Նինայի կապտաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինայի կապտաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Polyommatus
Ենթացեղ Agrodiaetus
Տեսակ Նինայի կապտաթիթեռ (P. ninae)
Միջազգային անվանում
Polyommatus ninae

Նինայի կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus ninae), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուների առջևի թևի երկարությունը 15-20 սմ է, թևերն ընդհանուր երկնագույն երանգով են և մետաքսյա փայլով, ջղերի դիստալ ծայրերը՝ սև փոշեծածկով, թևերի ստորին մակերեսն ունի սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագիծ, հետին թևերի դիսկալ պուտը և հետդիսկալ պտերի շարքը լավ են զարգացած[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Վրաստանում, Հյուսիսարևելյան Թուրքիայում։ Հայաստանում հայտնի է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք), Կոտայքի (Գեղարդի վանք` Գողթ գյուղի մոտ), Գեղարքունիքի (Շորժա) և Վայոց ձորի (Վայք քաղաքի շրջակայք, Մարտիրոս, Գնիշիկ գյուղեր) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի հատվածից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են 1300-2300 մ բարձրությունների վրա՝ գիհու նոսրանտառներում, տրագանտներում։

Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի սկզբից մինչև օգոստոսի կեսը։ Թրթուրը զարգանում է Astragalus brachycarpus, Astragalus subrobustus վեգետացիան ավարտած բույսերի տերևների և ծաղկաբույլերի վրա։ Ձմեռում են առաջին հասակի թրթուրները[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը չափավոր բարձր է՝ խիստ տատանումներով տարբեր տարիներին, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինայի կապտաթիթեռ» հոդվածին։