը մտնում է խաղատուն, ապա դուրս գալով խաղատնից ուղղվում է դեպի Սենտ-Օնորե փողոցը։ Հասնելով Սենա գետին նրա գլխում պտտվում էր ինքնասպան լինելու միտքը, Բայց հանկարծ նկատում է մի ցուցանակ, որի վրա գրված է լինում․ «Օգնություն խեղդվածներին»։ Շարունակելով առաջ գնալ, մտնում է հնավաճառի խանութ, որտեղ նրան են առաջարկում շագրենի կաշի։ Կաշվի վրա, ինչպես հնավաճառն էր ասում, սանսկրիտ էր։ Ռաֆայելը կարդում է հետևյալ տողերը՝
Այդ կերպով Ռաֆայելի յուրաքանչյուր ցանկություն կիրականանար, բայց դրա փոխարեն կպակասի և նրա կյանքի օրերը։ Ռաֆայելը համաձայնում է և պահում է առաջին երազանքը՝ արքայավայել ճոխ ճաշկերույթ։
Նա դուրս է գալիս հնավաճառի մոտից և ճանապարհին հանդիպում լրագրող Էմիլին, ով Ռաֆայելին հայտնում է, որ իրենց հրավիրել են ճաշի։ Ռաֆայելը դա համարում է պատահականություն, այլ ոչ թե հրաշք։ Նա Էմիլին խոստովանում է, որ մի քանի ժամ առաջ ինքը պատրաստվում էր նետվել Սենա գետը։ Էմիլը ցանկանում է իմանալ, թե որն է եղել Ռաֆայելի ինքնասպանության փորձի պատճառը։
Անսիրտ կինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելը պատմում է իր կյանքի պատմությունը։
Նրա հայրը ֆրանսիացի ազնվականներից է եղել։ Լուի XVI-ի կառավարման ավարտին եկել է Փարիզ։ Ռաֆայելը 10 տարի առաջ կորցրել է մորը և Փարիզում ապրել է հոր հետ։ Նրա հայրը, օժտված լինելով նրբամտությամբ, կարողացել է կարևոր դիրք գրավել, բայց հեղափոխությունը փոխեց նաև նրա բախտը։ Նա կարողանում է ամուսնանալ մեծահարուստ մի աղջկա հետև կայսրության ժամանակաշրջանում վերագտավ իր նախկին դիրքը։
1926 թվականի աշնան վերջին, երբ Ռաֆայելը 22 տարեկան էր, հայրը մահանում է՝ նրան թողնելով միայնակ։ Ռաֆայելը որոշում է համեստ կյանքով ապրել մի հյուրանոցում, որի տնտեսուհու՝ տիկին Գոդենի անուսինը անհետ կորել էր Հնդկաստանում։ Գոդենը հավատում է, որ բարոնը մի օր հարստացած կվերադառնա։ Նրա դուստրը՝ Պոլինը, սիրահարվում է Ռաֆայելին, բայց վերջինս դա չի նկատում։ Ռաֆայելը խրախճանքների մեջ է։
Մի օր նա փողոցում հանդիպում է Ռաստինյակին՝ իր ընկերոջը, ով նրան հեշտ հարստանալու մի տարբերակ է առաջարկում՝ ամուսնանալ հարուստ կնոջ հետ։ Ռաֆայելը սիրահարվում է Ֆեոդորային, ով ամուսնանալու մասին լսել անգամ չի ուզում։ Ռաֆայելն իր ողջ գումարը ծախսում է Ֆեոդորայի համար, իսկ նա չի նկատում Ռաֆայելի չքավորությունը։ Ռաֆայելը մի օր գնում է խաղատուն, որտեղ երբևէ նրան հաջողվել էր շահել 27 000 ֆրանկ, այս անգամ պարտվում է իր վերջին գումարը և որոշում ինքնասպան լինել։
Այստեղ նրա պատմությունն ավարտվում է։
Ռաֆայելը հիշում է շագրենի կաշվի մասին Հանում է գրպանից և Էմիլին իր ամենակարողությունը, ցանկանում է ունենալ 20 000 ֆրանկ։ Նրանք դնում են կաշին տղթի վրա և գծում նրա չափը։ Ցանկությունն իրականանում է։ Առավոտյան գալիս է մի փաստաբան Կարդո անունով և հայտնում, որ 1828 թվականի օգոստոսին Կալկաթայում մահացել է նրա բարեկամը, ով չունի ժառանգ, ուստի Ռաֆայելին պետք է հանձնեն նրա կտակը՝ 6 000 000 :
