Նիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նիկոլայ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Հովհաննիսյան
Ծնվել է հունիսի 10, 1930(1930-06-10) (88 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն պատմաբան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյան (հունիսի 10, 1930 թվական, Լենինական), հայ պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1968 թվական), պրոֆեսոր (1971 թվական)։ 1952 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 10-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1971 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ։

Նիկոլայ Հովհաննիսյանի ակտիվ ջանքերով 1961 թվականին Հայաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտում հիմնվեց Արաբական երկրների բաժին, որը նա գլխավորեց մինչև XX դարի վերջերը։ 1984 թվականի մայիսից 1995 թվականի փետրվար նա զբաղեցնում էր Արևելագիտության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալի, իսկ 1995 թվականին միաձայն ընտրվում այդ նույն գիտական կարևոր կենտրոնի տնօրենի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 2006 թվականի վերջերը։ Այնուհետև նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական ու Մերձավոր և Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների բաժնի վարիչ։ 2007 թվականից համատեղությամբ զբաղեցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականի պաշտոնը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանի ուսումնասիրությունները վերաբերում են արաբական երկրների, մասնավորապես՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի նորագույն պատմության հանգուցային պրոբլեմներին՝ ազգային-ազատագրական շարժումներին, իմպերիալիզմի գաղութային սիստեմի տապալմանը և արաբական անկախ պետությունների կազմավորմանը, սոցիալ-քաղաքական վերափոխումներին, միջազգային հարաբերություններին։ «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (1967), «Անկախ Սիրիական Հանրապետության ստեղծումը» (1968, ռուս.), «Ազգային-ագատագրական շարժումը Իրաքում» (1976, ռուս.), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1975-1982)» (1982) աշխատություններում Հովհաննիսյանը լուսաբանում է արաբական երկրների հայ համայնքների պատմությունը՝ այդ կապակցությամբ անդրադառնալով նաև հայերի ցեղասպանության հարցերին։ Որոշ աշխատություններ նվիրված են Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությանը, 1915 թ. հայկական եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա քաղաքական և հոգևոր առաջնորդների դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը։ Հովհաննիսյանն ուսումնասիրել է հայերի ցեղասպանության հարցի լուսաբանումը ժամանակակից արաբական պատմագրության մեջ, որը լույս է սփռում եղեռնի պատմության, պատճառների և օսմանյան բռնակալների հայահալած քաղաքականության տարբեր կողմերի վրա։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական պարտիայի պատմության ուրվագծեր»-ի (1967 թվական) ստեղծմանը։ Հովյաննիսյանը արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի Սովետական ընկերության վարչության անդամ է եղել, Հայկական բաժանմունքի նախագահը, «ԽՍՀՄ—Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահ, «ԽՍՀՄ- Լիբանան», «ԽՍՀՄ—ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ։

Պրոֆեսոր Հովհաննիսյանը հեղինակել է ավելի քան 540 գիտական աշխատություն, այդ թվում՝ մոտ 80 մենագրական ուսումնասիրություն և 400 գիտական հոդված։ Նրա մենագրական ուսումնասիրություններից շուրջ 30-ը, իսկ հոդվածներից ավելի քան 100-ը հրատարակվել է արտասահմանյան տարբեր երկրներում՝ արաբերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, ճապոներեն, պարսկերեն, հունգարերեն, թուրքերեն և այլ լեզուներով։ Պրոֆեսորը հեղինակն է արաբական երկրներում՝ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում ազգային-ազատագրական շարժումների ուսումնասիրությանը նվիրված յոթ հատորների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Հալեպում, Բեռլինում, Շտուտգարտում, Կահիրեում և այլուր։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արաբ ժողովրդի ասպնջականությունը, էջեր գրականության և արվեստի, N 5, Բեյրութ, 1965։
  • Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությունն արաբական ժամանակակից պատմագրության գնահատմամբ, ՊԲՀ, N 1, 1987։
  • Հայերի 1915 թ. ցեղասպանության լուսաբանությունը արաբական պատմագրության մեջ, ՊԲՀ, N 1, 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Կարապետյան, «Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի 85֊-ամյակի կապակցությամբ», պատմաբանասիրական հանդես №2 . էջ 268-274. ISSN 0135-0536
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573 CC-BY-SA-icon-80x15.png