Jump to content

Նյու Յորքի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտական ընկերություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1817
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կամավորներ20 000
Կայքnyas.org(անգլ.)

Նյու Յորքի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ New York Academy of Sciences, ի սկզբանե՝ Բնական պատմության լիցեյ), հիմնադրվել է 1817 թվականի հունվարին[1]։ ԱՄՆ ամենահին գիտական ընկերություններից մեկն է[2]։ Անկախ գործող հասարակական կազմակերպությունն ունի ավելի քան 20000 անդամ 100 երկրներում։ Ակադեմիայի առաքելությունն է առաջ մղել գիտական հետազոտություններն ու գիտելիքը, աջակցել գիտական գրագիտությանը, գիտական լուծումներով նպաստել հասարակության գլոբալ մարտահրավերների կարգավորմանը[3]։ Ակադեմիայի ներկայիս նախագահն է Էլիս Ռուբինսթեյնը[4], ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը՝ Նենսի Զիմֆերը[5]։

Նյու Յորքի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1817 թվականի հունվարի 29-ին։ Ի սկզբանե կոչվել է Բնական պատմության լեցեյ[1]։ Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին նախագահն է եղել Սեմյուել Լ. Միթչիլը։ Լիցեյի առաջին հանդիպումը կայացել է ներքին Մանհեթենի Բարքլի փողոցում գտնվող Բժիշկների և վիրաբույժների քոլեջում[1]։ Նախկին լիցեյի հիմնական գործունեությունը կենտրոնացած էր դասախոսությունների, բնական պատմության նմուշների հավաքագրման և գրադարան ստեղծելու վրա[1]։ 1823 թվականին լիցեյը սկսեց հրատարակել «Annals of the Lyceum of Natural History of New York» (այժմ՝ «Annals of the New York Academy of Sciences») իր գիտական հանդեսը։ 1826 թվականին լիցեյն ուներ «սողունների և ձկների ամենահարուստ հավաքածուն երկրում», սակայն 1866 թվականի հրդեհը ոչնչացրել է ամբողջ հավաքածուն[2]։ Հրդեհից հետո ակադեմիան դադարեց նմուշներ հավաքագրել և սկսեց ուշադրությունը կենտրոնացնել հետազոտության, գիտական հրատարակչական և գիտական տեղեկություններ տարածելու վրա։

Սկզբում Նյու Յորքի գիտությունների ակադեմիան գիտական ընկերությունների մեջ առանձնանում էր եզակի անդամակցությամբ։ Դեմոկրատական կառույցը թույլ էր տալիս յուրաքանչյուրի անդամագրվել՝ սկսած ոչ մասնագետներից մինչև պրոֆեսիոնալ գիտնականներ[2]։ Այդ պատճառով է, որ անդամակցության մեջ կան և՛ գիտնականներ, և՛ գործարարներ, և՛ ակադեմիկներ, կառավարության աշխատակիցներ, գիտությամբ հետաքրքրված քաղաքացիներ։ Նշանավոր անդամների շարքում են եղել ԱՄՆ երկու նախագահները՝ Թոմաս Ջեֆերսոնը և Ջեյմս Մոնրոն[1], ինչպես նաև բազմաթիվ հայտնի գիտնականներ, ինչպիսիք են՝ Էյսա Գրեյը[2], Ջոն Ջեյմս Օդյուբոն[2], Ալեքսանդր Բելլը[1], Թոմաս Էդիսոնը[1], Լուի Պաստյորը[1], Չարլզ Դարվինը[1] և Մարգարեթ Միդը[2]։ Մինչև 1877 թվականն ակադեմիա են ընդունվել միայն տղամարդիկ, սակայն 1877 թվականի նոյեմբերի 5-ին, ակադեմիան ընտրել է առաջին կին անդամին՝ Էրմինի Ա. Սմիթին[6]։ Անդամների շարքում էին նաև բազմաթիվ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ[1]։

Ակադեմիայի անդամները էական դեր են խաղացել 1831 թվականին Նյու Յորքի համալսարանի[1] և 1858 թվականին Բնական պատմության ամերիկյան թանգարանի[1] ստեղծման գործում։

Ակադեմիան զգալի ներդրում է ունեցել գիտական հանրության համար, այդ թվում 1876 թվականին հրատարակել է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին առաջին ուսումնասիրությունները[7], 1907-1934 թվականներին անցկացրել է Պուերտո Ռիկոյի գիտական հետազոտությունը[1], 1948 թվականի հուլիսի 21-ին տեղի է ունեցել հակաբիոտիկների վերաբերյալ առաջին համաժողովը[1], 1960 թվականին հրատարակել է ծխելու սրտանոթային հետևանքների առաջին հատորը[8], 1977 թվականին հիմնադրել է «Կանայք գիտության մեջ» կոմիտեն[1], 1983 թվականին տեղի է ունեցել ՁԻԱՀ-ի վերաբերյալ առաջին խոշոր գիտաժողովը[9], 2003 թվականին տեղի է ունեցել համաժողով Սուր անակնկալ շնչառական համախտանիշի վերաբերյալ[10]։

2006 թվականից ակադեմիան տեղակայված է «7 World Trade Center»-ի 40-րդ հարկում։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Annals of the New York Academy of Sciences

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Annals of the New York Academy of Sciences» տպագրվում է 1823 թվականից (առաջին անգամ տպագրվել է որպես «Annals of the Lyceum of Natural History of New York»), շարունակաբար տպագրվող գիտական ամենահին շարքն է ԱՄՆ-ում[11]։

«The Sciences»-ը գիտահանրամատչելի ամսագիր է, որը ակադեմիան տպագրել է 1961-2001 թվականներին[12]։ Այն կամրջել է գիտությունն ու մշակույթը՝ իր պատմության ընթացքում յոթ անգամ արժանանալով «Ամսագրերի ազգային մրցանակների»[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Baatz, Simon (1990). «Knowledge, Culture and Science in the Metropolis: The New York Academy of Sciences, 1817–1970». Annals of the New York Academy of Sciences. 584.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «The New York Academy of Sciences and the American Intellectual Tradition: An Historical Overview». Transactions of the New York Academy of Sciences (1): 3–13. 1975 թ․ դեկտեմբեր. doi:10.1111/j.2164-0947.1975.tb03035.x.
  3. «Mission & History». The New York Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  4. «Who We Are». The New York Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  5. «Board of Governors». The New York Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  6. Fairchild, Herman Le Roy (1887). A History of the New York Academy of Sciences, Formerly the Lyceum of Natural History. New York Academy of Sciences. էջ 133. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. Garfield, Eugene (1993 թ․ դեկտեմբերի 6). «A Tribute to the New York Academy of Sciences: Denis Cullinan on Its History, Future, and Classic Papers» (PDF). Current Comments. Number 49: 398–407. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Cardiovascular Effects of Nicotine and Smoking». Annals of the New York Academy of Sciences. 90: 5–344. 1960 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  9. Schmeck, Harold (1983 թ․ նոյեմբերի 20). «New Theory Given for the Cause of AIDS». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «SARS in the Context of Emerging Infectious Threats» (PDF). Columbia University. 2003 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Overview, Annals of the New York Academy of Sciences». Wiley Online Library. Wiley. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «The Sciences». The New York Academy of Sciences. The New York Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «National Magazine Award Winners 1966-2015». American Society of Magazine Editors. American Society of Magazine Editors. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի գիտությունների ակադեմիա» հոդվածին։