Լսելով լուրը՝ Էմիլն ու Ռաֆայելը չափում են շագրենի կաշին և տեսնում, որ այն կարճացել է։ Նա շոկի մեջ է։ Բոլորը կես կատակ կես լուրջ ցանկություններ են հաղորդում Ռաֆայելին։ Նա չի լսում ոչ մեկին։ Նա հարուստ է, բայց միևնույն ժամանակ նաև գրեթե մեռած, որովհետև թալիսմանն իրականություն ունի։ Ռաֆայելն սկսում է չափից ավելի խմել ուհարբել, որպեսզի մոռանա իր աղետալի զորությունը։
Այսպես ավարտվում է վեպի երկրորդ մասը։
Հոգեվարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբեր ամսվա սկիզբն է։ Մի ծերունի գնում է Վարեն փողոցով՝ փնտրելով մարկիզ Ռաֆայել դը Վալանտենի տունը։ Ծերունին Ռաֆայելի ուսուցիչն է եղել։
Ռաֆայելի տանը նրա պատին էր փակցրած շագրենի կաշին՝ շրջանակի մեջ վերցրած։
Ուսուցիչը նրանից խնդրում է պաշտոն որևէ քոլեջում։ Ռաֆայելը պատահմամբ ասում է․ «Ես սրտանց ուզում եմ․․․․»: Կաշին փոքրանում է։ Նա բղավում է ուսուցչի վրա և հրամայում դուրս վռնդել նրան։
Ռաֆայելը գնում է թատրոն և այնտեղ հանդիպում Պոլինին։ Աղջկա հայրը վերադարձել է ու նրանք հարուստ են։ Պոլինն ու Ռաֆայելը հանդիպում են Գոդենի նախկին հյուրանոցում։ Ռաֆայելը սիրահարվում է նրան։ Աղջիկը խոստովանում է, որ ինքը միշտ սիրել է նրան։ Վերադառնալով տուն՝ որոշում է ազատվել շագրենի կաշվից և այն նետում է ջրհորը։
Փետրվարի սկզբին զույգն ապրում էր միասին։ Մի օր առավոտյան այգեպանը գալիս է տուն և հայտնում է, որ գտել է կաշին։ Այն բավականին փոքրացած է։ Ռաֆայելը զարմացած է։ Նա գնում է բնագետի՝ Լավրիլի մոտ։ Կաշին մեծացնելու փորձերն ապարդյուն են անցնում։ Ռաֆայելը լինում է մեխանիկի՝ Պլանշեի մոտ, ով ճնշման միջոցով փորձում է մեծացնել կաշին։ Փորձը տապալվում է։ Ռաֆայելը գնում է նաև քիմիկոսի մոտ։
Պոլինը Ռաֆայելի մոտ նկատում է հիվանդության նշաններ։ Նա իր ընկերոջը՝ երիտասարդ բժշկին, խնդրում է զննել ամուսնուն։ Կանչված յուրաքանչյուր բժիշկ տալիս է իր ախտորոշումը։ Բայց բոլորն էլ նրան առաջարկում են գնալ մաքուր օդով հարուստ ջրային ավազանով մի որևէ վայր։ Ռաֆայելն ուղևորվում է Էքս։ Հասկանալով, որ մահը մոտ է, նա վերադառնում է Փարիզ, որտեղ շարունակում է թաքնվել Պոլինից, բայց վերջինս գտնում է նրան։ Ռաֆայելը մահանում է։
Վերջաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի վերջաբանն ամբողջությամբ կազմված է երկխոսությունից։
Հարց է տրվում՝ «Իսկ ի՞նչ եղավ Պոլինը»։ Պատասխանը հետևյալն է՝ «Պայծառ մի առավոտ «Անժեր քաղաք» նավով Տուրից մեկնելիս, մի երիտասարդ թևանցուկ էր արել մի կնոջ․․․․ Կարելի էր կարծել, որ դա Անտուան դը լա Բալի պատկերած կնոջ ուրվականն է, որը կամենում է իր երկիրը պաշտպանել ժամանակակից արշավանքներից»։
Հետո հնչում է այլ հարց Ֆեոդորայի ճակատագրի մասին։ Պատասխանը հետևյալն է՝ «․․․․Երեկ նա Իտալական թատրոնում էր, այսօր նա կլինի Օպերայում, նա ամենուր է։ Նա, եթե ուզեք, հասարակությունն է»։
