Նինել Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինել Ոսկանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1923(1923-03-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 3, 2005(2005-11-03) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմատենագետ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային Գրադարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Նինել Ոսկանյան (մարտի 4, 1923(1923-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2005(2005-11-03), Երևան, Հայաստան), հայ գրքագետ, մատենագետ, հասարակական գործիչ։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական գրականության բաժնում։  1949 թվականից գրականություն է դասավանդել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի նորաբաց գրադարանային բաժնում։ 1951 թվականից մինչև 2000 թվականը անընդմեջ «Արտասահմանյան գրականություն»[2], «Գրքի պատմություն» և այլ առարկաներ է դասավանդել նախ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, ապա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինել Ոսկանյանը 1956 թվականից աշխատանքի է անցել Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում (1990 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի ազգային գրադարան), որտեղ ղեկավարել է հայ հնատիպ գրքի մատենագիտության բաժինը։

1988 թվականին Քնարիկ Կորկոտյանի և Անթառամ Սավալյանի հետ  հրատարակել է «Հայ գիրքը 1512-1800 թթ.» ստվարածավալ մատենագիտությունը, որը հայ տպագիր գրքի մասնագետների և հայագետների սեղանի գիրքն է[2]։

Նինել Ոսկանյանը աշխատակցել և մտերիմ հարաբերություններ է ունեցել իր ժամանակի հայոց երևելի գործիչների, արվեստագետների և գրողների հետ՝ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Ալիսիա Կիրակոսյան, Գրիգոր Խանջյան, Արա Բեքարյան, Մորուս Հասրաթյան, Լևոն Հախվերդյան, Ասատուր Մնացականյան, Ռաֆայել Իշխանյան, այլք։

Երկարամյա և բեղմնավոր գործունեության համար արժանացել է տարբեր մեդալների և կոչումների։ Նինել Ոսկանյանը պարգևատրվել է Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, 1974 թվականին արժանացել է «Վաստակավոր գրադարանավար»[3] բարձր կոչմանը, իսկ 1990 թվականին՝ Ն. Կ. Կրուպսկայայի անվան մեդալի[4][5]։

Մատենագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ գիրքը 1512-1800 թվականներին։ Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, խմբագիր՝ Ռ. Ա. Իշխանյան. - Երևան։ Ալ. Մյասնիկյանի անվան ՀՍՍՀ պետական գրադարան, 1988. - 864 էջ, դիմանկար։
  • Հայ գիրքը 1851-1900 թվականներին, Ն. Ոսկանյան, Ա. Մ. Սավալյան, Մ. Սողոմոնյան, Օ. Գյուլումյան, Ա. Սահակյան, Ս. Թադևոսյան, խմբագիր՝ Գ. Վ. Աբգարյան, ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան. - Երևան։ Գիրք, 1999. - 860 էջ, դիմանկար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՆԻՆԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ – 100Հիշողությունների անհրաժեշտ հավելումով(1923-2005)
  2. 2,0 2,1 Ոսկանյան, Նինել; Կորկոտյան, Քնարիկ; Սավալյան, Անթառամ (1988). Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Երևան: Ալ. Մյասնիկյանի անվան ՀՍՍՀ պետական գրադարան. ISBN 99930-65-02-1.
  3. «Քոչար Երվանդ Սիմոնի | Վաստակավոր գրադարանավար Նինել Ոսկանյանի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  4. Սարգսյան, Նարինե; Ավագյան, Անահիտ (2002). «Նինել Ոսկանյանի հետ». Հայկական գրադարան։ Տարեգիրք. - Երևան, 2002, №6, էջ 93-97։.
  5. Ղազարյան, Ռաֆիկ (2023). «Նինել Ոսկանյան-100 (Հիշողություններ անհրաժեշտ հավելումով (1923-2005)». Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի. Վերցված է 17/11/2023-ին.