Վեպի հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի հերոսների անուններ | Բնութագիր |
---|---|
Ռաֆայել դը Վալենտեն | Վեպի գլխավոր հերոսը, ով ձեռք է բերում շագրենի կաշին։ Նրա բոլոր ցանկությունները թալիսմանի միջոցով կատարվում են, բայց իր կյանքը փրկել չի կարողանում |
Էմիլ | Ռաֆայելի ընկեր |
Ռաստինյակ | Ռաֆայելի ծանոթներից, Էմիլի ընկերը(այս հերոսը հանդիպում է նաև Բալզակի այլ վեպում՝ «Հայր Գորիո») |
Պոլին | Տիկին Գոդենի դուստրը։ Ռաֆայելի կինը |
Ֆեոդորա | Կոմսուհի, ում սիրահարված էր Ռաֆայելը |
հնավաճառ | շագրենի կաշին Ռաֆայելին տվողը |
Կարդո | իրավաբան, ով Ռաֆայելի բարեկամի կտակը հանձնեց |
Պորիկե | Ռաֆայելի նախկին ուսուցիչը |
Հովնաթան | Ռաֆայելի տան վերակացու |
Ակիլինա | Ռաֆայելին ծանոթ կին |
Եֆրասինա | Ռաֆայելին ծանոթ կին |
Լավրիլ | բնագետ |
Պլանշե | մեխանիկ |
Բարոն Ժաֆե | քիմիկոս |
Օրաս Բայանշոն | բժիշկ |
Կամերիստուս | բժիշկ |
Մոգրեդի | բժիշկ |
Ցանկանալ։ Կարողանալ։ Գիտենալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի սկզբում հնավաճառը Ռաֆայելի հետ քննարկում է մարդկային կյանքի ամենակարևոր գաղտնիքները[7] VOULOIR ("to will"), POUVOIR ("to be able"), and SAVOIR ("to know").[7])[8]: Այն կազմված է 3 բառերից, որը Բալզակը գրում է մեծատառերով՝ VOULOIR(ցանկանալ) POUVOIR(կարողանալ) SAVOIR(գիտենալ)։
Վեպում այս բառերն ունեն փիլիսոփայակն գաղափար[7][8]։ Հնավաճառը Ռաֆայելին ասում է, որ մարդ սպառում է իրեն 2 գործողությամբ, որ մարդ կատարում է բնազդաբար և որոնք հզորացնում են գոյության աղբյուրները։ Մարդուն սպառման հասցնող 2 բառերն են՝ ցանկանալ և կարողանալ։ Ըստ հնեավաճառի, ցանկանալն այրում է մարդուն, կարողանալը՝ կործանում, բայց գիտենալը մարդուն պարգևում է մշտական հանգստություն։ Հնեավաճառը ցույց է տալիս շագրենի կաշին և ասում, որ դա միաժամանակ և՛ ցանկանալն է և՛ կարողանալը։ Նա Ռաֆայելին ասում է՝
Սրա մեջ են ձեր սոցիալական գաղափարները, ձեր ծայրահեղ ցանկությունները, որոնք սպանում են կսկիծները, որոնք ստիպում են ապրել խիստ լարված կյանքով։ |
Վեպում շագրենի կաշին ևս փիլիսոփայական իմաստ ունի։ Այն իր տիրոջ կյանքի սիմվոլն է։ Որքան մարդ շատ է ցանկանում ունենալ մի բան կամ կարողանալ անել որևէ գործողություն, այնքան շատ էներգիա է պահանջվում նրանից, ուստի նրա կյանքը կարճանում է։
Ռաֆայելը միայն իր կյանքի վերջին օրերին է հասկանում իր կյանքի սխալները[9][10]։ Ռաֆայելը ձեռք է բերում շագրենի կաշին, բայց չի կարողանում ճիշտ օգտագործել այն[9][10]։
Հնավաճառը հարց է տալիս Ռաֆայելին՝ արդյո՞ք «իմաստություն բառը չի ծագում իմանալուց»։ Հնավաճառի կողմից հնչում են տարբեր ճարտասանական հարցեր՝ «Տեսնել մի՞թե չի նշանակում գիտենալ։ Իսկ գիտենալ մի՞թե չի նշանակում ներքնապես վայելել, մի՞թե չի նշանակում կյանքի էությունը հայտնաբերել և նրա խորքը թափանցել», «ինչ բան է անմտությունը, եթե ոչ կամեցողության կամ կարողության չափազանցություն»։
Երբ Ռաֆայելը վերցնում է շագրենի կաշին և հայտնում է իր առաջին ցանկությունը, հնավաճառն ասում է․
Վեպը որպես ինքնակենսագրական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալզակն իր «Շագրենի կաշին» վեպի առաջին հատվածում օգտագործել է իր կյանքից վերցրած իրական դրվագներ։ Նա նմանեցրել է իր կենսագրականը վեպի գլխավոր հերոսի՝ Ռաֆայելի կյանքի հետ։ Բալզակը Ռաֆայել Վալենտենի կերպարը կերտում է իր կենսագրության վրա հիմնվելով[11]։
Տարբեր կենսագիրներ և գրաքննադատներ համաձայն են կարծիքին, որ Բալզակը եզրակացություններ է արել իր սեփական փորձի վրա հիմնվելով[12]։
Պատմության այլ մասեր ևս վերցրած են հեղինակի կյանքից․ Բալզակը երբեմն խնջույքների է գնացել մարկիզ դե Լաս Մարիսմասի հետ, ով վեպում համընկնում է այն կերպարին, ով հըուրասիրություն է կազմակերպել և այդ մասին հայտարարություն է տպել թերթում, իսկ Ռաֆայելը հյուրերի ցանկում էր[13]։
Վեպի «Անսիրտ կինը» մասի և Օլիմպ Պելիսիերի միջև գոյություն ունի նմանություն, իսկ քննադատները համաձայնվում են, որ Բալզակի կյանքում որևէ դեր խաղացած կանայք համընկնում են վեպի կին հերոսների հետ[14]։
Որոշ վերլուծողներ գտնում են, որ ինչպես Ռաֆայելն է փորձում գրավել Ֆեոդորայի սիրտը, այնպես էլ իրական կյանքում Բալզակը փորձել է գրավել Օլիմպ Պելիսիերի սիրտը[15]։ Վեպում Պոլինի կերպարը համեմատում են Լաուրա դը Բերնի՝ Բալզակի սիրուհու կերպարի հետ[16]։
Վեպի ընդունելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Գորկին բարձր է գնահատել Բալզակի ստեղծագործության մեջ պատմության զարգացման ըմբռնումը։ Գորկին մի առիթով ասել է՝
Քննադատ Ֆ․ Շառլի կարծիքով «Շագրենի կաշին» վեպում հեղինակը բացել է նոր ժամանակի ֆանտաստիկան։ Վեպն ընդունվել է մեծ հետաքրքրասիրությամբ և հարգանքով։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շագրենի կաշին - ռեժիսոր և սցենարիստ Պավել Ռեզնիկովի հեռուստաներկայացում, 1975[17]
- Շագրենի կաշին - Իգոր Ապասյանի կարճամետրաժ ֆիլմ, 1982[18]
- Շագրենի կաշին - ռեժիսոր Արկադի Աբակումովի ռադիոներկայացում, 2010[19]
- Շագրենի կաշին - բելգիացի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Ալեն Բերլիների գեղարվեստական ֆիլմ, 2010[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.editionsdelondres.com/La-peau-de-chagrin
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Օնորե դը Բալզակ - Երկերի ժողովածու 10 հատորով, «Մարդկային կատակերգություն» , 1-ին հատոր (Հայպետհրատ, Երևան, 1956)
- ↑ Millott, pp. 68–69; Robb, p. 179; Gerson, p. 103; Maurois, p. 175. The exact amount of the fee is disputed: Millott and Robb list 1,125 francs; Maurois lists 1,135; and Gerson writes: "Canel paid him an advance royalty of two thousand francs for the work".
- ↑ Sterne, Laurence. Tristram Shandy. New York: W. W. Norton & Company, 1980. ISBN 0-393-95034-4. p. 426. The image in Balzac's novel is a mirror image of the original.
- ↑ Millott, pp. 69–71.
- ↑ թարգմանությունը հետևյալն է՝ Եթե դու ձեռք բերես ինձ, ձեռք կբերես ամեն ինչ: Բայց քո կյանքը ինձ կպատկանի: Աստծու կամքն է այդ: Ցանկացիր, և քո ցանկությունները կկատարվեն: Բայց քո ցանկությունները համապատասխանեցրու քո կյանքին: Կյանքդ այստեղ է: Յուրաքանչյուր ցանկության ժամանակ ես կպակասեմ, բայց կպակասեն և քո օրերը: Ուզում ես տիրանալ ինձ: Վերցրու: Աստված քեզ կլսի: Ամեն:
- ↑ 7,0 7,1 7,2 Balzac, p. 31.
- ↑ 8,0 8,1 Hunt, pp. 42–43; Robb, p. 178; Bertault, p. 62; Raffini, pp. 217–218; Maurois, p. 174; Pasco, pp. 127–128; Kanes, pp. 66–67.
- ↑ 9,0 9,1 Balzac, p. 250.
- ↑ 10,0 10,1 Balzac, pp. 210–221.
- ↑ Balzac, p. 87.
- ↑ Hunt, p. 40; Bertault, p. viii; Gerson, pp. 29–30; Maurois, p. 178. Gerson writes: "those who saw the garret, his sisters and Dr. Nacquart among them, agreed that he did not exaggerate". On the other hand, Balzac's most recent biographer, Graham Robb, suggests on pp. 54–56 that Balzac exaggerated the place's squalor in order to represent a home worthy of a struggling poet.
- ↑ Robb, p. 182.
- ↑ Robb, p. 182; Maurois, p. 179; Oliver, p. 85; Hunt, p. 46; Pritchett, p. 108. Maurois insists: "[T]hat warm-hearted trollop bore no resemblance to the brilliant, mocking phantom of the story ... Foedora was certainly not Olympe Pélissier."
- ↑ Oliver, p. 85; Gerson, p. 103; Robb, p. 182.
- ↑ Hunt, p. 46; Oliver, p. 85.
- ↑ Պավել Ռեզնիկովի հեռուստաներկայացում
- ↑ Իգոր Ապասյանի կարճամետրաժ ֆիլմ
- ↑ Արկադի Աբակումովի ռադիոներկայացում
- ↑ «Շագրենի կաշին» ֆիլմ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնորե դը Բալզակ - «Երեսնամյա կինը։ Շագրենի կաշին» (Նաիրի հրատարակչություն, թարգմանված է հայերեն, 1992)
- Օնորե դը Բալզակ - Երկերի ժողովածու 10 հատորով, «Մարդկային կատակերգություն» , 1-ին հատոր (Հայպետհրատ, Երևան, 1956)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագրենի կաշին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագրենի կաշին» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |